Ապրել Նարեկացիով

Ապրել Նարեկացիով

Եվ թէպէտ վախճան ընկալայց իբր զմահացու, 
Այլ յարակայութեամբ բանի այսր սոփերի
Գրեցա՛յց կենդանի:


«Հրապարակ» օրաթերթում Կարպիս Փաշոյանի հոդվածը («Հաղթել Նարեկացուն»), հուսով եմ՝ նույնիսկ անուղղակի կապ չունի հայ արվեստի, հայ մշակութային ժառանգության դեմ ծավալված «ծրագրային» նորօրյա արշավի հետ, որքան էլ հոդվածի վերնագիրը հուշում է այդ կապի մասին: Իսկ հուշում է, որովհետեւ ԿԳՄՍ կոչվող նախարարությունն իր արբանյակ կառույցներով ու կայքերով, բան ու գործ թողած, տեւական ժամանակ ամեն ինչ անում է, որ… «հաղթի» Նարեկացուն: «Հաղթի» Խորենացուն, Եղիշեին, Սայաթ-Նովային, Թումանյանին: Ընդսմին` այդ նախարարության համար հաղթել նշանակում է` մոռացության դատապարտել, ուրանալ տալ… Հաղթանակի այդ տեսակն ամենավտանգավորն է, քանզի ազատախոհության քողի տակ անդրազգային աղբյուրներից սնվող որոշակի ուժեր զբաղված են ազգային ինքնության եւ դրա երաշխավոր` ազգային արժեքների յուրաքանչյուր ջատագովություն իբրեւ հետադիմության արտահայտություն ներկայացնելու գործով, իսկ ահա յուրաքանչյուր ընդվզում հնի դեմ կամ հնի բացառում համարում են առաջադիմության ու նոր մտածողության վկայություն: Բայց Կ. Փաշոյանի հոդվածում ինձ այլ բան է հետաքրքրում:

Ճիշտ է, այդ «այլ բանին» ես դժվարանում եմ որոշակի անուն տալ, բայց կանխազգում եմ, որ հեղինակի կողմից կարեւոր մի բան մանիպուլացվում է: Նա գրում է. «Մենք դեռեւս չենք կարողացել հաղթել անցյալի մեր կուռքերին, ավելին` դրանք շարունակում են տիրապետող դիրքեր զբաղեցնել մեր գիտակցության մեջ, ինչի հետեւանքով ամեն մի նորն ընդունվում է սվիններով: Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, բոլորը միասին պետք է ջախջախիչ պարտություն կրեն, որ ստեղծվի նորը: Սա անխուսափելի պարտություն է, եւ ոչ թե անցյալի հսկաներին նսեմացնելու համար, այլ ինքներս մեզ որպես հավաքականություն վերարժեւորելու գոյաբանական անհրաժեշտությամբ պայմանավորված»: Ամբողջ այս ամպագոռգոռությամբ, ըստ իս, մանիպուլացվում է անցյալի վրա հառնած պատմական հայացքը, որով հեղինակը փորձում է քննել երկու տարբեր բնագավառների` գիտության ու արվեստի զարգացման խնդիրները:

Դա մանիպուլյատիվ քննություն է, որովհետեւ հեղինակն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ խառնում է բոլորովին տարբեր բաներ. նա գիտի, որ չի կարելի գիտության զարգացման օրինաչափությունները եւ տրամաբանությունը պարզորեն պրոյեկտել արվեստի վրա: Հեղինակը «մոռանում» է, որ, ի տարբերություն գիտության, արվեստի զարգացումն ամենեւին էլ վերընթաց չէ: Եթե Արիստոտելի գիտական հայացքը Նյուտոնի կողմից մերժվել էր որպես հնացած` հիմք դնելով գիտական նոր, ավելի առաջադիմական հայացքի, ապա դա չի նշանակում, թե նույնն է նաեւ արվեստի բնագավառում: Հաստատ իմ գործընկեր հեղինակը չի պնդի, որ, դիցուք, Շեքսպիրին ժամանակագրորեն հաջորդել են ավելի «հաղթական» դրամատուրգներ  (նա կարո՞ղ է տալ հետշեքսպիրյան 400-ամյա ժամանակաշրջանի գեթ մեկ «հաղթած» անգլիացի (կամ ուրիշ) դրամատուրգի անուն): Համաշխարհային գրականությանը Դոստոեւսկի, Տոլստոյ ու Չեխով նվիրած ռուս գրականությունն արդյո՞ք հետո «հաղթել» է այս մեծերին` ավելի մեծ անուններ տալու իմաստով: Սոֆոկլեսն ու Էվրիպիդեսը (այս օրինակն էլ` հունական դասական արվեստից) արդեն երկու հազար հինգ հարյուր տարի է` չեն «հաղթվում», քանզի գոնե ազգային մշակույթի տիրույթում (իսկ Փաշոյանը հենց այդ տիրույթում է քննում մշակույթի զարգացումը) հունական դրամատուրգիան ավելի մեծ անուններ չի արձանագրել: 

Արվեստի զարգացումը յուրահատուկ, գիտական օրինաչափություններ ու նույնիսկ տրամաբանություն մերժող, երբեմն նույնիսկ հակընդդեմ ընթացք է, որը կարող է հունից դուրս ընկնել այնքան, որ արվեստ հռչակվի… հակարվեստը: (Գիտության բնագավառում, որքան գիտեմ, տգիտությունը երբեք չի «փոխարինել» նրան): Իմ ընկալմամբ ու համոզմամբ, օրինակ` Կ. Մալեւիչի «Սեւ քառակուսին» ամենեւին էլ գլուխգործոց չէ, այլ կերպարվեստում նոր գլուխգործոցներ ստեղծելու անհնարինության ճիչ (այդպես նաեւ` Էդ. Մունկի «Ճիչը»): Այսինքն` մարդկությունը չի «հաղթել» Ռաֆայելին, Լեոնարդո դա Վինչիին, Միքելանջելոյին. մարդկությունը դրա կարիքը պարզապես չունի: Մարդկությունը երկու հարյուր տարի անց էլ չի «հաղթել» Բախին, Մոցարտին, Բեթհովենին. մարդկությունը դրա կարիքը չունի:

Ուրեմն՝ մե՛նք ինչու պիտի սեւեռվենք անցյալի արժեքները «հաղթելու» կեղծ գաղափարի վրա, երբ մեզ ընդամենը պետք է պահպանել իբրեւ ինքնության վկայություն դրանք ունենալու գիտակցումը: Եվ` հիացումը:

Բայց վերադառնամ Նարեկացուն (մենք միշտ էլ վերադառնալու ենք նրան): Եթե Կ. Փաշոյանի պնդումն այն ենթատեքստն ունի, թե «հաղթելով» Նարեկացուն` մենք հայ գեղարվեստի (գրականության) համար զարգացման, նոր նվաճումների հորիզոն ենք բացում, ապա դա խոր մոլորություն է: Որովհետեւ արվեստի զարգացումը հաճախ ենթադրում է մեկ անգամ արդեն նվաճվածի լայնարձակ «տիրույթներում» մարդկային տաղանդի ու մտքի նորովի դեգերումներ: Կ. Փաշոյանը չի՞ ընդունում, որ, օրինակ, Ե. Չարենցից հետո հայ պոեզիան այսպես թե այնպես «դեգերում» է չարենցյան լայնություններում. ճիշտ է` առավել տաղանդավորներն ու օժտվածները կարողանում են իրենց դեգերումների վրա սեփական անվան կնիքը դնել, բայց ոչ ավելին: Ուրեմն` ոչ միայն պետք չէ, այլեւ անհնար է «հաղթել» Չարենցին, մանավանդ եթե հաղթանակի գինը մոռացումն է: 

Ուրեմն` «չհաղթված» Նարեկացին, Թումանյանը, Չարենցը հայ արվեստի, մասնավորապես գրականության զարգացմանը չեն խանգարում: Սա չափազանց վտանգավոր գաղափար է, որը եթե ընդունում ենք, ուրեմն ընդհանրապես կորցնում ենք ազգային մշակույթի նշանակության ու դերի պարզագույն ընկալումը, որ նաեւ մեր ենթագիտակցության մեջ է:

Ի դեպ, այն, ինչ Կ. Փաշոյանն է ասում, փիլիսոփայության մեջ կարճ անվանում են բացասման օրենք: Բայց եթե այդ օրենքը վերագրելի է գիտությանը, ապա արվեստին՝ ոչ: 

Եվ գնալ այդ օրենքի այսպիսի ընկալման ճանապարհով, նշանակում է գնալ մի ճանապարհով, որն այդ մտայնության տիրոջը,  կամա թե ակամա, տանում է դեպի… ԿԳՄՍ նախարարություն: