Գործով միակ մարդը, ով պնդում է, որ կեղծիք է թույլ տվել, քրեական հետապնդման չի ենթարկվել

Գործով միակ մարդը, ով պնդում է, որ կեղծիք է թույլ տվել, քրեական հետապնդման չի ենթարկվել

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Այս ենթադրյալ չարաշահումների թեմային ու դրա վերաբերյալ հարուցված քրեական գործին «Հրապարակը» ժամանակին քանիցս անդրադարձել է։

Խոսքն Ամասիայի տարածաշրջանում «Անի» ԲԲԸ-ի կողմից շահագործվող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով Ախուրյանի աջափնյա ջրանցքի հատվածը՝ 1.882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և հարակից հողամասը Պետգույքի կառավարման վարչության կողմից «Անի» ԲԲԸ-ին օտարելու գործարքի մասին է, որը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարին։

Այն ժամանակ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, ում անունով էլ նամակ էր գրել ԲԲԸ-ի տնօրինությունը՝ խնդրելով ջրանցքն օտարել իրենց, որի դիմաց պարտավորվում էին շուրջ 540 մլն դրամի ներդրում կատարել, իսկ Պետգույքի կառավարման վարչության պետն էլ` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, Աշոտ Մարկոսյանն էր՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, համեստ ապրող մի մարդ, ում գլխին ջարդվեց այս ամբողջ պատմությունը, և վերջինս անգամ մի քանի ամիս բանտում անցկացրեց՝ իր կատարած անհասկանալի «հանցանքի» համար։ 2018-ի իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները որոշեցին հանկարծ հայտնաբերել, որ ջրանցքի օտարումը տեղի է ունեցել շուկայականից ցածր գնով, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է գույքային մեծ վնաս, որը, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդման, կազմում է 439.199.694 ՀՀ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ 30 մլն դրամով օտարված ջրանցքի վրա «Անի» ԲԲԸ-ն արդեն մի քանի հարյուր միլիոնի ներդրում էր կատարել՝ այդ թվում ապահովելով հարակից գյուղական համայնքների արտերի համար ոռոգման հնարավորություն։

Կոմիտեն իր տարածած հաղորդագրության մեջ նաև այսպիսի «գեղարվեստական» ձևակերպումներ է զետեղել՝ նկարագրելով Աշոտ Մարկոսյանի կերպարը․ «ԲԲ ընկերության տնօրենի վերոնշյալ պնդումներից դրդված և միաժամանակ գործելով կարիերիզմի շարժառիթով, նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր ցածրարժեք գույքի մասով  մեծ՝ 540.000.000 ՀՀ դրամի չափով, ներդրումներ է բերում պետության համար՝ վարչության պետի պաշտոնակատարը, «Անի» ԲԲ ընկերության տնօրենի որդու հետ ունեցած կապերով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գնահատման բաժնի պետին բանավոր հանձնարարել է վերոնկարագրյալ գույքի արժեքը նշել «Անի» ԲԲԸ-ի տնօրենի նախընտրած գնին համապատասխան, իրականից խիստ ցածր՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ դրդելով կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ․․․»։

Բանն այն է, որ վերոնշյալ ընկերության տնօրենի որդին Մեսրոպ Մանուկյանն է՝ «1000 դրամների» հիմնադրամի նախկին անդամը, ով ընդդիմադիր հայացքներ ունի և պարբերաբար հանդես է գալիս գործող իշխանությունների հասցեին քննադատությամբ, նաև «1000 դրամների» հիմնադրամում տեղի ունեցող անհասկանալի երևույթների բարձրաձայնմամբ։ Մանուկյանը նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության «զոհերից» վաղամեռիկ գեներալ Մանվել Գրիգորյանի երբեմնի օգնականն է, ասել է թե, այս գործում Քնչական կոմիտեի՝ ամեն գնով գործ հարուցելու և «ծանր հանցագործներ» գտնելու էնտուզիազմը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ 

Մեսրոպ Մանուկյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՔԿ տարածած հաղորդագրությունը, ասաց․ «Հաղորդագրությունը, որը տարածվել է, նաև այստեղ է քննիչի կամ դատախազի կողմից գործը խեղաթյուրվել, որովհետև գործարքի արդյունքում պետությունը պայման էր առաջադրել, որ գույքը ոչ կարող էր օտարվել, ոչ գրավ դրվել, ինչպես նաև կա դատական ակտ, որով փորձագետները պարտավոր էին գնահատել՝ գործարքի արդյունքում պետությունն օգո՞ւտ է ստացել, թե՞ վնաս, որը քննիչի դրդմամբ թույլ չի տրվել, որ գնահատական տրվի։ Մինչդեռ գործարքի արդյունքում պետությունն օգուտ է քաղել՝ տարեկան նվազագույնը 200 մլն դրամի չափով, քանի որ ջրանցքն անմխիթար վիճակում էր, և այստեղ մեծ ներդրումներ են կատարվել»։ 

Մանուկյանը ծիծաղելի է համարում Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ներառված ձևակերպումը՝ Աշոտ Մարկոսյանի մասով։ «Աշոտ Մարկոսյանին՝ 60-ն անց դոկտոր-պրոֆեսոր մարդուն, մեղադրում են, թե ինքը կարիերիզմով է տառապում, ինչպես նշված է հաղորդման մեջ։ Գործով միակ մարդը՝ փորձագիտական բաժնի պետ, ով պնդում է, որ անձամբ ինքը կեղծիք է թույլ տվել, իր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, մնացած բոլոր մարդիկ, ովքեր ասում են՝ սա շինծու գործ է, բոլոր այդ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալ»,-տարակուսանք հայտնեց Մեսրոպ Մանուկյանը։