Փաշինյանը կրկին մեղադրում է ՀԱՊԿ-ին, որի կիսագոյությանը 3-4 օր է մնացել

Փաշինյանը կրկին մեղադրում է ՀԱՊԿ-ին, որի կիսագոյությանը 3-4 օր է մնացել

Հայաստանի վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հերթական անգամ թիրախավորեց ՀԱՊԿ-ն՝ այն դեպքում, երբ իր ելույթի ժամանակ Հայաստանում էր գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը: «Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»,- ասել էր Փաշինյանը։

Ճիշտ է՝ ելույթի մեջ ՀԱՊԿ-ն կոնկրետ հիշատակված չէ, բայց «տարածաշրջանային անվտանգային կազմակերպություններ» էլ գոյություն չունեն, կա ընդամենը մեկ տարածաշրջանային անվտանգային կազմակերպություն` ՀԱՊԿ-ն: Փաշինյանն ասում է, որ այդ կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը լրջագույն հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանում: Ո՞ր հայ հասարակության մասին է խոսքը. ա՞յն հասարակության, որի հետ ինքը հանդիպում է, այսպես կոչված, արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների ֆորմատով: Բայց դա հայ հասարակություն չէ, քանի որ այդ ֆորմատի անդամներից առնվազն երկուսը` Համբիկ Սարաֆյանը եւ Սեդրակ Աճեմյանը, ԱՄՆ քաղաքացիներ են: Այդ ֆորմատի մասնակիցների մի մասը կապովի գժեր են, մի երկուսն ուղղակի զբաղված է սեփական բիզնես շահերի սպասարկմամբ, եւ ոչ մի կերպ չեն կարող հանդես գալ հայ ժողովրդի անունից: Իսկ գուցե «հայ հասարակություն» ասելով նկատի ունի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի եւ կառավարության դիմաց հավաքված եւ իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր մարդկա՞նց, որոնցից ինքը թաքնվում է անհայտ բունկերում: Գուցե «հայ հասարակությունը» իր հրամանով Եռաբլուրից քարշ տալով հեռացվող հայ մայրերն ու հայրե՞րն են, ովքեր անեծքով են խոսում իր ու իր իշխանության մասին, թե՞ «հայ հասարակությունը» իր հրամանով եւ հանուն իր իշխանության պահպանման վայրագություններ ու անմարդկային գազանություններ անող կարմիր բերետավորներն են:  Ընդհանրապես, ի՞նչ իրավունքով է մեկը խոսում հայ հասարակության անունից, երբ մերժված է հասարակության ճնշող մեծամասնության կողմից ու որեւէ կենդանի շփում չունի այդ հասարակության հետ, ինչը հնարավորություն կտար իրեն տեղեկացված լինելու հանրային տրամադրությունների մասին եւ, հետեւաբար, արտահայտելու հանրային տրամադրությունները:

Փաշինյանը ՄԱԿ-ում փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր եւ հայկական ժողովրդավարությունը հակադրել տոտալիտար Ադրբեջանին՝ դրանով շահելով ՄԱԿ անդամ երկրների համակրանքը: ՄԱԿ անդամ երկրների մեծ մասը ոչ մի կապ չունի արեւմտյան ժողովրդավարության հետ, եւ այդ հակադրությունը նրանց մոտ միայն իրավիճակին անտեղյակ մարդու տպավորություն է թողնելու: Ամենազավեշտալին այն է, որ Հայաստանը եւս որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ. Փաշինյանն իշխանության է եկել ոչ թե ժողովրդավարական ընտրության, այլ բռնի իշխանազավթման միջոցով եւ իր իշխանությունը պահում է ընդդիմախոսներին ահաբեկելու, կալանավորելու, բանտարկելու եւ ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով: Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակը միայն ամեն ինչ արժե. մարդն արդեն գրեթե մեկ տարի զրկված է ազատությունից՝ միայն այն պատճառով, որ համարձակվել է մասնակցել իր քաղաքի ընտրություններին եւ հաղթել ՔՊ թեկնածուին: Փաշինյանի իշխանությունը հիմնված է ոչ թե հանրային աջակցության, այլ 30-40 հազարանոց ոստիկանության ու ոստիկանության միջոցով հանրային դժգոհության եւ ըմբոստության ցանկացած փորձ ճնշելու վրա: Արեւմտյան ժողովրդավարության երկրները բավական լավ տեղեկացված են Փաշինյանի ոստիկանական ռեժիմի էության մասին, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյանի իշխանությունը հնազանդորեն ծառայում է իր արեւմտյան հովանավորներին: Այդ նույն արեւմտյան երկրները, իրենց տնտեսական շահերից ելնելով, երբեք չեն բարձրաձայնում Ալիեւի ռեժիմի բռնապետական էության մասին: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվությանը եւ Հայաստանի իշխանության բոլոր ձախողումներն այդ կառույցի վրա բարդելուն, ապա դրան եւս շատ քիչ ժամանակ մնաց, ընդամենը 3-4 օր: Այն պահից հետո, երբ Ուկրաինայից գրաված տարածքները Ռուսաստանը կճանաչի իր տարածքի անբաժանելի մաս, ՀԱՊԿ-ն, ըստ էության, կդադարի գոյություն ունենալ: Սեպտեմբերի 28-ից Ռուսաստանի կողմից հայտարարված հատուկ ռազմական գործողությունը կվերածվի պատերազմի: Այդ պահից սկսած՝ Ռուսաստանը կարող է համարել, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն իր տարածքային ամբողջականության վերականգնման դեմ են, հարձակում են Ռուսաստանի վրա: Ըստ կանոնադրության, ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի Ռուսաստանի դեմ հարձակմանը եւ ռազմական օժանդակություն ցուցաբերի: Բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկիր չի ճանաչի Ռուսաստանի տարածքային նոր ընդլայնման օրինականությունը եւ ոչ մի ռազմական օժանդակություն չի ցուցաբերի: Այդ պահից ՀԱՊԿ-ն, որպես ռազմաքաղաքական դաշինք, կարելի կլինի համարել լուծարված, ինչի մասին շատ լավ հասկանում են նաեւ Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը: Այնպես որ, ստիպված են լինելու ներսում եւ դրսում նոր պատասխանատուներ գտնել՝ իրենց անձնական ձախողումները եւ անպատասխանատվության մեղքը նրանց վրա բարդելու համար:


Ավետիս Բաբաջանյան