Էքսպերիմենտը շարունակվում է

Բոլոր երկրներում էլ կան երիտասարդ կադրեր, եւ նրանք մեծ ձգտում ունեն` պաշտոն զբաղեցնելու: Այսինքն` կարիերիստների պակաս ոչ մի հասարակության մեջ չկա: Բայց նորմալ երկրներում հասկացել են, որ երիտասարդական ավյունն ու առաջ գնալու, բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտումը բավարար չեն, որ նման մարդկանց վրա պատասխանատվություն դնեն եւ երկրի, հասարակության համար վճռական որոշումների կայացումը վստահեն: Բոլոր` անգամ կայացած պետական համակարգ եւ հակակշռումների ուժեղ մեխանիզմներ ունեցող երկրներում տասն անգամ չափում, մեկ անգամ կտրում են` ջահելներին բարձր պաշտոններ վստահելիս: Միայն ավանտյուրայի հակված, իր տեղն աշխարհում չգտած ժողովուրդներն ու իրենց պետության նկատմամբ անսահման անփույթ վերաբերմունք ունեցող հասարակություններն են իրենց կյանքում ոչնչի չհասած երիտասարդներին բարձր պաշտոններ վստահում եւ փորձանքի մեջ ընկնում:
Մենք մի անգամ` 2018-ին, արդեն դա արել ենք եւ դրա պտուղները դեռ երկար ենք քաղելու: Բայց 6 տարին ահռելի ժամանակ էր` այս ընթացքում կարելի էր զրոյից ճապոներեն սովորել, տիեզերագնաց դառնալ, գետերը շրջել հակառակ ուղղությամբ, առավել եւս` պետական կառավարման այբուբենը յուրացնել եւ հասկանալ, որ մենք այնպիսի երկիր չենք, որ անկայուն պսիխիկայով 30-ամյա մարդուն մի ողջ Քննչական կոմիտե կամ մի հսկա ներքին գործերի նախարարություն վստահենք: Կարելի էր գոնե այդ անփորձ ու անհասկանալի պատանիների կողքին փորձառու, հին մասնագետներ կարգել, որ օգնեն: Բայց իշխանության գլխին կանգնած անձը շարունակում է մեր պետության վրա էքսպերիմենտներ դնել եւ ոչ միայն դեռահաս-անփորձներով է լցնում պետական ապարատը, այլեւ վերջին փորձառու «մոհիկաններին» է պաշտոնից ազատում: Թերեւս Վաչե Տերտերյանը վերջինն էր:
Կարծիքներ