Ուրացողության մասին

Ուրացողության մասին

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքում կիսվել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառմամբ. «Այսօր իր հրամանատարին ուրացողը վաղն ու՞մ է ուրանալու» - եւ  ուղեկցել սեփական մեկնաբանությամբ. «Արայիկի (լեզվին նայեք՝ Արցախի նախագահի մասին ինչ ոճով է խոսում՝ Վ. Ա. ) խնդիրն այն է, որ Ղարաբաղի կեսին պաշտոն է տվել, բայց թիմում նույնիսկ երկու հրապարակային դեմք չունի, որոնք ընդունակ են քիչ թե շատ քաղաքական տեքստ արտաբերել: Այնուամենայնիվ, սպասում ենք պատասխանի: Շարմազանովը գոտկատեղից ներքեւ է հարվածել»:Հասկացվում է, որ Շարմազանովը «հրամանատար» ասելիս նկատի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ «ուրացող»՝ Արայիկ Հարությունյանի՞ն: Համենայն դեպս, արցախցի քաղաքագետն այդպես է հասկացել (կամ հասկացրել են): ԱՀ նախագահի մամուլի խոսնակը կոռեկտության եւ քաղաքական տեքստի բավական բարձր մակարդակով հորդորել է այդ թեմայով դիսկուրսը փակել: Այդուհանդերձ, առանձնապես «իրազեկվածների» համար հարկ է ասել, որ Հայաստանի նախագահն Արցախի վարչապետի հրամանատարը չէր, իսկ ահա Հայաստանի նախագահը Հայաստանի պաշտպանության, ապա եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարի անմիջական հրամանատարն էր, ում 1998-ին նա ուրացավ եւ շարունակում է ուրանալ քաղաքական մի ամբողջ թիմով, որը ղարաբաղյան պատերազմի բոլոր հաջողությունները վերագրում է իրեն: Խոսել թերությունների մասին՝ չի նշանակում ուրանալ: Ուրացումը պատմության վերաշարարադրումն է՝ ինչպես հներն էին ասում՝ կերպավ յուրո: ՀՀԿ-ն այդ ճանապարհն անցել է եւ որեւէ մեկին բարոյական դաս տալու իրավունք չունի:

Հ. Գ. Ապրիլյան պատերազմի մի օր, կարծեմ՝ ամսի 4-ի երեկոյան, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանի հարթակից հարցազրույց էի տալիս չեմ հիշում ո՞ր հեռուստաընկերությանը: Երբ ավարտեցի,  մոտեցավ Էդուարդ Շարմազանովը: Ողջագուրվեցինք: Ես, բոլոր պայմանականությունները թողած, հարցրի, թե պատերազմ վարելու ի՞նչ ժամանակի ռեսուրսներ ունենք: Նա մի թիվ ասաց, որից մնացի ապշահար: Հաջորդ օրը հայտարարվեց զինադադար: