Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր իմ մասին գաղտնի ինֆորմացիա

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր իմ մասին գաղտնի ինֆորմացիա

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ մեր հրապարակման վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, անգամ մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյա Սերոբ Հարությունյանին, որը մեր հրապարակման հետ որևէ կապ չունի։ Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է պաշտոնեական լիազորությունները անցնելու և ծառայության շահերին հակառակ գործելու մեջ։ Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք Պապիկյանի կյանքից մի դրվագ՝ նախկինում նրա դատվածության մասին, որը որևէ կերպ չէր կարող լինել անձնական կյանքի գաղտնիք, քանի որ Պապիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, և հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու նրա ամբողջական կենսագրությանը։ Այս հոդվածի հրապարակման և հարուցված քրգործի առնչությամբ մեզ հետ կապվել է պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։ Նա պատմեց, որ 2019 թվականին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանրայնացրել է իր անձին վերաբերող գաղտնի ինֆորմացիա, սակայն դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը․

«2019 թվականին, երբ ես հացադուլ էի իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ կապված իմ ոտնահարված իրավունքների և օրինական շահերի վերականգնման հետ, ես տեղեկացրել եմ, այնուհետև նյութերի նախապատրաստման փուլում հաստատվել է, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  ինչ-ինչ նպատակներով «Ժողովուրդ» օրաթերթին հանրայնացման նպատակներով տրամադրել էր իմ անձին առնչվող որոշակի տեղեկություններ՝ իբրև թե ես 5 անգամ դատապարտվել եմ, վատ բնութագրվել եմ, ունեցել եմ տույժեր և այլն։ Այսինքն՝ այդ տեղեկությունները միայն բացասական բնույթ ունեին։ Ես այդ տեղեկությունները հերքել եմ «Ժողովուրդ» օրաթերթով, որովհետև ես չունեմ 5 հատ դատվածություն, այսինքն՝ այդ տեղեկությունները կեղծ էին։ Այդ կապակցությամբ ես հանցագործության մասին հաղորդում էի տվել, ապա նաև գլխավոր դատախազութունում հաղորդում եմ տվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվել։ 2020 թվականին ես տեղեկացա, որ Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկություն է տարածվել, նա դրա առնչությամբ հայտարարություն է արել ֆեյսբուքյան լայվի միջոցով  և դա առիթ ու հիմք է հանդիսացել ՀՔԾ-ի համար  քրեական գործ հարուցելու։ Ինձ համար անհասկանալի է դառնում, թե ինչպե՞ս կարելի է իմ անձի առնչությամբ նույնական տեղեկատվության հրապարակման դեպքում քրեական գործի հարուցումը մերժել։ Ի տարբերություն Սուրեն Պապիկյանի դեպքի, իմ պարագայում այդ ինֆորմացիան եղել է իմ անձնական գործերում, որոնց վերևի աջ անկյունում դրոշմված է «Գաղտնի» դրոշմը։ Ես մարտի 2-ին կրկին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազությանը, այդ բոլոր հանգամանքները ընդգծել եմ»։

Խաչատրյանին հարցրինք, թե ինչո՞ւ է համոզված, որ Արծրուն Հովհաննիսյանն է հանրայնացրել այդ տեղեկությունը, և ի՞նչ է այն պարունակել՝ բացի դատվածությանը վերաբերող ուռճացված ինֆորմացիայից․

«Նյութերի նախապատրաստման հատվածում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացատրություն է տվել քննչական մարմնին, որով չի հերքել, որ դա ինքն է տրամադրել, հաստատել է, որ դա տրամադրվել է պաշտոնապես։ Իմ ծառայությանն առնչվող տեղեկությունները՝ տույժեր և այլն, դրանց աղբյուրը միայն կարող էին լինել միմիայն իմ անձնական գործերը, ուրիշ այլ տեղ դա հրապարակված չի եղել, այսինքն՝ ինչ-որ մեկը պետք է բացի իմ անձնական գործը և նման տեղեկություններ տրամադրի։ Նույնիսկ այն հանգամանքը, որ իմ անձնական գործերը դրոշմված են եղել «Գաղտնի» դրոշմանիշով, ապա նման տեղեկություններ հրապարակելու իրավասությունը ձեռք է բերվում միայն այն դեպքում, երբ առկա է անձամբ իմ թույլտվությունը կամ դատարանի վճիռը»,- ասաց Ցոլակ Խաչատրյանը՝ հավելելով, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ։

Նշենք, որ Հակոբյանը չի համարվել բարձրաստիճան պաշտոնատար անձ, դեռ ավելին նա եղել է զինվորական և նրա անձին վերաբերող գաղտնի տեղեկությունները առավել պաշտպանված են, քան շարքային քաղաքացունը, իսկ Սուրեն Պապիկյանը ունի անձնական կյանքի գաղտնիության շատ նեղ շրջանակ, և նրա դատապարտվածության փաստը երբևէ չի կարող լինել անձնական կյանքի գաղտնիք։ Փաստորեն իրավապահ համակարգը թողել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման աղաղակող դեպքը և կատարում է Սուրեն Պապիկյանի քմահաճույքները։