Դոնալդ Թրամփը լուծարում է Եվրամիությունը, որին փորձում է անդամակցել Հայաստանը

Դոնալդ Թրամփը լուծարում է Եվրամիությունը, որին փորձում է անդամակցել Հայաստանը

Օրերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարծես թե այնքան էլ չէր վերաբերում Հայաստանին. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին այցելեց Միացյալ Նահանգներ եւ հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա Վաշինգտոն էր գնացել՝ քննարկելու ԱՄՆ կողմից ԵՄ անդամ երկրների հետ առեւտրում սահմանված տուրքերի հարցը, բայց ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ինքը չի բանակցում Եվրամիության անունից, բանակցում է Իտալիայի անունից: Քանի որ Եվրամիությունը մեկ տնտեսական տարածք է, գոնե այս պահի դրությամբ, տրամաբանական կլիներ, եթե Վաշինգտոն մեկներ Եվրահանձնաժողովի վարչապետ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որի հետ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու ցանկություն չունի, մինչդեռ Իտալիայի վարչապետի նկատմամբ բարյացակամ է տրամադրված: Փաստացի, Թրամփն իր գործողություններով լուծարում է Եվրամիությունը, որը լիբերալ գլոբալիստական գաղափարախոսության արդյունք էր: Եվ քանի որ Հայաստանում իշխանության է հենց նեոլիբերալ գլոբալիստների կամակատարը, նրանք երկիրը տանում են մի տեղ, որտեղ տեղի են ունենում քանդման եւ փլուզման գործողություններ: 

ԱՄՆ նախագահն ուզում է ԵՄ յուրաքանչյուր երկրի հետ առանձին պայմանավորվել, կախված նրանից, թե ով ինչ կառաջարկի ԱՄՆ-ին: Օրինակ, Ջորջա Մելոնին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իտալիան մտադիր է առաջիկայում ավելացնել ԱՄՆ-ից հեղուկ գազի ներմուծումները, զարգացնել ատոմային էներգետիկայի հետ կապված ծրագրերը, ինչը ենթադրում է, որ Իտալիան պատրաստ է ամերիկյան ընկերություններին իր երկրի տարածքում ատոմային էլեկտրակայաններ կառուցելու պատվերներ տալ: Մելոնին հայտարարեց, որ առաջիկա տարիների ընթացքում 10 միլիարդի ներդրումներ կարվեն, ենթադրվում է՝ Իտալիայի կողմից ԱՄՆ-ի տարածքում: Արդյո՞ք սա բավարար է, որ Թրամփը փոխի իր վերաբերմունքն Իտալիայի նկատմամբ, թե ոչ` միայն ինքը գիտի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան է ԱՄՆ-ի եւ Իտալիայի միջեւ ապրանքաշրջանառությունը, որքան է այդ ապրանքաշրջանառության բացասական սալդոն` արտահանման եւ ներմուծման տարբերությունը, եւ եթե առաջարկված լուծումները բերեն նրան, որ այդ բացասական սալդոն չեզոքացվի, հնարավոր է, որ տուրքերը եւս իջնեն կամ ընդհանրապես չեղարկվեն: 

Իսկ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն եւ Իտալիան սեպարատ պայմանավորվածության գան. մի պահ պատկերացրեք, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ իտալական ապրանքների նկատմամբ բացառություն է անում եւ չեղարկում է այդ երկրում արտադրված ապրանքների ներմուծման համար սահմանված տուրքերը, իսկ ԵՄ մյուս երկրների նկատմամբ պահպանում է: Սա կնշանակի, որ Եվրամիության ընդհանուր տնտեսական տարածքը վերանում է, որովհետեւ Իտալիան պետք է մաքսային սահման դնի հարեւան Ֆրանսիայի եւ Ավստրիայի հետ, որ ֆրանսիական կամ ավստրիական ապրանքները չբերվեն Իտալիա եւ իտալականի անվան տակ արտահանվեն ԱՄՆ: Քանի դեռ դա վերաբերում է միայն Իտալիային, հնարավոր է, որ Իտալիան, նկատի ունենալով, որ իր ապրանքաշրջանառությունը ԵՄ մյուս երկրների հետ միասին վերցված ավելի շատ է, քան առանձին վերցված ԱՄՆ-ի հետ, հրաժարվի օգտվել առանձնաշնորհյալի դիրքից, բայց ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն Իտալիայի օրինակով տարբերակված քաղաքականություն վարի եվրոպական երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ: Այդ դեպքում ԵՄ երկրներից յուրաքանչյուրը կփորձի իրացնել իր առավելությունը, օգտվել ԱՄՆ-ի կողմից իրեն վերապահված արտոնությունից: Հենց դա տեղի ունեցավ, իմացեք, որ Եվրամիությունը, որպես մեկ տնտեսական օրգանիզմ, գոյություն չունի: Իսկ որ դա այդպես էլ կլինի, կարելի է չկասկածել. եթե Իտալիայի վարչապետը գնացել է Վաշինգտոն եւ ԱՄՆ նախագահին տնտեսական խոստումներ է տալիս, նշանակում է՝ նա Իտալիայի համար տարբերակված վերաբերմունք է ակնկալում:

Եվրամիությունը, որպես մեկ միասնական քաղաքական միավոր, ըստ էության, արդեն գոյություն չունի: Երբ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Կայա Կալասը հայտարարեց, որ անթույլատրելի է, որ ԵՄ անդամ երկրների եւ անդամության ցանկություն ունեցողների ղեկավարները մայիսի 9-ին այցելեն Մոսկվա` մասնակցելու հաղթանակի 80-ամյակի առիթով կազմակերպվող տոնակատարություններին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն միանգամից արձագանքեց` ասելով, որ ինքը գնալու է Մոսկվա եւ մտադիր չէ հետեւել Կայա Կալասի ցուցումներին, քանի որ Սլովակիան ինքնիշխան պետություն է: Ի դեպ, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի այցը Վաշինգտոն եւ սեպարատ բանակցություններն ԱՄՆ նախագահի հետ եւս ինքնիշխանության դրսեւորում են: Այլապես Մելոնին պետք է ասեր, որ իրենք համերաշխ են ԵՄ-ի հետ` ինչպիսի տուրքեր կլինեն ԵՄ մյուս բոլոր երկրների համար, թող այդպես լինի նաեւ Իտալիայի համար:

Եվրամիությունը դադարել է գոյություն ունենալ նաեւ որպես մեկ ռազմական միավոր: Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ձեւավորում են «ցանկացողների դաշինք», ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն, որպես այդպիսին, գոյություն չունի: Եվրոպական բազմաթիվ երկրներ սկսել են էականորեն ավելացնել իրենց ռազմական ծախսերը, բանակի թվաքանակը` Լեհաստանը հայտարարում է, որ ուզում է ԵՄ ամենամեծ բանակն ունենալ, ինչը նշանակում է, որ անվտանգության ոլորտում նրանք հույս չեն կապում ՆԱՏՕ-ի, ամերիկյան բանակի հետ:

Նման իրավիճակում, երբ Եվրամիությունը, ըստ էության, դրսից հասցվող հարվածների տակ ներսից ճաքեր է տալիս եւ քանդվում, Հայաստանը որոշում է կայացնում անդամակցել այդ քանդվող կառույցին: Նախորդ դարի 80-ականների վերջին, 90-ականների սկզբին մի խոսութ կար, ըստ որի՝ Հայաստանը պետք է հնարավորինս արագ դուրս գա քանդվող ԽՍՀՄ-ից` դրա փլատակների տակ չմնալու համար: Այն ժամանակ դա հաջողվեց: Հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակը. Եվրամիությունը քանդվում է, իսկ Հայաստանն ինքնակամ, ամբողջ մարմնով փորձում է մտնել դրա փլատակների տակ` չօգտվելով այդ միության ընձեռած առավելություններից, վնասներ կրել դրա փլուզման հետեւանքներից: Ի՞նչ է սա, եթե ոչ թշնամություն, ի՞նչ է սա, եթե ոչ սեփական երկրի շահերի դեմ իրականացված դավաճանություն: Այն ժամանակ, երբ աշխարհի յուրաքանչյուր երկրի ղեկավար առաջնահերթ հռչակում է իր երկրի շահը`«առաջնայինը Ամերիկան է», «առաջնայինը Իտալիան է», «առաջնայինը Սլովակիան է», Հայաստանի իշխանության ղեկին գտնվողները Հայաստանի շահերը ստորադասում են այլ երկրների, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին եւ քմահաճույքներին: