Քաոս է, ոչ ոք իր տեղում չէ․բավական է հավաքվեն երկրի համար սրտացավ մարդիկ, և անորոշությունը հօդս կցնդի

 Քաոս է, ոչ ոք իր տեղում չէ․բավական է հավաքվեն երկրի համար սրտացավ մարդիկ, և անորոշությունը հօդս կցնդի

Hraparak.am-ի զրուցակիցը երիտասարդ, սակայն կայացած, «Համահայկական գրողների միության» անդամ եւ արդեն իսկ չորս գրքի հեղինակ, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանն է։ Հեղինակի առաջին գիրքը՝ «Վերադարձ դեպի արևը», տպագրվել է դեռևս 2009 թ.-ին,  երկրորդը՝ «Վաղը կգա...»-ն՝ 2015-ին, երրորդը` «Թռիչք»-ը` 2 տարի առաջ՝ 2019-ին, իսկ ահա  չորրորդը՝ «Սե'ր իմ, հայրենիք»-ը, լույս ընծայվեց բոլորովին վերջերս։

Պարզ հարցին, թե ինչպես դարձավ բանաստեղծ, Սուսաննան մեղմ ժպիտով ասում է․ «Երևի ճակատագրի նախախնամություն էր... Երկար ու դժվարին ճանապարհի արդյունք։ Ավարտել եմ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, ավարտել եմ դիսերտացիոն աշխատանքս՝ նվիրված Արմեն Մարտիրոսյանի պոեզիային, ընթացքում փորձել եմ ավելի հմտանալ բանասիրության մեջ։ Երբ ստեղծագործում էի, անգամ ամենավառ երազներում չէի պատկերացնի, որ այսօր չորս գրքի հեղինակ կլինեմ, և իմ ստեղծագործությունները կհնչեն աշակերտների շուրթերից։ Առաջին ժողովածուս երբ լույս տեսավ, ապրումներս աննկարագրելի էին, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ ես անելիքներ ունեմ, ինձ գրավում էին արդեն նոր, ավելի բարձր գագաթներ»։

Խոստովանում է՝ առաջին գրքում ակնհայտորեն ազդվել է Պարույր Սևակից, հետագայում  գրական ուսուցիչների ցանկն էլ ավելի մեծացավ՝ Տերյան, Չարենց, Սահյան, Սարուխան... «Ինչպես բազմիցս նշել եմ, հայ գրողը պետք է շարունակի հայ դասականների ավանդույթները, դարեր շարունակ մեր գրողները շարունակել և եկել-հասել են մեր օրերը...»։

ՍԱՀՅԱՆՈՏ

Հարսնացած ջրվեժի նման՝

Վարսերս շաղ տալով եկա,

Ժայռոտ Սիսական աշխարհից

Երգ ու տաղ ասելով եկա,

Եղնիկի պես շորորալով՝

Ձորի կանչը շուրթիս եկա,

Ծաղիկ լավաշի համն առած՝

Բերնեբերան լցված եկա,

Շաղ ու շողերը ծոցիս մեջ՝

Շողոտ ու շաղոտված եկա,

Լեռ-քարերը սրտիս առած՝

Մի քիչ էլ լեռնացած եկա,

Ալ մասրենին փեշիս կարած՝

Հուր ու կրակ հագած եկա,

Ուրցի բույրը ռունգերիս մեջ՝

Մի քիչ Սահյանոտված եկա...

Դիտարկմանը, թե տարածված կարծիք է՝ այսօր քիչ են ընթերցում, երիտասարդ գրողը համամիտ չէ․ «Բոլորովին էլ այդպես չէ, քանի որ ես իմ օրինակով համոզվել եմ, եթե գիրդ ունի ասելիք, կգտնի նաև իր ընթերցողին։ Այդ հարցերին պատասխանելիս անգամ մի գեղեցիկ նամակ ստացա ընթերցողից, այդպիսի նամակները շատ են։ Կարդում են իմ գրքերն ու կիսվում իրենց տպավորություններով, որ ինձ համար անչափ ոգևորիչ է»։ Մեր օրերում գիրք հրատարակելը տիտանական աշխատանքի նման մի բան է, հաճախ ծախսը գերազանցում է շահույթը, ֆինանսական բեռը հաղթահարելը բավական դժվար է։ Մեր զրուցակիցը, սակայն, իրավիճակն ամենևին չի բարդացնում։ «Գիտեք՝ իսկական գրականությունը միշտ ունի համակիրների մի ողջ բանակ։ Իմ գրական գործին աջակցում են և Սփյուռքի իմ բարեկամները, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Մասնավորապես կանադահայ բարերար Վահէ Թղլեանը, վերջին երկու գրքերիս հովանավորն է։ Ասեմ ավելին՝ մենք մարզերում ընթերցանությունը զարգացնելու համար ծրագրեր ենք իրականացնում։ «Նոր Ոսկեդար» ծրագրին աջակցում է Սիմոն Դեդեյանը՝ շվեյցարահայ, «Դեպի երկիր» ծրագրին աջակցում է Վահէ Թղլեանը»։

Բանաստեղծուհին վերջին գրքին ընդգծված գորովանքով է անդրադառնում․ այն լույս տեսավ պատերազմից անմիջապես հետո, կրում է խորհրդանշական խորագիր, նվիրված է հայրենիքին: Ինչպես հեղինակն է ասում, բնավ էլ պատահական չէր։ «Այս օրերին առավել, քան երբևէ, հասկացանք, որ մեզ համար ամենից թանկն ու սիրելին Հայրենիքն է։ Մեկ բառով ասեմ՝ այս պահին քաոս է, ոչ ոք իր տեղում չէ։ Բավական է համապատասխան ոլորտներում հայտնվեն մասնագետներ, ամենակարևորը՝ հայրենասեր, գնալով ամեն բան կընկնի տեղը։ Ես հիացած եմ հայ մտավորականների խորհրդի աշխատանքներով և առաջարկում եմ, որ մեր հանրությունն ականջ դնի հայ մտավորականի ձայնին, այն մտավորականի, որի համար ամենից թանկը Հայրենիքն է, ով ծառայում է իր ժողովրդին։ Բավական է հավաքվեն երկրի համար սրտացավ մարդիկ, և անորոշությունը հօդս կցնդի։ Պետք է բոլորս հասկանանք, որ սիրել Հայրենիքը՝ նշանակում է պաշտպանել հող հայրենին։ Յուրաքանչյուր զիջում դուռ է բացում նոր զիջումների համար։ Մենք` բոլորս, միասնաբար պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ. այն է՝ ամուր պահենք Հայոց սահմանները՝ մեր Սյունիքը, մեր Արցախը... նաև մեր մշակույթը։ Փրկություն լինելու է այն դեպքում, եթե մենք ոչ մի հույս չկապենք օտարների հետ և մեր տունը մենք պահպանենք։ Ուզում ենք խաղաղ երկինք, ուրեմն ամենից առաջ պետք է հզորացնենք Հայոց բանակը»։

Ազատություն

Տանիքների վրա մայրամուտը կարմիր

Իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում,

Դու քո այգալույսի շեկ նժույգը հեծի'ր,

Լսի'ր, թե ինչպես է նա աշխույժ վրնջում:

Գնա անխախտ կամքով դեպի արևն անմեռ`

Լքած ունայնության մահիճը մշուշոտ,

Գնա այնտեղ, որտեղ չի' եղել ցուրտ ձմեռ,

Եվ դաշտերը երբեք չե'ն ներկվել արյունով:

Համառորեն անցիր սահմանը նենգ վախի,

Մատնահարի'ր` երկնի աստղերը թող վառվեն,

Քո խիզախ նժույգին էլ ոչ ոք չի հաղթի,

Բա'ց թող երազներդ, թող կապույտում ճախրեն...