Այս վիրուսը մարդկությանը դրական մեծ բան տվեց. հարցազրույց՝ կորոնավիրուսով վարակված շտապօգնության բժշկի հետ
Hraparak.am-ի զրուցակիցը «Մասիս բժշկական կենտրոն»-ի շտապօգնության 32-ամյա բժիշկ Դավիթ Գալստյանն է, ով մոտ երկու շաբաթ է, ինչ գտնվում է «Նորքի» ինֆեկցիոնում: Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի առաջին կուրսի օրդինատորը մինչ բժշկական կենտրոնում հերթապահություն իրականացնելը, պատկերացում չուներ, որ մի օր էլ իրեն են կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով տեղափոխելու հիվանդանոց:
-Բժիշկները բոլորից լավ գիտեն՝ ինչպե՞ս պաշտպանվել եւ ի՞նչ անել, ինչպե՞ս եղավ, որ հիվանդությունը չշրջանցեցիք:
-Մարտի 17-ին հերթապահություն էինք անում, եւ հենց այդ օրն էլ դիտվեց հիվանդության ակտիվություն, հիվանդանոց դիմողները շատ էին : Մենք որոշեցինք տուն չգնալ: Երկու մասի բաժանվեցինք, որպեսզի հավանական վարակման դեպքում բրիգադի մյուս անդամները վարակվելու վտանգից զերծ մնային: Մեզանից երկուսը զննում, ջերմաչափում էին հայտնի արտադրամասի դեպքի հետ կապված հիվանդանոց դիմած հիվանդներին, իսկ մյուս երկուսս կանչերին էինք արձագանքում: Առաջին օրն ամեն ինչ արվեց, որ ձեռք բերվեն համազգեստներ, պաշտպանիչ համապատասխան միջոցներ, բայց հիվանդանոց էին գալիս հարյուրավոր մարդիկ, բացի այդ տներ եմ այցելել, որտեղ ես չէի կարող ամբողջովին մասկիրովկա եղած մտնել: Մարդկանց հոգեբանության վրա ազդում էր, անմիջապես պանիկա էր ընկնում:
-Ստացվում է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ պահելու համար վտանգե՞լ եք Ձեզ:
- Մարդիկ կան, ովքեր շատ սրտացավ են, բայդ դե հարևաններ կան, որոնք հետաքրքրասեր են, իրենք էին զանգահարում, թե՝ վաաայ, էդ մարդը դուրս է եկել բակ, վտանգավոր է, եկեք: Մեր մասնագիտական մոտեցումն էր ստիպում:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում, իսկապե՞ս առողջ մարդու համար հիվանդությունը թեթև է ընթանում :
-Եթե չլիներ այս պանդեմիան, ես նույնիսկ բժշկի չէի դիմի: Հերթապահության 4-րդ եւ 5-րդ օրվանից թուլություն զգացի, գլխացավ եւ ջերմություն ունեցա, ու իրավիճակից ելնելով՝ որոշեցին ինձ թեստավորել: Կարող եմ ասել, որ թարախային անգինայից ավելի թեթև է, իսկ ինչ վերաբերում է խրոնիկ հիվանդություններ ունեցողներին, կասեմ, որ այս հիվանդությունն ինչ-որ չափով անհատական է: Ունեցել եմ հիվանդ, որ ուներ շաքարային դիաբետ, խնդիրներ՝ վահանաձև գեղձի հետ, բայց զանգեց ու ասեց, որ արդեն լավ է զգում իրեն:
-Մեր առողջապահական համակարգը պատրա՞ստ էր այս մարտահրավերին:
-Իհարկե, ո՛չ: Նյութապես՝ ոչ, բայց հրաշալի անձնակազմի, պատրաստակամության, եւ ոգու մասին խոսք չկա, որոնց շնորհիվ մենք այն հաղթահարելու ենք: Կարծում եմ՝ այս դեպքը լավ հնարավորություն էր ամեն ինչ վերանայելու, թե ինչը փոխել, ինչն ավելացնել…
-Երբ թեստի արդյունքները բացասական լինեն, կրկին աշխատանքի՞ եք վերադառնալու:
-Այո՛: Հիմա մեծ թվով բժիշկների պակաս է զգացվում: Ամենավատ բժիշկը այսօր ունի պահանջարկ: Ինքը կարող է մեկին խորհուրդ տալ, ինչ-որ բանով օգնել: Չեք պատկերացնում՝ ինչ ոգևորություն էինք ապրում, երբ մեզ ծափահարում էին, հասկանում ես, որ այս ամենը զուր չէ:
-Կան կարծիքներ, թե առողջացած հիվանդի մոտ վիրուսը դեռևս 30 օրից ավել պահպանվում է, ի՞նչ կասեք:
-Այս վիրուսի հետ կապված՝ բոլորը հիպոթեզներ են, դեռևս ոչ ոք հստակ ինֆորմացիա չունի այս հիվանդության մասին: Նույնիսկ այն, որ հիվանդանալուց հետո կրկին չես վարակվի , դա էլ հստակ չէ: Ինչ ասվում է՝ պարզապես զգուշացումը պահելու եւ հնարավոր վտանգներից խուսափելու համար է:
-Երբևէ կպատկերացնեի՞ք, որ 21-րդ դարում այսպիսի մի համաճարակի բռնկման ականատես եւ մասնակից կլինեիք:
-Երբ ընտրել եմ բժշկի մասնագիտությունը, մտածել եմ միայն մարդկային կյանքերի փրկության մասին՝ անկախ հանգամանքից : Պիտի ասեմ, որ այս վիրուսը մարդկությանը դրական մեծ բան տվեց: Հասկացանք մի բան՝ արժե մեր ունեցածը գնահատել: Մի պահ էստեղից դուրս եմ նայում ու մտածում եմ, թե երբ պիտի դուրս գամ, ոտքս դնեմ գետնին, կրկին նախկինի նման շփվենք միմյանց հետ, անգամ փոքրիկ անախորժություններն իրենց արժեքն ունեին: Մենք հերթապահության օրից արդեն իսկ մեկուսացել էինք եւ տուն չէինք գնում: Հերթապահության երկրորդ օրը ծնվել է առաջնեկս՝ դուստրս, որին դեռ չեմ գրկել: Ծննդյան առավոտը՝ ծննդատան բակի պատուհանից եմ տեսել կնոջս եւ փոքրիկիս: Հեռակապով եմ նրանց տեսնում: Իսկապես, կյանքը վերաիմաստավորելու եւ արժևորելու լավ առիթ է: Բայց վստահ եմ, որ սա էլ է անցնելու, աշխարհը հաղթահարելու է, ու չնայած ցավալի դեպքերին, լավ հիշողություններ մնալու են:
Դավիթ Գալստյանը մեզ է տրամադրել լուսանկարներ, որոնցից առաջինում բժիշկը մասնագիտական պարտքն է կատարում՝ շտապելով հերթական կանչի հետևից, երկրորդում՝ վերադառնալիս ծննդատան բակում է, որտեղ լույս աշխարհ է եկել դուստրը, երրորդ լուսանկարում՝ գործընկերները նրան որպես հիվանդ տեղափոխում են հիվանդանոց:
Կարծիքներ