Ծուռ նստենք՝ շիտակ խոսենք

Ծուռ նստենք՝ շիտակ խոսենք

Նախընտրական քարոզարշավն աշխարհի բոլոր երկրներում թանկ հաճույք է: Արեւմտյան իրականությունը գիտի «նախընտրական հիմնադրամ» հասկացությունը, երբ քաղաքական գործիչը բաց հանգանակություն է կազմակերպում, որոշակի դրամագլուխ ունենում, որն էլ ծախսում է քարոզչական նպատակներով: Արցախում գրանցված է նախագահի 14 թեկնածու:

Նրանցից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ Վահան Բադասյանը չեն թաքցնում, որ զբաղվել են գործարարությամբ: Իսկ մյուսնե՞րը: Ո՞վ է, օրինակ, ֆինանսավորում Մասիս Մայիլյանի քարոզարշավը, մի մարդու, որի մասին աջակիցներն ասում են՝ երբեք ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, կոռուպցիոն սխեմաների մեջ չի եղել, փողերի լվացման մասնակից չէ, ապրում է համեստ կյանքով: Ստեփանակերտում այսօր նախընտրական ամենամեծ ցուցապաստառները գովազդում են Մասիս Մայիլյանին: Որտեղի՞ց նրան այդ գումարները: Եթե ընդունենք, որ քարոզարշավի ընթացքում նա պետք է այցելի 200-ից ավելի համայնքների եւ բնակավայրերի ընտրողներին, ապա շրջագայության միայն վառելիքի ծախսը կկազմի մի քանի միլիոն դրամ: Իսկ քարոզչական նյութերի տպագրությու՞նը, նախընտրական շտաբերի պահպանման ծախսե՞րը: Իսկ նախընտրական գրա՞վը, որ մեկ միլիոն դրամ է: Պետական չինովնիկը, որի ամսական աշխատավարձը շուրջ 500 000 դրամ է, ինչպե՞ս կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, եթե եկամտի այլ աղբյուր չունի:

Ուրեմն նրան ֆինանսապես օգնում է ինչ-որ մեկը, որ կամ տեղացի գործարար է, կամ դրսից հովանավոր: Նույնը՝ նախագահի այլ թեկնածուների դեպքում, որ նույնպես ներկայանում են «աղքատ Ղազարոսի» կերպարով, բայց իրականում բավական թանկ արժեցող քարոզարշավ են տանում: Նրանք, իհարկե, ԿԸՀ-ին շատ ավելի համեստ հաշվետվություն կներկայացնեն, թղթերով ամեն ինչ ճիշտ կլինի, եւ հանրությունն այդպես էլ չի իմանա, թե ովքե՞ր են նրանց ֆինանսական հովանավորները: Ինչպես որ մինչ օրս չի իմացվում, թե ո՞վ է ֆինանսավորել Մասիս Մայիլյանի 2007թ. քարոզարշավը, ի՞նչ միջոցների հաշվին է նա շուրջ տասը տարի ճամփորդել աշխարհով մեկ եւ միաժամանակ հոգացել ընտանիքի կարիքները: