Թուրքի եւ ռուսի հիմնական խնդիրը, որ մենք լրիվությամբ տեղահանվենք․ Ստեփանակերտը դատարկվում է

Թուրքի եւ ռուսի հիմնական խնդիրը, որ մենք լրիվությամբ տեղահանվենք․ Ստեփանակերտը դատարկվում է

Երեկվանից Լաչինի միջանցքով Արցախից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան։ Այս պահի դրությամբ 4850 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Նրանք արդեն անցել են սահմանը, Հայաստանում են։ Կոռնիձորում քաղաքացիները գրանցվում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում։ 

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը․ «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը»:

Մենք դժվարությամբ, բայց կապ հաստատեցինք Ստեփանակերտում գտնվող Արցախի ԱԺ 1-ին եւ 2-րդ գումարման պատգամավոր, հասարակական գործիչ Աշոտ Սարգսյանի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք ստեղծված իրավիճակի շուրջ․ 

-Պարոն Սարգսյան, ի՞նչ վիճակ է հիմա Ստեփանակերտում։

-Դե համարյա լրիվությամբ Ստեփանակերտը տեղահանվում է․․․

-Կասե՞ք` հիմա ի՞նչ է կատարվում քաղաքում, կառավարությունն ի՞նչ է ասել ձեզ։

-Այս պահի դրությամբ իշխանություն գոյություն չունի Արցախում, դրա համար ժողովուրդը յուրովի ամեն մեկն իր հարցերը լուծում է․․․բենզինի պահով ասեցին՝ տալու են, մարդիկ հերթ են կանգնած, ես էլ 1365-րդ համարն եմ, թե երբ են տալու՝ դա է խնդիրը։

-Որտե՞ղ են հերթ կանգնած՝ բենզալցակայանների մո՞տ։

- Էստեղ ֆլեշի լցակայաններ ունեն, մարդ կա 3-4 տեղ հերթագրված է, որ կարողանան գոնե բենզին ստանան ու տեղափոխվեն։

-Շա՞տ մարդ է դուրս եկել քաղաքից։

-Մեծ քանակությամբ գնացել են արդեն, ստուգումներն էլ անձնագրային ստուգում չէ` սքաներով անցկացնում են, ասում են՝ ավտոմատ են բռնել, դրա համար մարդկանց մի քանի ժամ կանգնացրել են․․․ավտոմատը տանում եք Երեւան ի՞նչ անեք․․․ ժողովուրդը ամբողջությամբ հուսալքված է, որովհետեւ ռուս-թուրքական տանդեմը հրաշալի աշխատեց․․․:

-Հիմա քաղաքում ի՞նչ վիճակ է, լինո՞ւմ են կրակոցներ, ռուս խաղաղապահներ կա՞ն քաղաքի ներսում։

-Չէ, սա նույն Վանի պատմությունն է, հիշո՞ւմ եք՝ ռուսները եկան, ասեցին՝ ամեն ինչ լավ է լինելու եւ բոլորին տեղահանեցին, նույնը Ղարսի դեպքում․․․, բայց քանի անգամ մարդ կարող է այդպես խաբվել․․․ցավոք, ոչ Հայաստանում, ոչ Արցախում ազգային մտածելակերպով ղեկավար, բացի Արթուր Մկրտչյանից չենք ունեցել:

- Հիմա ձեր շենքից քանի՞ հոգի է դուրս եկել Ստեփանակերտից։

-Մեր շենքից այս պահին դեռ 4 հոգի է դուրս եկել, բայց մնացածը պատրաստված են, քիչ առաջ էլ աղջիկս Երեւանից զանգեց, ասեց, որ շտաբը հայտարարել է, որպեսզի խտացումներ չլինեն ճանապարհին, խնդրել են, որոշ ժամանակով սպասել, որ ճանապարհը մի քիչ ազատվի, բայց բոլորն էլ հիմնականում նախատեսում են վաղը առավոտյան դուրս գան, որովհետեւ առնվազն 5- 6 ժամ սպասում են․․․ ավտոբուսներով մարդկանց ուղարկում են, բայց նաեւ միայնակ շատ մարդիկ կան, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ, դա պիտի արդեն իշխանությունը, սոցիալական ծառայությունները հոգ տանեն, քանի որ իրենք գիտեն միայնակ ծերերի տեղերը․․․

-Իսկ ընդհանրապես ի՞նչ են թույլ տալիս ձեզ հետ վերցնեք։

-Աշխատանքային գրքույկները հիմա բոլորին բաժանել են, աբսուրդ բաներ էլ են եղել, օրինակ, մարդ կա՝ իր ռազմական դիպլոմը վառել է, բայց դե այնտեղ անգամ փաստաթղթեր չեն ստուգում, անցակետով անցնելիս սքաները դրված է, հիմանականում իրենք նայում են, որ զենք- զինամթերք չտեղափոխեն, նախ մեքենան է անցնում, հետո՝ մարդիկ են ոտքով անցնում, բայց ասում են, որ մարդկանց ընդհանրապես չեն ստուգում, այլ նրանց բեռները, որ տեսնեն ինչ են տեղափոխում եւ, ամենակարեւորը իրենց համար հաշվարկն է, թե քանի մարդ է դուրս եկել Ստեփանակերտից․․․

-Մարդիկ իրենց հետ վերցնո՞ւմ են իրենց տան սեփականության վկայականները։

- Անպայման, որ բերենք ներկայացնենք այդտեղ։ Մարդիկ կան, որ կամազներով ինչ ունեն տեղափոխում են, ոչ մի արգելք չկա․․․թուրքի եւ ռուսի հիմնական խնդիրը, որ մենք լրիվությամբ տեղահանվենք։ 

-Բնակչությանը մինչեւ անցակետեր ովքե՞ր են ուղեկցում, ռուս խաղաղապահներ կա՞ն։

-Մարդիկ, որ գնում հասնում են պոստեր, այդտեղ եւ ռուսներն են, եւ ադրբեջանցիները, դրանց ներկայությամբ է ամեն ինչ լինում՝ այդ ստուգումները․․․․։ 

- Մարդիկ ինչպես են հեռանում... սոցիալական ցանցերում գրում են, որ որոշները վառում են իրենց տները․․

-Չգիտեմ, ես ուզում էի հեռուստացույց, բան, ինչ որ կա՝ փչացնել, նոր վաղը դուրս գալ, բայց աղջիկս ասաց՝ պապ, ախր այդքան ժամանակ աշխատել ենք, դա մեր տունն է․․․ասեցի՝ լավ, այսպես էլ կթողնեմ, դուրս կգամ․․․շատ դժվար է․․․էդ տան կողքին ամենածար կորուստը հայրենիքի կորուստն է, թե չէ տուն է էլի, նույն տունը կարող ենք Երեւան էլ կառուցել։ 

-Իսկ Ստեփանակետում կա՞ն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում դուրս գալ եւ մինչեւ վերջ մնալու են։

-Մարդիկ պատրաստվում են էվակուացիայի եւ հիմնականում Ստեփանակերտը ամբողջությամբ դուրս է գալու, կարող է մի քանի հոգի մնան, որ գուցե հույս են փայփայում իրենց սրտի խորքում։