3 մլն դրամ են տրամադրելու, այն էլ ոչ անհատույց

3 մլն դրամ են տրամադրելու, այն էլ ոչ անհատույց

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այն հայտարարությունը, որ ՀՀ կառավարությունն աջակցելու է տեղահանված արցախցիների կեցության ապահովմանը՝ նրանց ընձեռելով տուն կառուցելու կամ ձեռք բերելու հնարավորություն, բավականին մեծ վրդովմունք է առաջացրել Արցախի հասարակական եւ քաղաքական շրջանակներում։ Նշենք, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում էր փոխվարչապետը խոստումնալից մտքեր արտահայտել, թե` «Կառավարության մշակած ծրագրով տեղահանված անձինք աջակցություն կարող են ստանալ տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու նպատակով, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում»: Ասել էր նաեւ, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք․ առաջին փուլում աջակցություն կստանան 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։

Սակայն արցախցիները կարծում են, որ այդ որոշմամբ ՀՀ իշխանությունները վերջնականապես արցախցիներին մղում են արտագաղթել, բանն այն է, որ Փաշինյանի ղեկավարած կաբինետում որոշել են, որ մեկ շնչի հաշվով 3 մլն դրամ տրամադրեն, ընդ որում՝ ոչ անհատույց, բացառությամբ անչափահասների դեպքում: Դիցուք, եթե չորս հոգանոց ընտանիքում երկու անչափահաս երեխա կա, ապա 12 մլն աջակցությունից վեցը ընտանիքը տասը տարի անց պետք է վերադարձնի պետությանը՝ հակառակ պարագայում տունը, որում բնակվում են, չի դառնա նրանց սեփականությունը։

Մեզ ասացին, որ Արցախի պատկան որեւէ կառույց եւ որեւէ պաշտոնյա չի մասնակցել այդ քննարկումներին, որոշ ժամանակ առաջ Արցախի հանրապետության կառավարությունից առաջարկ է արվել ՀՀ կառավարությանը, որ մեկ շնչի հաշվով գոնե 5-ական մլն դրամ տրամադրեն, կամ բնակարանով ապահովեն, սակայն դա անտեսվել է Հայաստանի կառավարիչների կողմից։