ԱԳՆ-ն՝ նորացման շեմին

ԱԳՆ-ն՝ նորացման շեմին

Գլխատված ԱԳՆ-ն հարության նշաններ է ցույց տալիս։ Ջրերը զուլալվում են։ Ինչպես շատ ուղղություններում, արտաքին քաղաքական ճակատում նույնպես դրական միտումներն անմիջականորեն կապված են 2018-ին իրենց իսկ հռչակած հռետորաբանությունից ու գործելակերպից հրաժարվելու հետ։ 

Այսօր արդեն իշխանությունն անդառնալիորեն մոռացության է տվել «պրոֆեսիոնալների» եւ «ոչ պրոֆեսիոնալների» միմյանց հակադրման թեզերը, դադարեցրել իշխանության այլ օղակներից կամ իշխանամերձ շրջանակներից քաղաքական նպատակահարմարությամբ նշանակված դեսպանների քարկոծումը։ Ում որ պետք էր՝ դուրս շպրտեցին համակարգից, ում պետք էր՝ պահեցին։ Հիշում եք, 2018-19-ին, կադրային քաղաքականության նոր կուրսի համաձայն, հեռացվեցին 10-ից ավելի դեսպաններ։ Եվ որպեսզի այդ «զտումը» քաղաքական հետապնդման տպավորություն չթողներ, այն ուղեկցվեց քարոզչական աջակցությամբ, որի հիմնավորումը հետեւյալն էր՝ դեսպանի բարձր պաշտոնին պետք է նշանակվեն միայն «պրոֆեսիոնալ» (կադրային) դիվանագետներ։ 

Սակայն պատերազմն արտգործնախարարությունում նույնպես իր ուղղումները մտցրեց։ Իր նման սուսիկ-փուսիկ՝ պաշտոնանկ արվեց ձախողված նախարար Զոհրաբ Մնացականյանը, որին միայն հաշվենկատ լռակյացությունն է զերծ պահում հասարակական պարսավանքից։ Չէ՞ որ, երբ Փաշինյանն ասում էր՝ եթե ես եմ գլխավոր պատասխանատուն, բայց գլխավոր (ու միակ) մեղավորը չեմ, նկատի ուներ նաեւ ԱԳՆ 50+ կանանց սիրելի «մեր Զորիկին»։ 

Ցավոք, հաջորդ ԱԳ նախարար Արա Այվազյանը, խորտակվող նավից ինչ-որ բան փրկելուն հետամուտ իր գործերում, բախվեց վտանգավոր քաղաքական պատասխանատվություն հանձն առնելու պարտադրանքին եւ հեռացավ։ Այժմ, կրկնվեմ, ջրերը զուլալվելու ժամանակն է։ Ոչ պրոֆեսիոնալ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ԱԳՆ գլուխ է անցել ՔՊ-ական ոչ պրոֆեսիոնալ Արմեն Գրիգորյանը, իր նշանակմանն է սպասում ՔՊ-ական մի այլ ոչ պրոֆեսիոնալ՝ Մխիթար Հայրապետյանը։ Գուցե նաեւ փոխվարչապետի նախկին խորհրդական Մանե Ադամյանը գնա ԱԳՆ։ Շարվեշարան պաշտոնանկ արվեցին ավելի քան քառորդ դար դիվանագիտական ծառայության մեջ աչքի ընկած փոխնախարարներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։ 

Լա՞վ է այս ամենը, թե՞ ոչ․ թույլ տվեք շրջանցել այս հարցը եւ պնդել՝ սա շանս է։ ԱԳՆ անշարժ մարմինը հարության հնարավորություն է ստացել։ Նոր մարդիկ թող բերեն նոր լուծումներ։ Ինչպես բոլոր պետական մարմինները, ԱԳՆ-ն նույնպես պետք է արագորեն վերակառուցվի, հրաժարվի անբանությունն արդարացնող, նախաձեռնությունը բնում խեղդող հոռի կենսափիլիսոփայությունից, թե՝ «այսպես եղել է 30 տարի, այսպես էլ պետք է շարունակել»։