Թե ինչ եղավ հետո, երբ վարչապետ դարձավ մարդկանց ասածներն ընտրողաբար լսողը

Թե ինչ եղավ հետո, երբ վարչապետ դարձավ մարդկանց ասածներն ընտրողաբար լսողը

Որ Նիկոլ Փաշինյանի վերջին երեք տարվա ելույթները մի օր դրվելու են նրա եւ նրա ընտանիքի բոլոր անդամների դեմ հարուցված քրեական գործերի (գործերի) մեջ՝ չեմ կասկածում: Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթ ավելացնում է իրավապահների անելիքները: Այս հարթությունում էր նաեւ ապրիլի 14-ի նրա ելույթն Ազգային ժողովում: Սա ոչ միայն ապաշնորհության, իսկ ավելի հստակ ասելու դեպքում՝ հանցավոր անփութության կամ դիտավորյալ չարամտության խոստովանություն էր, այլ նաեւ՝ սեփական սխալներն ուրիշի վզին փաթաթելու փորձ:

Նիկոլ Փաշինյանին հարցեր շատերը տվեցին: Ու պարզվեց, որ նա դիմացինին լսել չգիտի: 

1. Նիկոլ Փաշինյանն ասաց. իր խորհրդականները (նկատի ունի գեներալներ Արտակ Դավթյանին եւ Վաղարշակ Հարությունյանին) պատերազմի ընթացում խորհուրդ են տվել զինված ուժերում իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ. «Ես չեմ կարող ասել, որ ափսոսում եմ, որ չեմ հետեւել իրենց խորհրդին, քանի որ պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելն արդյո՞ք կփոխեր իրավիճակը: Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաները այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակն առնել տիրապետության տակ: Ես չեմ կարող ասել, որ զղջում եմ, քանի որ գրեթե վստահ եմ, որ դա կարելի էր անել, բայց նոր նշանակվածներն ուղղակի կհայտնվեին մի հեղեղի մեջ, որին, մեծ հավանականությամբ, չէին տիրապետի»:

2. Նիկոլ Փաշինյանն այլ հարցի պատասխանելիս ասաց. «2018 թվականի ամռանը հանդիպել եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ.  մեջբերում՝ «հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտ: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է»:

3. Մեկ ուրիշ հարցի պատասխանելիս էլ ասաց. «Լելե Թեփե բարձունքը գրավելու օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ եւ որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել, ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է»:

Այդ ինչո՞ւ կադրային փոփոխությունների հարցում գեներալներին լսել եւ հակառակն է արել, իսկ Լելե Թեփե բարձունքի դեպքում անգամ կարծիք չի հայտնել՝ դիտորդի նման լսել եւ համաձայնել է:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «հողերն արդեն պետք է տաս», ինչո՞ւ է համաձայնել: Հիմա նույն մարդը նրան ասում է՝ հեռացիր, ինչո՞ւ չի լսում: Նիկոլին շատերն են ասում՝ հեռացիր, մի քանի տասնյակ գեներալներ են պահանջում նրա հրաժարականը: Ինչո՞ւ չի լսում: Իսկ Լելե Թեփե բարձունքի դեպքում լսել է:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «հողերն արդեն պետք է տաս», ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հարցրել. ի՞նչ հողեր, ո՞ւմ տամ:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասեր՝ ուսապարկդ պիտի տաս ու էլի լիքը անձնական իրեր, Նիկոլ Փաշինյանը կտա՞ր: Առանց հարցնելու տալու էր Ալիեւի՞ն:

2016 թվականի ապրիլյան պատերազմում պարտվելուց հետո՝ նույն տարվա հոկտեմբերին Ալիեւը հայտարարեց. «Փակ դռների հետեւում մեզ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»: Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 2018-ի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարեց. «Փակ դռների հետեւում մեզ ստիպում են տալ հողերը»:

Հարցեր դեռ էլի կարելի է տալ: Բայց եղած հարցերի պատասխանները չկան: Այսպես եղավ՝ հարց չտվող ու մարդկանց խոսքն ընտրողաբար լսողը դարձավ վարչապետ, ու կորցրինք լուսավոր երիտասարդների ու երկիր:


Արեգ Մարգարյան