Գլխավոր հատակագիծը շինությունների քանդում թելադրող փաստաթուղթ չէ, այն ամրագրում է իրավիճակը
Երեւանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, որի մշակումը, ասում են` տեւել է շուրջ 8 ամիս։ Երևանի ավագանին ընդունեց այն 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Գլխավոր հատակագիծը հաստատելու մասին որոշման նախագիծը Երեւանի ավագանուն ներկայացրեց «Երեւաննախագծի» ՓԲԸ ընկերության ժ/պ Անդրանիկ Սեդոյանը։ Նա հայտարարեց, թե գեներացրել են մի փաստաթուղթ, որը թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք ունի Երևանը, բայց կարգավորում է հարցեր, որոնք առնչվում են երևանցիներին և Երևանի շահերին: Անգամ ՔՊ-ականներն ընդունեցին, որ նախագիծն իրականում թերի է, իսկ ավագանու ընդդիմադիր անդամները պնդեցին, որ այն ի վնաս երեւանցու է։
Հանրային լայն շրջանակները պնդում են՝ Երեւանում տրված ապօրինի շինթույլտվությունները, կառույցներն այս հատակագծով օրինականացվում են։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ գլխավոր հատակագիծը մշակելիս կադաստրային քարտեզները գլխավոր հատակագծի հետ չի համադրվել, աշխատանքային խմբի ղեկավարն ունեցել է քաղաքաշինական նախագծման զրո փորձ, բայց մեծ աշխատանք է իրականացրել։ «Պետք է գլխավոր պլան լիներ, որին նայելով, օրինակ, քաղաքացին կարող էր հասկանալ, թե որ հողն ինչ կարգավիճակ ունի։ Ակներև է, որ գլխավոր հատակագիծը չի ապահովել նախագծային առաջադրանքի 3-րդ կետով սահմանված պահանջների իրականացումը, դա հարկայնության սահմանման կանոնակարգումն էր, քաղաքի կենտրոնի բեռնաթափումը: Փոխարենը, գլխավոր հատակագծի շեղումներն ու խախտումներն ամրագրվել են հենակետային նախագծում, փաստացի օրինականացնելով ապօրինությունները։ Իրականացվել է ռազմավարական էկոլոգիայի խայտառակ գնահատում»,-հայտարարեց Մանուկյանը։
«
Երեւաննախագիծ» ՓԲԸ ընկերության ժ/պ Անդրանիկ Սեդոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց արդյո՞ք նոր հատակագիծը հաստատելուց հետո ապօրինի շենքերը, շենքերի գլխին կառուցված ապօրինի կցակառույցները քանդվելու են, սնկի պես ամեն անկյունում «աճող» շենքերի շինարարությունը կասեցվելու է։- Գլխավոր հատակագիծը կառուցված շինությունների քանդում թելադրող փաստաթուղթ չէ, այն ամրագրում է իրավիճակը։ Հետեւաբար գլխավոր հատակագծի հիմքով, եթե կլինեն շինություններ, որոնք ընդգրկված կլինեն ընդհանուր օգտագործման հողամասերում, գործող կարգի համաձայն հնարավոր չեն լինի օրինականացման։ Փոփոխություն եղավ ինքնակամ շինությունների օրինականացման կարգում, եւ ինչ-որ մի էտապից տնտեսվարողները պարտավորություն ունեցան գույքագրել իրենց շինությունները, հաշվառել կադաստրում։
-Ես չեմ հարցնում ինքնակամ շինությունների մասին, որ պայմանական Պողոսը մի փոքրիկ կրպակ է կառուցել իր սեփական հողի վրա։ Հարցնում եմ՝ քանդվելո՞ւ են այն հսկայական շենքերը, որոնք կառուցվել են ապօրինի եղանակով, չեն պահպանվել սահմանված նորմերը, շենքը կառուցել են մայթերի հաշվին, կանաչ գոտի հանդիսացող տարածքներում եւ այն։ Ուսումնասիրություն արվե՞լ է այդ մասով, եւ կոնկրետ օրինակով ասեք՝ կա՞ որեւէ հասցեում գտնվող տարածք, որը ենթակա է քանդման։
-Ոչ, գլխավոր հատակագիծը նման գործողություն թելադրող փաստաթուղթ չէ։ Ի վերջո, այստեղ կան իրավունքներ, արդյո՞ք գրանցված շինությունն ունի իրավունքներ, եթե այո, ապա դրա հետ կապված գործունեությունը, եթե անհրաժեշտ լինի քաղաքային ինչ-որ մի ծրագրի համար ապամոնտաժել, ապա բացառապես հանրային գերակա շահի ճանաչման դեպքում, որն այլ ընթացակարգ է թելադրում։
- Երեւանի այսօրվա պատկերը Ձեզ դուր գալի՞ս է։
- Երեւանի այսօրվա պատկեր ասվածը բովանդակային եւ հարաբերական հասկացողություն է։ Ես կարծում եմ, որ քաղաքապետարանը գործուն քայլեր է անում ՝ Երեւանի արտաքին տեսքը վերականգնելու համար, մասնավորապես՝ արտաքին գովազդի մասով։ Բավականին դրական է քաղաքի վիճակը` գովազդի մասով։
- Այսինքն՝ Դուք միայն արտաքին գովազդի մե՞ջ եք տեսնում Երեւանի խնդիրները։
- Շ
ենքերի արտաքին տեսքն էլ է խնդիր, օրինակ, օդորակման համակարգերը, որ փակցնում են, տարբեր տեսակի հաղորդալարերը։- Իսկ, երբ հորդառատ անձրեւից Երեւանը հեղեղվում է անձրեւաջրով, քանի որ չկան դիտահորեր, կամ` կան, բայց չեն մաքրվում, նավակներ ու կռաններ են բերում, որ փրկեն քաղաքացիներին ջրհեղեղից, մի գետնանցումը վերանորոգում են 3 անգամ, խնդիր չէ՞։
- Ավարտենք էլի։ Հեղեղների մասով, քաղաքապետի հանձնարարականով քննարկվում է մատակարարների հետ։ Խնդիրը նրանում է կայանում, որ մատակարար կազմակերպությունները հանձն են առել քաղաքի ցանցի սպասարկումն ու վարձակալությունը, սակայն ներդրումային ծրագրեր չունեն նախատեսած, չի իրականացվում։ Ձեր հարցերը իմ գործառույթից դուրս են։
- Երբ որպես քաղաքացի քայլում եք Սարյան փողոցով, չե՞ք նկատում, որ քայլելու տեղ չկա, ռեստորանները զավթել են հետիոտնային մայթերն ու սեղաններ դրել։
- Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Սարյանը Երեւանի այն կոլորիտային փողոցներից մեկն է դարձել, որ եթե 10 քաղաքացիներից 5-ին հարցնեք, ապա առնվազն կեսը կասեն, որ Սարյան փողոցի այսօրվա կոլորիտը միանշանակ դրական է։ Ինձ դուր է գալիս Սարյան փողոցը, այսօրվա իրավիճակը շատ հետաքրքիր է։
Կարծիքներ