Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ինչ-որ հրաշքով պլստալու ենք

Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ինչ-որ հրաշքով պլստալու ենք

Երբ Ուկրաինայում բանը հասել է նրան, որ ճակատի առանձին հատվածներում լեհ, բրիտանացի, հոլանդացի և այլն «տերօբորոնշիկները» պաշտպանվում են հյուսիսկորեացի «շտուրմովիկներից», երբ Ռուսաստանի ու Իրանի կողմից շպրտված Սիրիայում իշխանությունը վերցրած մարդիկ և թուրքական «գենշտաբը» ամերիկացիների կողմից շպրտված սիրիական քրդերի դեմ բացեիբաց համատեղ գործողություն են սկսում, իսկ կողքի քրդերը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները, ոնց որ թե, թուրքերի հետ էդ հարցում թիմ են, երբ Համասի և Հզբոլահի քոքը տալուց հետո Իսրայելը արաբական մնացյալ աշխարհի կողմից շպրտված Գազայում իր հարցերը ամենահինկտակարանյան ձևով է փորձում լուծել, երբ կողքի երկրի գլխավորն ասում է, թե միջանցքն ուժով է վերցնելու, իր հայրենակիցներին բերելու է այստեղ ապրելու, մենք էլ էստեղից-էնտեղից բերած զենքը պիտի հետ ուղարկենք, ու երբ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայի ընտրված նախագահի Պանամային, Կանադային ու Դանիային ներկայացվող տարածքային ու նմանօրինակ այլ պահանջների ֆոնին, ահավոր ուզում եմ հավատալ, որ այս անգամ ինչ-որ hրաշքով պլստալու ենք: Չգիտեմ ինչպես, բայց շատ եմ ուզում: Բայց ավելի շատ ուզում եմ հավատալ, որ պլստալուց հետո կզգանք, որ իսկապես հրաշքով ենք պլստացել, ու քաղաքական մեր խոսույթին բնորոշ հուզականությամբ ու նյարդով կլծվենք փոքր, պարզ հարցերի քննարկմանը: Կտրտված, լեռնային ռելիեֆի պայմաններում, եթե ինժեներականը լավ է արված, նորմալ ձիգ գունդը մինչև 25 կմ ճակատ է պահում: Էս պահին Հայաստանի սահմանը շուրջ 1500 կիլոմետր է: Այսինքն տեսականորեն բոլոր հնարավոր կողմերից հարձակմանն արձագանքելու համար 60 գունդ է պետք: Հարցը շատ պարզ է՝ կարողանում ենք մենք արդյոք ասենք 6 ժամվա մեջ սահմանով մեկ պաշտպանության առաջին շարակազմում 90 հազար մարդ նստեցնել, թե ոչ (հիշեցնեմ՝ խոսքը բոլոր չորս կողմերից հարձակման մասին է. զուտ տեսականորեն), ու մի 20 գունդ էլ առանձնացնել անխուսափելիորեն առաջանալիք ծակուծուկը փակելու ու հնարավորության դեպքում դիմացիններին ճեղքելու համար: Ընդհանուր առմամբ խոսքը մի 130 հազար մարդու մասին է: Եթե կարողանում ենք, դաշնակիցների փնտրտուքը, արտաքին կողմորոշման ու երաշխիքների մասին զրույցներն իմաստ են ձեռք բերում: Եթե ոչ, կներեք, գործընացներն ու հարակից քննարկումները ոչ մի իմաստ էլ չունեն: Լավ լուրն այն է, որ զուտ ժողովրդագրորեն նկարագրված խնդիրը բնավ էլ անլուծելի չէ: Վատն էլ այն է, որ այն լուծելու համար 20 թվից այս կողմ պիտի որոշակի աշխատանք արվեր, որը չի արվել ու շարունակում է չարվել:

Գարեգին Խումարյան