6 տարի քանդեցին, քանի՞ տարի է պետք՝ կառուցելու համար
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հանքային ջրերի գործարանը, որը մինչեւ 1991-ը օրական 30 հազար շիշ հանքային ջրի արտադրության թողունակություն ուներ, 1992-ից, էներգետիկ ճգնաժամի պատճառով, մատնվեց անգործության եւ փակվեց: 2018 թվականին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը չինացի գործարարներին ներկայացրել էր մի քանի հանքահոր։ Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկել էր Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռքբերման հեռանկարը։ 6 տարի է անցել, սակայն գործարանի տարածքում դեռ շինարարական աշխատանքներ չեն կատարվում: Գործարանի նախկին սեփականատերերն ամբողջովին գործարանը քանդել-տարել են: Հիմա միայն դատարկ տարածքն է, որտեղ պետք է կառուցվի գործարանը:
Լիճք համայնքի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չինական ընկերություն է, այս պահին նախագծային աշխատանքներ են կատարում, որին կհաջորդի շինարարությունը: Ըստ գյուղացիների՝ Լիճք համայնքում մի քանի հանքային ջրի աղբյուր կա, որոնք բուժիչ հատկություններ ունեն: «Մենք մեր հարստությանը տեր չենք կանգնում, հսկայական գործարանը փակեցին, հիմնահատակ քանդեցին, այնինչ կարող էր աշխատել, գյուղացիներին աշխատանքով ապահովեր: Գյուղում աշխատանք չկա, մեծամասնությունն արտագնա աշխատանքի է գնում: Երկար տարիներ հետո ինչ-որ մարդիկ են եկել եւ ասում են, որ նոր գործարան են կառուցում: Եթե դա ճիշտ լինի, լավ կլինի, աշխատատեղեր կբացվեն: Բայց ոնց հասկանում ենք, էս 6 տարի ա՝ դեռ քանդում են, բայց ոչինչ չեն սարքում»,- մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները:
Փորձեցինք կապ հաստատել չինական ընկերության հետ, որը գնել է Լիճք հանքային ջրերի գործարանը, հասկանալու, թե ինչ փուլում են աշխատանքները, երբ կկառուցվի գործարանը, քանի աշխատատեղ կբացվի, ինչ անուն կունենա այն հանքային ջուրը, որը գործարանը պատրաստվում է արտահանել: Ընկերության թարգմանչուհին՝ Ինա Ուլուխանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ հստակ բան չի կարող ասել, քանի որ բոլոր գործընթացները քննարկման, հաշվառման փուլում են: Միայն հստակեցրեց, որ Լիճք հանքային ջրերի գործարանը կպահպանի իր անվանումը, իսկ աշնանը կսկսվի գործարանի կառուցումը:
Կարծիքներ