Ինչի է պատրաստ գյումրեցին՝ հանուն աշխատանքի

Ինչի է պատրաստ գյումրեցին՝ հանուն աշխատանքի
լուսանկարը՝ «Երկխոսության մեդիա կենտրոն»-ի

Արտակարգ դրությամբ պայմանավորված նոր իրավիճակ է, եւ աշխատանքային փոխհարաբերությունների թելադրվող նոր պայմաններ։ Փոխվեց աշխատանքային գրաֆիկը, վարձավճարը, պայմաններն ու նույնիսկ աշխատանքի վայրը։ Առանց այն էլ խնդիրներով ու խախտումներով հարուստ աշխատանքային իրավահարաբերությունները դարձան ավելի խոցելի, իսկ քաղաքացիներն ավելի անպաշտպան։ Եթե պետական ոլորտը կարողացավ պահպանել աշխատատեղերը, ապա մասնավոր ոլորտում հարցերը ավելի շատ էին ու բազմաշերտ. աշխատանքային պայմանագրեր, օրավարձով վճարվողներ, աշխատանքից անհիմն ազատումներ, աշխատավարձի հետպահումներ կամ մասնակի վճարումներ։ Գործազրկության ցուցանիշներով առաջատար Շիրակի մարզում նոր իրավիճակը դարձավ ևս մեկ հնարավորություն խախտելու աշխատանքային իրավունքները։ Գործատուները համավարակի բերած տնտեսական ծանր հետևանքների քողի տակ սկսեցին արդարանալ, իսկ աշխատողները՝ ելքեր որոնել։

Աշխատանքային ի՞նչ իրավունքներ են խախտվել կորոնավիրուսի հետևանքով առաջացած պայմաններում, ինչքանո՞վ են գյումրեցիները քաջատեղյակ ու հետևողական իրենց իրավունքներին: Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում հենց այս խնդիրները քննարկվեցին: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան Գայանե Գևորգյանը  թվարկում է  մարզի բնակիչների կողմից  այս ամիսների ընթացքում իրենց ներկայացրած բողոքները: Փաստաբանի խոսքերով՝ հատկապես խախտվել են կրթական, առողջապահական, տրանսպորտային ոլորտների աշխատողների իրավունքներ: Գայանե Գևորգյանը  պատմում է  մի դեպք, երբ կրթության ոլորտի աշխատողը արձակուրդի շրջանում երկրից դուրս է եկել եւ համավարակի ու սահմանը փակվելու  պատճառով  ժամանակին չի հասցրել վերադառնալ, գործատուն նրան աշխատանքից ազատել է:

Քաղաքացին գտնվելով Եվրոպայում ՝ հեռավար դասեր անցկացնելու, նյութերին տիրապետելու հնարավորություն նույնպես չի ունեցել: Ակնառու դեպքերից մեկն էլ առողջապահական ոլորտի ծանրաբեռնվածությունն է եղել, իսկ  աշխատողներից մեկն էլ  14-օրյա ինքնամեկուսացման  համար այդպես էլ չի վարձատրվել: Փաստաբանը նկատում է, որ այս դեպքում դա  օրենսդրական  խնդիր է նաև: Շիրակի մարզում  խախտվել են նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտի աշխատողներից շատերի իրավունքները: Այն անձիք, ովքեր փորձաշրջան են անցել  կարի ֆաբրիկաներում, նույնպես չեն վարձատրվել: Գործատուն պատճառաբանել է, թե փորձաշրջանը չի վարձատրվում, մինչդեռ օրենսդրությամբ այլ բան է ամրագրված: Եւ  վերջում, մարզոււմ ամենից շատը չգրանցված աշխատողների խնդիրներն են: «Միայն գործատուին միակողմանի մեղադրելը ճիշտ չէ, քանի որ աշխատողներին էլ շատ հաճախ ձեռնտու է չգրանցվելը՝  ընտանեկան նպաստ եւ այլ համակարգից օգտվելու համար: Իհարկե, այստեղ էլ նրանց է հասկանալի, քանի որ նվազագույն աշխատավարձը ապրելու համար բավարար չէ: Կային նաև դեպքեր, երբ աշխատողներըը գրանցված էին, բայց պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունից չկարողացան օգտվել, քանի որ, ի զարմանս բոլորիս, նրանց տվյալները հարկայինում բացակայում էին»,-ասում է Գայանե Գևորգյանը:

Ի վերջո, աշխատողների իրավունքները  պաշտպանող առաջնահերթ օղակը արհմիությունն է, որի գործունեության  նկատմամբ վստահությունն այնքան էլ մեծ չէ: Չնայած հասարակության շրջանում ընդունված կարծիքին՝ թե Արհմիությունները ձևական բնույթ են կրում, եւ հազվադեպ է պատահում, որ կառույցը պաշտպանի աշխատողի շահը, Գյումրիի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Հարություն Թադևոսյանը վստահեցնում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, Արհմիությունը հզոր կառույց է: Այլ հարց է, երբ աշխատողների շրջանում առկա են   իրավունքների  չիմացության եւ աշխատանքը կորցնելու  մտավախության  խնդիրները: «Իրավունքների  չիմացություն, եւ փնտրում ենք մեղավորներ: Մարդը կնքում է պայմանագիր, բայց չի կարդում, թե այնտեղ ինչ է գրված: 1-2 ամսից ինչ-որ կոնֆլիկտներ են առաջանում, պայմանագրում  նշված է, բայց….: Ավելին, պիտի ասեմ, որ գործատուն արհեստակցական կազմակերպությունների  հետ ընդհանրապես կապ չունի, նույնիսկ խորհրդի անդամ լինելու իրավունք չունի», -նշում է միության նախագահը:

Իրավաբան Հերմինե Հովհաննիսյան էլ նկատում է, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում քաղաքացին պատրաստ է իր իրավունքների որոշակի ոտնահարումներով, թեկուզ ցածր աշխատավարձով աշխատել, միայն թե աշխատանքը  չկորցնի: