Եթե մինչեւ հիմա Առուշանյանի դեմ միակ ապացույցը Լուսինե Ավետյանի ցուցմունքն էր, ապա այդ փուչիկն էլ պայթեց. պաշտպան

Եթե մինչեւ հիմա Առուշանյանի դեմ միակ ապացույցը Լուսինե Ավետյանի ցուցմունքն էր, ապա այդ փուչիկն էլ պայթեց. պաշտպան

Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ, մինչ այս պահն ասում էին` Ավետյանի ցուցմունքն է, բոլորի աչքի առջեւ այդ փուչիկը տրաքեց: Այս մասին Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` անդրադառնալով Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի` դատարանում արած այն հայտարարությանը, որ Առուշանյանի դեմ իր տված մեղադրական ցուցմունքը կեղծ է եղել, եւ որ ինքը սուտ ցուցմունք է տվել` ակնկալելով, որ իրեն ազատ կարձակեն կալանքից: Այս մասին տեղեկացնում է News.am

«Փառք ու պատիվ Լուսինեին, որ նման քաջություն եւ ուժ գտավ իր մեջ, կանգնեց ու պատմեց ճշմարտությունը, տակը ոչինչ էլ չմնաց: Բայց որոշ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն` 5 ամիս է` այս ցուցմունքի հիման վրա Առուշանյանը ցուցմունքի տակ էր, ով ա դրա համար պատասխան տալու, առերեսման ժամանակ Լուսինե Ավետյանն ասել էր` երբ կինը ՔԿՀ-ում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին` ըստ էության ասելով, որ իր տված մեղադրական ցուցմունքները կեղծ են, բայց դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ես ամիսներ շարունակ սրա մասին էի բարձրաձայնում: Մարդը պարզ ասաց` հասկացել է, որ ոչ թե ինքն է թիրախը, այլ Առուշանյանը, եւ կեղծ ցուցմունքներ տվել է, որպեսզի դուսր գա կալանավայրից, փրկի իր կյանքը: Ես շատ լավ եմ հասկանում Լուսինեին, անկեղծ եմ ասում` էսօր Լուսինեի արածն ինձ համար հերոսությանը հավասար քայլ էր, հարցեր տվեցին` արդյոք չի վախենում հիմա, մարդն ասաց` չի ուզում այդ կեղծիքով ապրել, եւ պատմեց, թե ինչ է կատարվել իրականում:  Նույն Լուսինե Ավետյանը ցուցմունք էր տվել նաեւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի դեմ, էդ փուչիկն էլ պայթեց, բայց վերաքննիչ դատարանն իր տխրահռչակ որոշմամբ նրան կրկին կալանավորեց` համարելով, որ 30 մլն դրամի գարվը բավական չէր, մարդու, որը 5 անչափահաս երեխա ունի, 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, երեխեքն էլ, վիզը ծուռ, իրենց հորն են սպասում»,- նշեց փաստաբանը:

Դատական նիստը հետաձգվել է, այն կվերսկսվի դեկտեմբերի 27-ին: