Եթե արդարացված չլիներ պարգևավճարներից հրաժարվելը, առաջիններից մեկը չէի միանա այդ քայլին

Եթե արդարացված չլիներ պարգևավճարներից հրաժարվելը, առաջիններից մեկը չէի միանա այդ քայլին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսի Լին հայտարարեց, որ դեսպանատունը Շիրակի մարզի 10000-ից ավելի անապահով ընտանիքների ու տարեցների պարեն կտրամադրի։ Տրվող պարենի չափի մասին, ինչպես նաև, թե այն արդյոք չի ավելանալու, դեսպանատնից հավելյալ տեղեկություն դեռ չենք ստացել, սակայն զրուցել ենք ԻՔ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, ով այս օրերին շրջում է գյուղերում և մարդկանց պարեն է բաժանում։

Սոֆյա Հովսեփյանին նախ հարցրինք, թե արդյոք օգնության կարիք ունեցողների թիվն ավելի մեծ չէ՞։ Նա էլ չթաքցրեց՝ ասելով․ «Օգնության կարիք ունեցողների թիվը Շիրակի մարզում շատ մեծ է, որովհետև այնտեղ ոչ միայն տարեցներ են ու ծերեր, այլև բազմազավակ ընտանիքներ, որոնց թիվը չափազանց մեծ է։ Գիտեք՝ Շիրակի մարզում յուրաքանչյուր երրորդը սոցիալապես անապահով է։ Թեպետ ուրախացնող է թեկուզ այն, որ գոնե ծերերին սնունդ ու խնամք տրամադրվի, ապա այլ կազմակերպությունների կողմից կկարողանանք ծածկել մնացածը։ Եվ այս ընթացքում մոտ 200 ընտանիքի աջակցություն կազմակերպել եմ։ Բայց էդ ընտանիքների թիվն այնքան շատ է, ու նաև պարբերաբար ծագում է ամեն տասը օրը մեկ նրանց կրկին սննդով ապահովելու խնդիր»։

Պատգամավորը դժգոհություն է ստացել նպաստ ստացող ու օրավարձով աշխատողներից, որ «չոր նպաստի» հույսին մնալով՝ շատ վատ վիճակում են հայտնվել։ Նա պարետատուն ներկայացրել է առաջարկ, որպեսզի օգնություն տրվի հենց այս նպաստառուներին։ «Աջակցությունը, որը կառավարությունը ներկայացրել է նրանց, ովքեր մարտի 13-ից ազատվել են աշխատանքից, նրանց 100 հազար դրամ, ովքեր չեն աշխատել առհասարակ, իրենց երեխայի գումար՝ 26 հազար դրամ։ Բայց այստեղ դուրս է մնացել հենց այն խավը, որը և՛ չի աշխատում, և՛ նպաստառու է, և եթե նախկինում օրավարձով աշխատում էր, էս ծրագրերի մեջ չի տեղավորվում։ Այս խնդիրը ներկայացրել եմ պարետատուն, իրենք քննարկելու են այս հարցը»,-մանրամասնեց  իմքայլական պատգամավորը։

Ի՞նչ և կամ ո՞ւմ միջոցներով է  Սոֆյա Հովսեփյանը բաժանում օգնություն։ «Ես որևէ ՀԿ-ի հետ չեմ աշխատում, բաժանում եմ իմ միջոցներով, ընկերներիս հավաքած գումարներով, քանի որ շատ-շատերը ճանաչում են, և նաև մի շարք ընտանիքների տվյալներ, դա արդեն` իմ նշած թվից դուրս, երբ չեմ կարողանում, դիմում եմ «Բարի մամա» կազմակերպության նախագահին, իրենք ուղարկում են։ Դրանք արդեն ես չեմ տանում, իսկ մնացածն անձամբ տանում եմ, հասցնում»,-ասաց նա: Արթիկում էլ օրերս կազմակերպվել է սննդի հավաք ու դրամահավաք։ Մի խումբ գործարարների ու կազմակերպությունների հաշվին գյուղերում 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին դրանով աջակցություն ցուցաբերվել է։ Իհարկե, նա նորից կրկնեց, որ այս ամենը պետք է լինի պարբերական։

Այս օրերին տարբեր անձինք առաջարկում են, որպեսզի ոչ միայն պատգամավորները, այլև կառավարությունը ևս հրաժարվի պարգևավճարներից։ Սոֆյա Հովսեփյանին հարցրինք՝ արդարացի՞ պահանջ է։ Ասաց․ «Արդարացված է և եթե արդարացված չլիներ, ես ինքս չէի միանա, առաջին միացողներից մեկը չէի լինի, և երկրորդ՝ ես միշտ եմ ուղղել պարգևավճարները նման հարցերին։ Էնպես որ, էդ պարգևավճարները, որոնց վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացվում, պատգամավորներիս դեպքում ընդամենը 150 հազար դրամ է, որը ես երբեք էլ չեմ օգտագործել սեփական կարիքների համար, ավելին՝ իմ աշխատավարձն եմ ուղղել դրան։ Ավելին՝ ես դա միայն պատգամավոր եղածս ժամանակ չեմ արել»։ Նա որոշ խաչաձև հարցերից հետո ասաց, որ, այո, սոցիալական ծրագրերի աջակցելը պետք է նաև կառավարության դեպքում արդարացված պահանջ լինի, սակայն անմիջապես անցավ պատգամավորներին՝ ասելով, որ այնպես չէ, որ դա միայն իր որոշումն է, այս հարցում ԱԺ-ում կոնսենսուս կա։