Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչ մի դրական բան սպասել հնարավոր չէ

Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչ մի դրական բան սպասել հնարավոր չէ

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է:

-Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա կրակ է բացել, վիրավորներ ու զոհ ունենք: Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ ինչո՞ւ է ռազմական էսկալացիա սկսվում:

-Ադրբեջանի քայլերը կարող ենք տարբեր կերպ բացատրել: Նրանք միշտ էլ գնում են լարման բանակցություններից առաջ և հետո: Կարևոր է հասկանալ ընդհանուր տրամաբանությունը՝ ինչու՞: Իմ համոզմամբ, Ադրբեջանը առաջնորդվում է իրողությունները գետնի վրա փոխելու և ըստ այդ բանակցային բովանդակության վրա ազդելու տրամաբանությամբ: Մայիսի 12-ին լրացավ երկու տարի, ինչ ադրբեջանցիները հայտնվեցին Սև լճի տարածքում: ՀՀ իշխանություններն ասում էին, որ մինչև դուրս չգան այնտեղից, որևէ բանակցություն չի լինի: Նրանք դուրս չեկան, իսկ մեր իշխանությունները շարունակեցին բանակցել: Հետո եղան էսկալացիայի տարբեր փուլեր ու անցած տարվա սեպտեմբերի լայնամասշտաբ հարձակումը, որի հետևանքով մենք ունենցանք թե՛ մարդկային, թե՛ տարածքային լուրջ կորուստներ: Այդ ֆոնին հայկական կողմը միմիայն նվազեցնում է իր նշաձողերը, ընդ որում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցում: Սադրանքները ճնշման գործիք են: Ադրբեջանը որևէ կերպ չի պատժվում ագրեսիայի համար, դրա համար էլ շարունակում է այդ գործելաոճը: Բայց կա մի հստակ բան՝ նրանք մեր դեմ պատրաստվում են լայնամասշաբ պատերազմի, դա ապացուցվում է թե՛ Ալիևի ելույթներով, թե՛ անցկացվող զորավարժություններով, թե՛ զենքի մեծաքանակ գնման փաստերով և թե՛ տարբեր երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության խորացմամբ: Կույր պետք է լինել դա չտեսնելու համար: Մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչում են ոչ միայն զուտ քարոզչական նպատակներով: Դա պետք է գնահատել որպես ագրեսիայի նախապատրաստման հիմք: Եթե մենք պատրաստվենք այդ տրամաբանությամբ, մենք կկարողանանք կանխել պատերազմը, եթե մեզ խաբենք կեղծ «խաղաղասիրությամբ» ու հավատանք, թե զիջումները խաղաղություն են բերելու, ապա կվտանգենք հայոց պետականությունն առհասարակ: Ադրբեջանի ախորժակը Արցախով չի սահմանափակվում, սա պետք է հասկանալ, Ալիևը պարզ տեքստով ասում է, որ հաջորդ թիրախը Սյունիքն է:
 
-Ի՞նչ սպասել վաղվա Փաշինյան-Ալիև- Միշել հանդիպումից: Ի՞նչ հանդիպում է նախատեսված և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հանդիպումը սահմանային իրավիճակի վրա:

-Ոչ մի դրական բան սպասել հնարավոր չէ: Հայկական կողմը չունի բանակցային բովանդակություն, տեսլական ու ռազմավարություն: Արցախի հարցում նրանք արդեն շատ վտանգավոր զիջումների են պատրաստ գնալ: Դա երևաց վաշինգտոնյան հանդիպումից հետո մամուլում հայտնված տեղեկատվության մեջ: Նրանք պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Այդ ֆոնին Ադրբեջանը սադրանքների է գնում ՀՀ սահմանների երկայնքով, քանի որ դրանով չի պատրաստվում սահմանափակվել: Ցավոք, միջնորդներն էլ՝ ԱՄՆ, ԵՄ կամ ՌԴ, որևէ իրական ճնշում չեն գործադրում այսօր Ադրբեջանի վրա: Պետք է բացառել ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը, քանի որ դա դարձել է միջոց Ադրբեջանի համար ամեն բանակցությունների ժամանակ մի նոր ավել բան հայկական կողմից կորզելու առումով: Այսպես խաղաղություն չեն կառուցում, այսպես ավելի են բարդացնում իրավիճակը: Եթե ինչ-որ մի կողմ ուզում է իսկապես խաղաղության երաշխավոր հանդես գալ մեր տարածաշրջանում, ապա պետք է ցույց տա, որ ունակ է և ցանկություն ունի զսպել Ադրբեջանին, կանխել ագրեսիան: Ես դեռևս նման ուժ չեմ տեսնում, դրա համար էլ բանակցություններից որևէ դրական բան ակնկալել չեմ կարող: