Նախքան Արամ Բարսեղյանի ձերբակալման բողոքի քննությունը, նրան «հրավիրել են» կալանավորման համար

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով երեկ ձերբակալվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ.-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ.-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ.-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ. մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի` աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ.-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում։
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ժամը 18-ին նախատեսված էր դատարանում ձերբակալման բողոքի քննությունը, բայց մինչ այդ զանգահարել են և «հրավիրել» մեղադրանք առաջադրելու։ Աթանեսյանը ենթադրում է, որ նաև՝ կալանավորման։
Հիշեցնենք, որ պաշտպանն այս քրեական գործով երեկ գրել էր․ «Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախևառաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։ Այդ հարցն ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է»։
Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ է վարույթ իրականացնող մարմինը հրաժարվել, Աթանեսյանը պատասխանեց․ «Ոչ թե հրաժարվել են, այլ որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել, և ես էլ համարեցի, որ էս պահին անիմաստ է, որ տանենք, ինչ-որ բան հատուցենք։ Ես ասում էի՝ ինչ-որ մի բան հատուցել, համաձա՞յն ենք, թե ոչ, սա՝ մի կողմ, բայց ընդամենը, որ անազատության մեջ չհայտնվի»։
Հիշեցնենք, որ ընդունված պրակտիկա է՝ եթե մարդը կատարում է վնասի փոխհատուցում, չի կալանավորվում։
Կարծիքներ