2009-ին ձվեր էին նետում

2009-ին ձվեր էին նետում

Եթե նման համառությամբ Նիկոլ Փաշինյանը կպչեր ցանկացած այլ գործի` որեւէ պետականամետ աշխատանք կատարեր, ազգանպաստ նախաձեռնություն սկսեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան մեծ արդյունք կլիներ պետության համար: Իսկ նա իր եզակի համառությունն օգտագործում է բացառապես թշնամու գաղափարները տարածելու, անհեթեթ փիլիսոփայական մտքեր հայտնելու, հանրության կողմից մերժվող գաղափարներ քարոզելու վրա: Ահա` արդեն երրորդ երկրում է կրկնում գրեթե նույն մտքերը` հայտարարելով, թե մեր հասարակությունը հիմա «գաղափարական տրանսֆորմացիաների» փուլում է գտնվում:

Իրականում` գուցե գաղափարական տրանսֆորմացիա ինքն է ապրում եւ դա փորձում է վերագրել ու փոխանցել հանրությանը: Իսկ «գաղափարական տրանսֆորմացիան» էլ այլ բան չէ, քան հայկականությունից հրաժարումը, մեր ինքնությունը որոշող արժեքների ոչնչացումը, Արցախի, Հայոց ցեղասպանության, Հայ դատի մոռացումը: Փաշինյանական քարոզչության հիմքում հայ ժողովրդին իր ակունքներից հեռացնելն է, նրան` որպես ազգի, «վերադաստիարակելը», ինչին մեծ եռանդով ձեռնամուխ են եղել ամուսիններով: Ընդ որում, եթե մարդը դեմ է իր ապազգային գաղափարներին, ուրեմն դաշնակցական է: Եվ սա ասում է սփյուռքահայ գործիչների հետ հանդիպմանը: Սփյուռք, որը բաղկացած է ցեղասպանության զոհերի ժառանգներից, մեծ մասով դաշնակցական է եւ ազգայնական: Սփյուռք, որը գոյատեւել է հենց ազգային գաղափարների ու արժեքների շնորհիվ: Բայց ինձ նաեւ զարմացնում է այս «սփյուռքի» արձագանքը: Մի՞թե սա այն նույն սփյուռքն է, որը 2009 թվականին ձվեր ու պոմիդորներ էր նետում Սերժ Սարգսյանի վրա, որը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում սփյուռքյան գաղթօջախներով էր շրջում` փորձելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում հավանություն ստանալ: