Պատրոն Դավիթից մինչեւ Սաշիկ Սարգսյանի որդի․ ովքեր են դեռեւս ճաղերի ետեւում

Պատրոն Դավիթից մինչեւ Սաշիկ Սարգսյանի որդի․ ովքեր են դեռեւս ճաղերի ետեւում

Հայաստանի քննչական մարմիններում քրեական գործերի պակաս չկա, հատկապես՝ մեծ է հանրային, քաղաքական դեմքերի նկատմամբ հարուցված քրգործերի թիվը։ Այդ գործերով անցնող մեղադրյալներից շատերը որոշ ժամանակ կալանքի տակ մնալուց հետո ազատության մեջ են հայտնվում, օրինակ՝ 2017 թվականի ընտրությունների կեղծիքների գործով անցնող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դատարանն ազատ արձակեց պատերազմը սկսվելուց հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ 2 տարի կալանքի տակ պահելուց հետո ոչ միայն ազատ արձակեցին, այլեւ քրեական գործը կարճվեց։ 

Վերջին երեք տարում մեծ թվով մարդիկ կալանավորվեցին, ապա ազատ արձակվեցին, սակայն կան մարդիկ, որոնք չնայած մեծ հանցանքներ չեն կատարել, սակայն շարունակում են մնալ կալանքի տակ։

Մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է գտնվում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նա չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նախկին պաշտոնյայի փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց՝ պարբերաբար բողոքներ են ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, սակայն մերժվել են։ Ինչ վերաբերում է տևական ժամանակ կալանավորված մնալուն, պաշտպանն արձագանքեց․ «Վերմիշյանի կալանքի տակ պահելու հետ կապված հարցի վերաբերյալ շատ խնդրահարույց ու սուբյեկտիվ մոտեցումներ կան, ինչը նաեւ պարոն Վերմիշյանն, ըստ էության, դիտարկում է որպես իր անձով պայմանավորված հանգամանք, մանավանդ դատաքննության փուլ մտնելուց հետո այդ միջնորդությունները ներկայացվեցին, բայց դե․․․Կալանքի երկարացման նախորդ միջնորդությունը դատախազը ներկայացրեց այն տրամաբանության մեջ, որ պարոն Վերմիշյանը դեռ բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց անցած տարվա փետրվար ամսից այդ մարդը պաշտոն չի զբաղեցրել»։

Խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, այս տարվա սկզբից է կալանքի տակ, նրա գործը հասել է վճռաբեկ դատարան։ Պաշտպանը դիմել է Վճռաբեկ՝ խափանման միջոցը փոփոխելու հարցով: Օրերս էլ Ազգային անվտանգության ծառայությունն է դիմել դատարան Դավիթ Գալստյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու հարցով, ինչը դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է: Ի դեպ, Պատրոն Դավիթի կալանքի հարցը մշտապես Մնացական Մարտիրոսյանի վարությում է հայտնվում։

Փետրվարի 22-ից կալանքի տակ է Վստրեչի Ապեր անունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը։ Նա ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել է: Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար:

Օրերս դատարանը մերժեց նաեւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ 

Տևական ժամանակ է անազատության մեջ է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը։ Դատարանը պարբերաբար մերժում է նրան ազատ արձակելու միջնորդությունները։ Հիշեցնենք` Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Ճակատագիրը անողոք է նաեւ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) նկատմամբ․ 1 տարի կալանքի տակ գտնվելուց հետո մի քանի ամիս առաջ նա 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր, Վճռաբեկ դատարանի որոշումով Սարգսյանը կրկին հայտվեց ճաղերի ետեւում։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու և Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահելու համար։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Վճռաբեկի որոշմանը նշեց․ «Դատական ակտում նշվել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևություն է արել՝ գտնելով, որ գրավը ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը կզսպի, քանի որ նա իրավացիորեն կարող է քննությունից թաքնվել, գործով անցնող անձանց վրա ազդել և նոր հանցանք գործել:

Նշվում է նաև, որ Ն. Սարգսյանի կողմից պատերազմի ընթացքում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին մեծ չափի դրամական աջակցություն տալու հանգամանքը, խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն ունենալ չէր կարող։ Ն. Սարգսյանն ազատության մեջ է մոտ 5 ամիս, ազատության մեջ գտնվելով, վերջինս մշտապես, պարտաճանաչ կերպով ներկայացել է բոլոր դատական նիստերին, ազատության մեջ լինելով դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հանդես է եկել դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ, այս ընթացքում քաջ հասկանալով, որ հենց այնպես վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ չի ընդունել և ինչ է լինելու դրա արդյունքում, սպասել է այդ որոշմանը: 

Այս իրողությունում գոյություն չունի Վճռաբեկ դատարանի այն մտահոգությունները, թե որևէ մեկի վրա անձը կազդի, կթաքնվի քննությունից կամ նոր հանցանք կկատարի: Բայց դե Վճռաբեկ դատարանի կողմից հո չէր արձանագրվի, թե անկախ ամեն ինչից անձը այս 5 ամսում օրինակ ազատության մեջ գտնվելով ինչ վարքագիծ է դրսևորել: Վստահ եմ,, սակայն, որ այս հանգամանքները առնվազն որոշում կայացնելիս քննության առարկա է դարձվել»։

Մի բան պարզ է, որ ոմանց կալանքի տակ պահելու իմաստը բոլորովին չի հասկացվում՝ մանավանդ երբ պարզում ես, թե այլոց ինչ հանգամանքներում են ազատ արձակել։