Նախարարները պետք է այդ մարդկանց գտնեն և լիցքաթափվելու հնարավորություն տան

Նախարարները պետք է այդ մարդկանց գտնեն և լիցքաթափվելու հնարավորություն տան

«Գործարար միջավայրի համար պետք է ստեղծվեն լավագույն պայմանները և ուզում եմ արձանագրել, որ պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և, ընդհանրապես, քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական։ Նախ՝ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է օգնել՝ օգնել»,-այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև նա նկատեց, որ այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, որոնք երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած՝ իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի։

«Եվ էդ մարդիկ, եկեք արձանագրենք, շատ չարացած են էսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա շատ չարացած են։ Եվ եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ էդ չարացածությունը պարպում են էդ մարդկանց վրա»,-ասաց վարչապետը։

Ապա արձանագրեց, որ նաև նախարարների պարտականությունն է՝ կաբինետներում այդ մարդկանց գտնել և լիցքաթափվելու հնարավորութուն տալ նրանց։

«Թող գնան մաքուր օդ շնչեն, ուրիշ զբաղմունք գտնեն։ Եվ պետք չի, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմեն, պատմեն, աղաղակեն, որպեսզի էդ խնդիրը լուծվի։ Էսօր մենք գիտենք դա և մենք առաջին օրից եկել ասել ենք՝ մենք չենք պատրաստվում գերանդին առնել հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել։ Բայց էդ մարդիկ պետք ա պետական կառավարման համակարգից թողնեն գնան, զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ հիմա ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն լինելը, և դա նորմալ է։