Արայիկ Հարությունյանն ասում է մի բան, անում՝ մեկ ուրիշ, մեզ հետ ոչինչ համաձայնեցված չէ

Արայիկ Հարությունյանն ասում է մի բան, անում՝ մեկ ուրիշ, մեզ հետ ոչինչ համաձայնեցված չէ

Հարցազրույց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ

- Մինչ Հայաստանի ընդդիմադիր դաշտը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից չի հրաժարվում, Արցախում կարծես թե քաղաքական կոնսենսուս է ձեւավորվում ազգային համաձայնության կառավարության շուրջ, Արայիկ Հարությունյանը վերջին օրերին կադրեր է փոխում: ԱՀ նախագահը պատասխանատվություն չի՞ կրում կատարվածի համար:

- Ես կասեի՝ Արցախից սկիզբ դրվեց հրաժարականի պահանջի գործընթացը: Հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո ԱՀ խորհրդարանական 4 ուժեր համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ պահանջելով Հարությունյանի հրաժարականը: Բայց բոլորս հասկանում ենք, որ դա բարոյական տիրույթում է, քանի որ Սահմանադրությունը մեկ տարի թույլ չի տալիս անվստահություն հայտնել նախագահին: Դրանից հետո է, որ փնտրտուքների մեջ ընկան՝ փորձելով իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, իսկ դրան Արցախի որեւէ ուժ չի կարող դեմ լինել՝ հանուն մնացած հայրենիքի պահպանման: Մոտ մեկ ամիս հետո Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ուղերձով՝ հայտարարելով, որ կադրային քաղաքականությունն ու անվտանգության հետ կապված որոշումները համաձայնեցված են լինելու ԱԱԽ-ի եւ խորհրդարանի հետ: Հետագա քայլերը, սակայն, ցույց տվեցին, որ խոսքն ու գործն իրար հակասում են, ասում է մի բան, անում՝ մեկ ուրիշ, մեզ հետ ոչինչ համաձայնեցված չէ:

- Իսկ պարզաբանումներ չե՞ք փորձել ստանալ, թե ինչու Արայիկ Հարությունյանը խոսքի տերը չէ, որովհետեւ ուղերձից հետո ստացվում է, որ կադրային նշանակումներն ԱԺ-ի հետ համաձայնեցված են:

- Պարզաբանում չենք ստացել, կարծում ենք՝ ավելորդ է, ես չեմ պատկերացնում մի մարդ, ով գնում պայմանավորվում է մի բան, հետո հակառակն է անում: Այո, այդ նշանակումներն էլ ինքն է միայնակ արել, ես կասեի՝ սա ռոտացիա է, ոչ թե պաշտոնանկություններ, եւ վստահ եմ, որ ազատված նախարարները շուտով այլ պաշտոններում կտեղավորվեն: Արայիկ Հարությունյանն առաջնորդվում է հայաստանյան իրադարձություններով, որ րոպեին օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, եւ պարզ է դառնում, որ նա հեռանալու է, պարզապես ժամանակի խնդիր է, ինքը գործում է դրան համահունչ: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն անմասն չէ ԱՀ-ում այսօր իրականացվող նշանակումներից՝ Հայկ Խանումյան, Մանե Թանդիլյան, մյուս պաշտոններում էլ հիմնականում Արայիկ Հարությունյանի շրջապատից են։

- Բայց ընդդիմությունը լուռ է, խորհրդարանի նիստեր անգամ չեք գումարում եւ թույլ եք տալիս, որ ԱՀ նախագահն ինչ ուզի, անի:

- Նոյեմբերի 20-ի կողմերը մենք փորձեցինք ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԱԺԿ-ն, «Արդարությունը» եւ ՀՅԴ-ն, մենք 8 մանդատով ենք ներկայացված եւ արտահերթի համար պահանջվող մեկ մանդատի աջակցություն չստացանք: «Միասնական հայրենիքն» անորոշ պահվածք է դրսեւորում, չնայած միացել է նախագահի հրաժարականի պահանջին, բայց չմիացավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի օրակարգում դրված էր ստեղծված իրավիճակի քննարկում, եւ կառավարությունն ինչ ուղիներ է առաջարկում՝ իրավիճակից դուրս գալու համար: Եվ վերջում պետք է հայտարարություն ընդունեինք: Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարող ուժերը խափանում են, քանի որ չունեն հարցերի պատասխաններ, որոնք կհնչեն խորհրդարանի ամբիոնից: Հիմա փոխում են նախարարներին նաեւ նրա համար, որ գան ու մեր հարցերին պատասխանեն, թե նոր են, տեղյակ չեն: Այնպես որ՝ ոչ մի համաձայնություն էլ չկա:

- Այդ դեպքում Վիտալի Բալասանյանն ինչո՞ւ համաձայնեց ԱԱԽ քարտուղար նշանակվել, ասում են՝ մինչ նշանակվելը նախապայմաններ է ներկայացրել Հարությունյանին, որ շատ որոշումների կայացման հարցում ինքը պետք է իր խոսքն ասի: Հիմա եթե պայմանավորվածությունը չի պահպանվում, ի՞նչ զարգացումներ են սպասվում։

- Ես Վիտալի Բալասանյանի անունից չեմ կարող ասել, բայց եթե պայմանավորվածություններ են խախտվել, ապա պետք է ինչ-որ պրոցեսներ լինեն: Այդ հարցերին անպայման անդրադարձ կլինի: Այս ամենն ընդհանրապես չի կարող երկար շարունակվել, խնդիրը Վիտալի Բալասանյանը չէ միայն, այլեւ խորհրդարանական ուժերը, եթե չկա համաձայնություն, ապա չի կարող այս վիճակից երկիրը դուրս գալ: Այն ծրագրով, որով երկրի նախագահը եկել է իշխանության, իր բնորոշմամբ՝ դարի ծրագիրն է, բայց իրականում մեր գլխին դարի աղետ բերեց: Եվ այն թեզը, որ ինքը հնչեցնում էր իր երդմնակալության ելույթում, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, այդ թեզի հեղինակ Նիկոլ Փաշինյանը նոր թեզ է դրել շրջանառության մեջ, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո ո՛չ Հարությունյանը, ո՛չ Փաշինյանն այլեւս չեն ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Մենք մինչ պատերազմը բազմիցս քննադատում էինք՝ ասելով, որ դա վտանգավոր թեզ է, չի կարելի դրանով առաջ գնալ: Այո, մենք բոլորս գիտենք, որ հայեր ենք, որ Արցախը Հայաստան է, բայց չի կարելի դա բարձրաձայնել, քանի որ մեր ամբողջ բանակցային գործընթացը կառուցվել է ինքնորոշման իրավունքի վրա: Մենք մեր ձեռքով տապալեցինք բանակցությունները։

- Դուք կարծում եք, որ մտածված ծրագի՞ր են իրականացրել, թե՞ տգիտության հետ գործ ունենք: 2 օր առաջ Ձեր հրապարակումից իմացանք, որ պատերազմից 45 օր առաջ, երբ ԱԺ արտահերթ նիստում «Արցախի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ձեր խմբակցությունն առաջարկել է գումար հատկացնել եւ սահմանից մինչեւ 20 կմ խորության բնակավայրերում ապաստարաններ կառուցել, ինչը կառավարությունը մերժել է:

- Կառավարությունը մեզ պարզաբանեց, թե 250 միլիոն դրամ նախատեսված է, որ 2020 թվականին պիտի կատարեն ապաստարանների կառուցում, բայց օգոստոսի 11-ի դրությամբ դեռ 150 միլիոնը չեն ծախսել, եւ հնարավոր չէ մինչեւ տարեվերջ դա ծախսել, մինչդեռ նրանք նախատեսում էին 6 միլիարդի շինարարություն կատարել։ Սա նշանակում է, որ չցանկացան գումար ներդնել անվտանգային հարցերում: Արայիկ Հարությունյանն իր երդմնակալությունից հետո, եթե հիշում եք, հարցազրույց տվեց եւ ասաց, որ տնտեսություն պետք է զարգացնել՝ ի՞նչ բանակցություններ, դրանք պետք է թողնել պատմաբաններին: Այս մարդիկ այսօր էլ տնտեսության զարգացումն են առաջնային համարում, ոչ թե անվտանգության խնդիրները: Իր վերջին ուղերձում խոստանում էր բնակարաններ հատկացնել, հիպոթեքերը մարել եւ այլն։ Լույսի, գազի սակագների փոխհատուցման մասին որոշումներ են ընդունում, այն պարագայում, երբ Արցախի այսօրվա մնացորդից շատ բնակավայրեր գազիֆիկացված չեն: Ինչ վերաբերում է մտածված ծրագիր լինելուն, ես չեմ ուզում գուշակություններ անել, ժամանակն ամեն ինչ պարզ կդարձնի: Մենք առաջարկել էինք նաեւ պահեստազորի մոբիլիզացիա եւ զորավարժություն անցկացնել, ինչի վերաբերյալ էլ ստացել էինք պատասխան, թե քովիդի պայմաններում նպատակահարմար չէ: