Եթե մի օր որոշում ես ուղղակի չգնալ աշխատանքի, դա գործադուլ չէ` անհարկի բացակայություն է

Եթե մի օր որոշում ես ուղղակի չգնալ աշխատանքի, դա գործադուլ չէ` անհարկի բացակայություն է

«Հրապարակի» զրուցակիցը «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էլեն Մանասերյանն է:

- Վերջին շրջանում աշխատանքային վեճերն առավել տեսանելի են դարձել, օրինակ` վերջերս հանրային տրանսպորտի վարորդներն էին գործադուլ իրականացնում, սակայն նշվեց, որ այն գործադուլ չէ, քանի որ 14 օր առաջ չի տեղեկացվել գործադուլի մասին, իսկ օրենքը պահանջում է դա: Հիմա ԶՊՄԿ-ն է գործադուլի մեջ: Ի՞նչ կասեք, ինչո՞ւ են նման խնդիրներն այսքան շատացել:

- Վերջին շրջանում դրանք չեն ավելացել, միշտ էլ եղել են նման դեպքեր, պարզապես վերջին շրջանում լրագրողների, ինչպես նաև հասարակության հետաքրքրությունն է այդ թեմաների մասով մեծացել, բայց իրականում միշտ էլ նման դեպքեր եղել են:

- Առաջ վարորդներն, օրինակ, գործադուլ իրականացնո՞ւմ էին:

- Դե հիմա հետաքրքրությունը տեսանելի է դարձել, պարզ է, որ եթե վարորդները գործադուլ են անում, հասարակության համար այն միանգամից դառնում է տեսանելի, քանի որ կանգառում չկա ավտոբուս: Բայց եթե վարորդների մասին ենք խոսում, նրանք անգամ չունեն արհմիություն, ուստի չի կարող լինել սոցիալական գործընկերություն: Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ին, ապա անդրադառնալով դրան պետք է ասենք, որ խնդիրը մի փոքր այլ է, և խոսքը միայն աշխատանքային իրավահարաբերությունների մասին չէ:

- Իսկ ինչի՞ հետ է կապված:

- Ընդհանուր առմամբ դժգոհություն է եղել, սակայն այն բոլոր սոցիալական առավելությունները, որ ունեն ԶՊՄԿ-ում, կարծում եմ Հայաստանում չկա որևէ այլ կազմակերպություն, որ նման արտոնություններ ունենա, բայց աշխատողներին չի բավարարում, դժգոհում են պայմաններից ու աշխատավարձերից, բայց եթե վիճակագրական մոնիթորինգ իրականացնենք, ապա կտեսնենք, որ մի քանի անգամ այնտեղ աշխատավարձը ավելի բարձր է, քան ցանկացած այլ կառույցում: Բայց մարդիկ պահանջում են, բնական է, ուղղակի պետք է այն իրավական դաշտ բերել: Այնտեղի աշխատողները սննդից սկսած մի շարք սոցիալական արտոնություններից են օգտվում, մինչև` բուժում, հանգիստ: Անգամ աշխատակիցների ընտանիքի անդամներն են օգտվում այդ արտոնություններից: Կան որոշ բացեր, որոնք լրացնելու վրա աշխատում են….

- Եթե աշխատողը դժգոհ է, նշանակում է խախտվում են նրա իրավունքները: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ այս առումով տեղաշարժ չկա մեր երկրում:

- Աշխատողի իրավունքը առաջին հերթին պետք է կարևորի հենց ինքը` աշխատողը: Բոլոր այն դեպքերում, երբ աշխատողը հաշտվում է իր իրավունքների ոտնահարման դեպքերի հետ, դրանք շարունակվելու են խախտվել: Աշխատողները պետք է հետամուտ լինեն իրենց իրավունքներին, ես սա ասում եմ ընդհանուր: Նորմալ է, երբ աշխատողը բարձրաձայնում է իր խախտված իրավունքների մասին:

- Ամենաշատը ո՞ր ոլորտներում են խախտվում աշխատողի իրավունքները:

- Ամենաշատը խախտվում են սպասարկման ոլորտի աշխատողների իրավունքները, համատարած աշխատողների իրավունքների խախտումներ կան, սակայն աշխատողները լռում են, ոչինչ չեն խոսում այդ մասին:

- Ի՞նչ խախտումներ են:

- Աշխատաժամերի, աշխատավարձերի, պայմանների առումով, ամեն ինչի:

- Բայց երբ աշխատողը փորձում է պայքարել, գործատուն սպառնում է` ինչպես եղավ հենց վարորդների պարագայում: Այս առումով` ի՞նչ անել:

- Որովհետև ցանկացած պարագայում ամեն բան պետք է արվի օրենքի շրջանակներում: Օրենքը լավն է, թե վատն է, մեր այսօրվա Աշխատանքային օրենսգիրըք դա է: Երբ վարորդները միանգամից արթնանում են և որոշում են գործադուլ անել, դա նորմալ չէ: Նորմալ չէ ամբողջ աշխարհում: Կան ընթացակարգեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Եթե այսօր որոշում ես ուղղակի չգնալ աշխատանքի, դա գործադուլ չէ, անհարկի բացակայություն է: Պետք է նախապես կազմակերպել:

- Գուցե այդ օրենքները աշխատողի օգտին չե՞ն:

- Ողջ աշխարհում այդպես է: Հատկապես հասարակությանը սպասարկող կառույցները պետք է 14 օր շուտ տեղեկացնեն գործադուլի մասին, մյուս դեպքերում` 7 օր շուտ: Քաղաքապետարանը պետք է այնպիսի իրավիճակ ստեղծեր, որ քաղաքացիները նման խնդրի առաջ չկանգնեին: