ՍԱՏՄ-ն արդարանում է եւ հերքում, գործարարները զարմանում են ՍԱՏՄ ստերի վրա

ՍԱՏՄ-ն արդարանում է եւ հերքում, գործարարները զարմանում են ՍԱՏՄ ստերի վրա

Սննդի անվտանգության տեսչական մարմինը արդեն երկրորդ անգամ է պատասխանում «Հրապարակին»։ Առիթը՝ «Թունաքիմիկատ ներմուծողների հանդեպ խոչընդոտներ են սահմանում․ ո՞վ է մրցակիցներին հեռացնում»

այսօրվա մեր հոդվածն է, որտեղ ներկայացրել էինք թունաքիմիկատ ներմուծող 12 ընկերությունների անելանելի վիճակը, որոնք բախվել են ՍԱՏՄ-ի հարուցած խոչընդոտներին։ Գործարարները, որոնք տասնյակ տարիներով ՍԱՏՄ-ից դրական եզրակացություն էին ստանում ու պեստիցիդներ պարունակող ագրոքիմիկատներ բերում, կանգնել են խնդրի առաջ․ ՍԱՏՄ պետը նոր փաստաթղթի ձև է հաստատել, որով ներմուծողները պետք է նշեն, թե որ ընկերությունն է արտադրել ներկրվող ապրանքատեսակները։ ՍԱՏՄ-ն ժողով է հրավիրել, ծանոթացրել է ներմուծողներին իրենց նոր հրամանին, խոստացել է, որ ճանապարհին գտնվող բեռները կմաքսազերծվեն նախկին կարգով, նոր կարգը կգործի հաջորդ խմբաքանակների վրա, սակայն դրժել է խոստումը։

Պարզել էինք, որ նոր հրամանի նախապատրաստումը համակարգել է վարչապետի խորհրդական, նախկին պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, որը նախկինում զբաղվել է թունաքիմիկատների ներմուծմամբ, իսկ հիմա բազմաթիվ ընկերներ ունի՝ դրանով զբաղվող։

ՍԱՏՄ-ից պատասխպանում են, որ հոդվածում անճշտություններ կան, իսկ որոշ դեպքերում՝ այն չի համապատասխանում իրականությանը։ Մեր «սխալն» այն է, որ ՍԱՏՄ պետը նշված թեմայով ժողով չի հրավիրել,այն կազմակերպել է ՍԱՏՄ պետի տեղակալը։ «Որևէ խոստում չի տրվել: Տնտեսավարողներին մանրամասն բացատրվել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանվել են Հայաստանում։ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով նոր պահանջ չի սահմանվել, իսկ 426-Ա հրամանի չգործելու վերաբերյալ խոսք չկա. այն գործում է և տեղադրված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Ինչպես իրենք են խոստովանում (հենց դա էլ գրված է հոդվածում), գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք,ինչը, արդեն նշել ենք, անթույլատրելի է», - նշված է պատասխանում:

ՍԱՏՄ-ի պատասխանը վերահասցեագրեցինք ներմուծողներին, որոնք այսօր արդեն դիմել են իրենց խնդրով վարչապետի գրասենյակ։ Նրանց անչափ զարմացրեց ՍԱՏՄ պատասխանը։ Նրանք ասացին, որ խոստում եղել է, պարզապես վերապահումով՝ հնարավորության դեպքում ճանապարհին եղած բեռները կմաքսազերծվեն։ Գործարարներին զարմացրեց ՍԱՏՄ-ի պնդումների հատկապես այն հատվածը, որ իրենց, փաստորեն, ոչ թե նոր հրամանին են ծանոթացրել, այլ բացատրել են օրենսդրությունը։

«Այդ դեպքում նախկինում մենք ո՞նց ենք ներմուծել նույն ապրանքը։ Հենց իրենց դրական եզրակացությունները կցված են մեր փաստաթղթերին։ Եթե օրենք չի փոփոխվել, նոր սյունակը փաստաթղթում ինչո՞ւ է ավելացել։ 30 տարի մենք ապրանք ենք ներմուծել, հիմա կանչում, ասում են՝ երեկ որոշում ենք ընդունել, որ սրանից հետո էլ այդպես չպետք է բերեք։ Մեր ապրանքն արդեն նավի վրա է, ոչ հետ ուղարկել է լինում, ոչ առաջ բերել։ Չգիտենք, ինչ անենք։ Ասում ենք՝ գրանցեք, ասում ենք՝ չի լինի գրանցել, գրանցումը խստացել է, ասում ենք՝ հին կարգով տվեք եզրակացությունը, մենք սա անցկացնենք, տեղում վաճառենք ու այլևս չենք զբաղվի ներմուծմամբ։ Մի բան, որ ռիսկային է, չենք ուզում էլ դրա մեջ գումար դնել», - ասաց գործարարներից մեկը։ Մյուսն էլ նշեց, որ մարդիկ կան, որոնց բեռները դեռ դեկտեմբերից կանգնած են մաքսային պահեստում եւ դրա համար այդ բեռի արժեքից ավելի շատ գումար են արդեն ծախսել։ Իսկ ՍԱՏՄ-ն անամոթաբար հերքում է այս ամենը։