Թողեք մի քանի ժամ էլ պահենք Պատրոն Դավիթին

Թողեք մի քանի ժամ էլ պահենք Պատրոն Դավիթին

Այսօր զենքի մատակարար Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի դատարանի կողմից տրված կալանքի ժամկետը լրացել է, սակայն մինչ այս պահը Երևան ՔԿՀ-ից նրան ազատ չեն արձակել: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ` օգոստոսի նա կրկին կալանավորվեց։ Իսկ մինչ այդ` ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ՝ օգոստոսի 1-ին, Անդրանիկ Քոչարյանն էր առաջինը հայտարարել, որ Պատրոն Դավիթին կրկին կալանավորելու են, սակայն կալանավորումը տեղի ունեցավ մոտ 2 շաբաթ անց: 
Սակայն ամբողջ բանն այն է, որ այն գործը, որով կալանավորել են Դավիթ Գալստյանին, գործի վաղեմության ժամկետն անցել է, եւ օրենքը չնայած չի արգելում քրեական վարույթ իրականացնել՝ քննություն կատարել եւ այլն, մանավանդ եթե մարդն արդարացում է պահանջում, սակայն արգելում է կալանավորել մարդուն։ Քանի որ անգամ եթե անձի մեղքը հաստատվի, դատարանը որեւէ պատիժ չի կարող սահմանել՝ վաղեմությունն անցած մեղադրանքով։

Բայց քանի որ հրահանգված էր Պատրոնին կալանավորել, իրավապահներն՝ ինչ որ անօրինական ֆոկուսով «ջրել»էին վաղեմության ժամկետը եւ նրան նորից բերդ տարել։ Կալանավորման համար հիմք էին ընդունել իբրեւ թե վկաներից մեկի նկատմամբ գործադրված ճնշումը, սակայն այդ վկան էլ անցնում է Գալստյանի մյուս գործով եւ ճնշման փաստն ապացուցված չէ։ Ամեն դեպքում` արդեն լրացել է մեկամսյա կալանքի ժամկետը եւ Դավիթ Գալստյանը պետք է այսօր ազատ արձակվեր:
«Հրապարակը» Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Գալստյանն ազատ չի արձակվում, ի՞նչ հիմքով` եթե կալանքի ժամկետը լրացել է: Մեր հարցին ի պատասխան նախարարության խոսնակն ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, մինևնույն ժամանակ նույն հոդվածը կարգավորում է օրվա ընթացքի սկիզբն ու ավարտը, որի համաձայն` ժամկետի ընթացքը վերջանում է տվյալ օրվա ժամը 24:00-ին: Այս պարագայում Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը լրանում է ժամը 24:00-ին: Դրանից հետո կալանավորվածն ազատ է արձակվում», - նշեց նա:
Փաստորեն, այնքան մեծ է Պատրոն Դավիթին նստեցնելու ցանկությունը, որ նման ժամային հաշվարկներ են անում, որ մի քանի ժամ ավելի պահեն կալանավայրում: