Սիսիանում «սայլը» տեղից չի շարժվում՝ բանակցությունները մտել են փակուղի

Սիսիանում «սայլը» տեղից չի շարժվում՝ բանակցությունները մտել են փակուղի

Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն է ստացել՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979 ձայն եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794 ձայն։

Ավագանու 21 մանդատ կա եւ համայնքապետ ընտրելու, իշխանություն ձեւավորելու համար հարկավոր է 11 ձայն։ Ոչ մի ուժ 11 ձայն միանձնյա չունի։
Մենք գրել էինք, որ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ կենաց-մահու պայքարով են վերջին 1 մանդատը ստացել՝ ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։

«Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։

Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի» առաջին համարը զբաղեցնող Սևակ Մուսաթյանն օրեր առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ Քաղպայմանագրի հետ կոալիցիա կազմելու համար որևէ առաջարկ չի ստացել: «Ոչ մեկի կողմից առաջարկ չենք ստացել, ոչ իշխանական շրջանակներից, ոչ էլ ոչ իշխանականներից: Հավանաբար մեր մանդատների քանակն, ըստ իշխանությունների, այնքան էլ շատ չէ և հենց այդ պատճառով էլ մեզ դեռևս չեն դիմել», - ասել էր նա: Սակայն նույնիսկ եթե այս 2 ձայնն էլ միանա ՔՊ-ին, 11 չի ստացվում, ուստի կոալիցիա կարող է կազմվել միայն «Ապրելու երկիր» կուսակցության հետ համաձայնության գալով, որ 4 ձայն գումարվի իր 8-ին եւ բավարար ձայներով իշխանություն ձեւավորվի։ Գրել էինք նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չեմ միանա ՔՊ-ին։ Եւ Արա Զաքարյանը, որը նույնպես խնդիրներ ունի ՔՊ-ական թեկնածուի հետ, հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից իշխանական ճնշումներն են եւ ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցած մտերմությունը, մյուս կողմից համայնքային վիճակն ու միջանձնային տարաձայնությունները։

Օրերն անցնում են, «սայլը» տեղից չի շարժվում: Ինչի՞ և ո՞ւմ են սպասում Սիսիանում ձայներ ստացած կուսակցություններն ու դաշինքները, ինչ պրոցես է ընթանում Սիսիանում՝ իշխանություն ձեւավորելու ուղղությամբ։ Մենք փորձեցինք պարզել ՔՊ-ի առաջին համարը զբաղեցնող, Սիսիանի համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանից: Հակոբջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս ոչ մի փոփոխություն չկա. «Դե ոնց գիտեք», - ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու ՔՊ-ն կոալիցիայի առաջարկով չի դիմում, օրինակ` Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքին, գուցե դաշինքի առաջին համարը զբաղեցնող Սևակ Մուսաթյանի հետ ունեցած տարաձայնություննե՞րն են պատճառը, որը պարոն Մուսաթյանը մեզ հետ զրույցում հաստատել էր: Հակոբջանյանը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Չեմ ուզում՝ չեմ դիմում: Ամսի 12-ին կլինի ավագանու նիստ, որոշակի հարցեր պարզ կլինեն, էսքան՝ բավարարվեք», ասաց նա: