Ադրբեջանցիները կկարողանան Հայաստանի տարածքով գնալ Նախիջեւան․ Ռուսաստանի փոխվարչապետ

Ադրբեջանցիները կկարողանան Հայաստանի տարածքով գնալ Նախիջեւան․ Ռուսաստանի փոխվարչապետ

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար։ Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան երթեւեկել դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «RG.ru»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ելակետ է ընդունվում այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ԵԱՏՄ նույն մաքսային տարածքում։ Այնուհանդերձ, ըստ նրա, Ռուսաստանի համար թանկ են Ադրբեջանի հետ ունեցած բարի եւ սերտ հարաբերությունները, ինչը Ռուսաստանին եզակի հնարավորություն է տալիս կառուցելու Հարավային Կովկասի խաղաղության եւ համագործակցության նոր ճարտարապետությունը։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ ճանապարհների ապաշրջափակումը հնարավորություն կտա Երեւանին ազատ տեղաշարժ ունենալ դեպի Ռուսաստան, Իրան եւ Կենտրոնական Ասիա եւ հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանի տարածքով։ Օվերչուկը կարծում է, որ այս փոխադարձ շարժումը, մարդկային եւ առեւտրային կապերը կարող են ապաքինել Հարավային Կովկասի վերքերը եւ Մոսկվան այդ ուղղությամբ աշխատում է։