Միջազգային կառույցների անատամ ու երկերեսանի մոտեցումները Հայաստանին

Միջազգային կառույցների անատամ ու երկերեսանի մոտեցումները Հայաստանին

ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարության, հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր իր զեկույցի նախնական տարբերակը, վերջնականը ներկայացնելու է 2024 թվականին։

Զեկույցում անդրադարձ էր եղել Հայաստանում կատարված, Հայաստանին առնչված բոլոր իրողություններին։ Կային հետաքրքիր նկատառումներ, խախտումների ու բացթողումների մասին հիշատակություններ։ 
Սալվիոլին այցելել էր Արցախից բռնագաղթածներին, եղել էր Սյունիքում, Ջերմուկում, Եղեգիսում, փախստականների ճամբարներում։ Հանդիպել էր միջազգային կազմակերպությունների ու դիվանագետների, ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԿԳՄՍ, արդարադատության նախարարության, ԲԴԽ ներկայացուցիչների, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ որոշ ՀԿ-ների, գերիների, անհետ կորածների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Նա ասում էր, որ իր այցի ու զեկույցի հիմնական նպատակն արդարության վերհանումն է՝ մարդու իրավունքների խախտումների ոլորտում։ ՄԱԿ հատուկ զեկուցողը հիշատակել էր Արցախում միջազգային իրավունքների կոպիտ խախտման, խոշտանգման դեպքերի, սեփականության եւ ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ՝ սկսած 1988 թվականից։ Եվ եկել էր այն եզրակացությանը, որ Հայաստանն արդարություն փնտրելու ճանապարհին չի ստեղծել մի համակարգ, որը վեր կհաներ մարդու իրավունքների խախտումները։ Նա անդրադարձել էր նաեւ անցյալի իրադարձություններին, օրինակ` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։ 
Իր խոսքում Սալվիոլին չնայած շեշտում էր, որ գովեստի են արժանի ՀՀ իշխանությունների քայլերը՝ քրեական օրենսդրության բարելավմանն ուղղված, սակայն որոշ դիտողություններ էլ էր արել՝ ոստիկանության կողմից հանրահավաքների ժամանակ ուժի անհամաչափ կիրառման, հետագայում այդ էպիզոդներով արդյունավետ հետաքննության ու պատժի բացակայության մասով, զինված ուժերում մահացությունների դեպքերի, դրանց հետաքննության ու պատասխանատվության բացակայության: Ընդգծում էր, որ ռազմական գործողությունների թիրախում հայտնված մարդկանց հոգեբանական անվճար ծառայություներ չեն մատուցվել, այնինչ այդ մարդկանց պետք է հատուկ կարգավիճակ տալ, իսկ հոգեբանական ու իրավաբանական ծառայություններն էլ անվճար պիտի մատուցվեն։ 

Առաջին հայացքից թվում է, թե օբյեկտիվությունը պահպանված է, սակայն ամբողջության մեջ ՄԱԿ ներկայացուցչի դիրքորոշումը հօգուտ իշխանությունների էր` միջազգային կառույցը բարձր է գնահատում ՀՀ ներկա իշխանությունների ձգտումը՝ համակարգային բարեփոխումներ իրականացնելու։ 

Միայն այն փաստը, որ նա չնայած արձանագրում էր, որ մարդու իրավունքները մեզանում խախտվում են, սակայն Հայաստանում քաղբանտարկյալների մասով խուսափողական պատասխան էր տալիս, խոսում էր այն մասին, որ զեկուցողը եւ նրա ներկայացրած կառույցը հակված չեն այս իշխանությունների վարքագծում խախտումներ գտնելու եւ ինչ-որ բան պարտադրելու։ Լրագրողի հարցին, թե արդյոք վերջինս հանդիպե՞լ է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների հետ, նա պատասխանեց, որ հանդիպել է իրեն հանդիպելու ցանկություն հայտնած կազմակերպությունների ու անձանց հետ, մասնավորապես` քաղհասարակության ներկայացուցիչների, որոնք մտահոգություն են հայտնել հանրահավաքների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման, բռնաճնշումների մասով, այսինքն` բացառապես ոստիկանության մասին է խոսքը, այլ ոչ թե իշխանական մեքենայի։ Եվ դա հասկանալի է, քանի որ  Ֆաբիան Սալվիոլիի հետ հանդիպած նախկին քաղհասարակության ներկայացուցիչները կատաղի պայքար են մղում ոստիկանության եւ ՆԳՆ-ի դեմ` իրենց ազդեցությունն այս կառույցների վրա տարածելու նպատակով, եւ նրանց այս դիտարկումներն էլ չեն բխում հանրային բողոքի ակցիաները եւ ընդդիմությանը պաշտպանելու ցանկությունից, այլ ընդամենը իրենց նեղ` ՀԿ-ների շահերից են բխում: Սալվիոլին հայտարարեց նաեւ. «Հակամարտության հետեւանքով 100 հազար փախստականներին աջակցելու ուղղությամբ իշխանությունը հսկայական աշխատանք է տարել, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց հանձնառության եւ օգնության համար»։

Այս հայտարարությունն առնվազն զարմանք է հարուցում, մանավանդ եթե հաշվի առնենք, թե ինչքան վատ են ապահովում Արցախից բռնագաղթվածների կարիքները, եւ ինչքան ջանքեր ներդրեցին այս գործում անհատ անձինք եւ մասնավոր կազմակերպություններ: Եվ այստեղ հարցը ոչ այնքան ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն է, որքան ՄԱԿ-ի նման կազմակերպության կողմից փաստերին այսկերպ անփույթ ձեւով վերաբերվելը, դրանք չստուգելն ու չհամադրելը այլ` անկողմնակալ աղբյուրների հետ: Միջազգային ասպարեզում իր վաղեմի հեղինակությունը կորցնող ՄԱԿ-ը չպե՞տք է սեփական վարկանիշը փրկեր` ավելի մանրակրկիտ եւ ավելի անաչառ գործունեություն ծավալեր Հայաստանում։ 

Մանավանդ որ Արցախում բռնի տեղահանությունից անմիջապես հետո, երբ ՄԱԿ-ի առաքելությունը մեկնեց Արցախ, հայտարարեց, որ մարդկանց անվտանգությանն ու իրենց հայրենիքում մնալուն ոչինչ չի խանգարել, նրանք կամովին են դուրս եկել Արցախից, եւ այդ հայտարարությունը խիստ բացասական արձագանք գտավ Հայաստանում եւ խնդրին լավատեղյակ շրջանակներում: ՄԱԿ հատուկ զեկուցողը, հավանաբար, որոշակի հետեւություններ էր արել այդ արձագանքներից, ուստի արցախցիների մասին խոսելիս օգտագործում էր «բռնի տեղահանվածներ» արտահայտությունը, սակայն երբ խնդրեցինք հասցեական գնահատական տալ ՄԱԿ-ի առաքելության նախորդ հայտարարություններին, ասաց, որ իր առաքելության մեջ չի մտնում ՄԱԿ-ի գործունեությանը կամ ՄԱԿ-ի ներկայացուցիչների նախորդ հայտարարություններին գնահատական տալը: 

Սալվիոլին իրավացի է, ՄԱԿ-ը քաղաքական գնահատականներ տալու իրավունք չունի, սակայն մի՞թե մենք քաղաքական կարծիք կամ եզրահանգում ենք իրենցից ակնկալում։ Մեզ համար անհասկանալի է այդ ընտրողական վերաբերմունքը Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Ստացվում է, որ միջազգային կոնսենսուսի արդյունքում նաեւ մարդկանց իրավունքները կարող են հետին պլան մղվել ու աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում հարմարվել այդ զարգացումներին, այս կամ այն կողմի քաղաքական շահերին։