Այսուհետ չենք հանդուրժելու խոսնակների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը

Այսուհետ չենք հանդուրժելու խոսնակների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը

Երեկ մենք լուր էինք ստացել, որ ԱԳՆ-ում կորոնավիրուսով հիվանդներ կան, այդ թվում՝ երկու փոխնախարարները: Շտապ կապվել էինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Սակայն նա սովորության համաձայն ժամեր անց է արձագանքում մեր զանգերին ու նամակներին։ Երկար սպասելուց հետո ստացել էինք հերքող պատասխան՝ անորոշ ու սմայլիկներով։ Կրկին կապվել էինք ԱԳՆ աշխատակազմում աշխատող անձանց հետ, ստացել էինք հաստատում եւ հրապարակել էինք լուրը՝ այն համարելով կարեւոր, հետաքրքիր եւ օպերատիվ հրապարակման ենթակա։ Լուրը հրապարակելուց րոպեներ անց այլ աղբյուրից որոշ ճշտումներ արեցինք եւ փոքր ինչ խմբագրեցինք տեքստը, քանզի մենք ավելի շատ ենք շահագրգիռ ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելու հարցում, քան ցանկացած գերատեսչություն եւ խոսնակ։ Մեզ ասել էին, որ վարակվածներ կան, սակայն թեստերի պատասխաններն ավելի ուշ կլինեն, ուստի վերաձեւակերպեցինք, որ ԱԳՆ-ում վարակման կասկած կա, այդ թվում՝ փոխնախարարների կազմում։

Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց ԱԳՆ խոսնակն իր պատին մի զայրացած գրառում է անում, թե մենք խախտել ենք էթիկայի կանոնները, ինքը մշտապես բաց է եւ ազնիվ բոլոր լրատվամիջոցների հետ՝ «առանց նրանց քաղաքական կամ որևէ այլ ուղղվածությունը» հաշվի առնելու։ Այ քեզ մեծահոգություն։ Եւ այդ խառնափնթոր տեքստում, որտեղ նախ զայրույթ է, վիրավորանք, հետո հերքման պահանջ եւ հետգրությամբ՝ մեր լուրի հաստատում, անհասկանալի մուննաթ է՝ ուղղված մեզ, թե ինչպես չենք գնահատում իրենց տիտանական աշխատանքը։ Կարծես թե այդ աշխատանքը չի վարձատրվում, այն էլ մեր վճարած հարկերից եւ իրենց գործը հասարակությանը, իսկ մամուլի խոսնակի պարտականությունը՝ լրատվամիջոցների աշխատանքին աջակցելը չէ։

Մինչդեռ ԱԳՆ խոսնակն ազնիվ չի գտնվել անգամ լրագրողի հետ նամակագրությունը ներկայացնելու հարցում՝ նշել էր միայն իրեն ձեռնտու հատվածը։ Իսկ մեր լրագրողի հարցին, թե ԱԳՆ աշխատակազմում կա՞ն վարակվածներ, ինչ որ անորոշ հղում էր արել ինչ-որ անհայտ ժամանակահատվածում մեր լրատվամիջոցի մեկ այլ լրագրողին տված իր մեկնաբանությանը։ Նշենք նաեւ, որ Նաղդալյանին լրագրողը դիմել է ժամը 15։55-ին, նյութը հրապարակել ենք 19:53- ին, այսինքն՝ շուրջ 4 ժամ խոսնակից փորձել ենք որևէ հոդաբաշխ մեկնաբանություն ստանալ, չի հաջողվել։ Այո, մենք պնդում ենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԱԳՆ-ն չի պատասխանում մեր հարցերին կամ՝ ապակողմնորոշում է մեզ։ Փոխարենը՝ մասնագիտացել է հետին թվով բացատրություններ տալու, հերքումներ տարածելու, իշխանական լեքսիկոնով ասած՝ կռուտիտներ անելու գործում։  Փաստ է, որ վարակակիրներ կային ԱԳՆ-ում եւ դրա մասին խոսնակը գիտեր մեր հարցումն անելու պահին։ Փաստ է, որ ներկայացրել ենք իր պատասխանը՝ «այս պահին» բառակապակցությունն էլ հենց իր մատնանշած «հայտնաբերված» բառի իմաստն էր պարունակում, այնպես որ էթիկայի ոչ մի խախտում չկա։ Եւ քանի որ որեւէ կերպ չեն աջակցել մեր տեղեկությունը ճշտելու-հրապարակելու գործընթացին, որեւէ իրավասություն էլ չունեն քննարկել կամ քննադատել մեր հրապարակումը։ Թե մենք ինչ ենք գրել, ապա ինչպես ենք խմբագրել մեր լուրը, դա բացառապես մեր իրավունքն է։ Եւ դա արել ենք առավելագույն ճշգրիտ լինելու նպատակով ՝ որ տարբեր խոսնակներ հնարավորություն չունենան ձվի մեջ մազ փնտրել։ 

Ազնվությունից ու անկեղծությունից էլ աշխատեք առհասարակ չխոսել, ձեր գործը մամուլի խոսնակի պարտականություններն են՝ օպերատիվ, առանց ուշացնելու եւ հնարավորինս լիարժեք տեղեկատվություն փոխանցելը, որի մեջ չի մտնում մամուլի աշխատանքը գնահատելը։ Այսուհետ աշխատեք բարեխղճորեն կատարել այդ պարտականությունները, իսկ մեր աշխատանքի գնահատականը կտա ընթերցողը։

ՀԳ․ Խոսնակների այս աշխատաոճն արդեն լցրել է մեր համբերության բաժակը։ Այս ինստիտուտը վերածվել է լուրջ խոչընդոտի խոսքի ազատության ճանապարհին։ Նրանք երբեք օպերատիվ չեն պատասխանում մեր հարցերին, չեն նպաստում ինֆորմացիա ստանալուն։ Եթե անգամ ինչ-որ բան ասում են, խնդրում են՝ իրենց չվկայակոչել։ Իսկ երբ բանավոր ասվածն օգտագործում ես, հաջորդ օրը պաշտոնական հերքում են տարածում եւ վնասում մեզ։ Խոսնակները հաճախ մեզնից են իմանում նորությունները, դժվար են կողմնորոշվում, թե ումից ճշտեն այդ տեղեկությունը։ Ամեն կերպ խոչընդոտում են մեր եւ իրենց ղեկավարության, կամ՝ գերատեսչության այլ աշխատակիցների հետ շփումներին։ Հարցազրույցներից ու բրիֆինգներից հետո զանգում խնդրում են այս կամ այն մասը «շեֆի» ասածի՝ խմբագրել կամ հանել եւ այլն, եւ այլն։ Մենք հաճախ ընդառաջել ենք նրանց, ծածկել նրանց ոչ պրոֆեսիոնալիզմը, կատարել փոքրիկ խնդրանքները։ Բայց այլեւս չենք պատրաստվում հանդուրժել այս վիճակը։ Մենք պարտադրելու ենք մամուլի խոսնակներին պատշաճ կատարել իրենց պարտականությունները եւ այսուհետ չենք խնայելու նրանց՝ նկատելու ենք բոլոր բացթողումները, բոլոր վրիպումները, մեր հարցերի պատասխանն ուշացնելու դեպքում համարժեք պատասխան են ստանալու եւ թույլ չենք տալու զազրախոսել մեր հասցեին, վարկաբեկել մեզ։ 

Հրապարակ