Դպրոցում խոհարարները 7 ժամի դիմաց 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում
Արագածոտնի մարզի Աշտարակի դպրոցներից մեկի խոհարար Ռ․ Գրիգորյանը խոհարարների խիստ ցածր աշխատավարձի մասին է ահազանգում։ Պարզվում է՝ դպրոցներում սնունդ պատրաստող խոհարարները օրենքով սահմանված մինիմալ աշխատավարձի կեսն են ստանում՝ 40 հազար դրամ։
«Ես աշխատում եմ դպրոցի ճաշարանում։ Բոլոր խոհարարաների անունից ուզում եմ դիմել կառավարությանը՝ խնդրում եմ մեր աշխատավարձերը բարձրացրեք, հնարավոր չէ ապրել այդքան քիչ աշխատավարձով։ Հավաքարարներն ավելի շատ են վարձատրվում, քան դպրոցականների համար սնունդ պատրաստող խոհարարները»,-ասաց նա։
60 երեխայի հաշվով կես դրույքաչափով աշխատավարձ են ստանում, աշխատում են 4 հոգով, յուրաքանչյուրը ստանում է 40 հազար դրամ։ «Ամբողջ ամսվա մեր աշխատավարձն այդքան է։ Աշխատում ենք ժամը 8-ից 14։00։ Մենք հետաքրքրվել ենք` չկա մի դպրոց, որ խոհարարները այդքանից բարձր ստանան: Մարզպետարան, համայնքապետան դիմել ենք, բայց մեզ ասել են, որ այդ հարցը վերեւներից պետք է լուծեն։ Կառավարությունը չի անդրադառնում մեր աշխատավարձի բարձրացմանը»,-նշեց Գրիգորյանը։
Տիկինը վախենում էր ասել, թե խոսքը կոնկրետ որ դպրոցի մասին է` մտահոգված է, գուցե աշխատանքից ազատեն` խնդիրը բարձրաձայնելու համար, զրկվի անգամ այդ 40 հազար դրամից։
Մենք այս խնդրի մասին բարձրաձայնել էինք դեռեւս մեկ տարի առաջ փետրվարին, եւ ԿԳՄՍ-ից «Հրապարակ»-ին հավատացրել էին, որ առնվազն մի քանի ամսից խոհարարների աշխատավարձերը կբարձրացվի։ Փաստ է սակայն, որ քաղաքացին մեր երկրում միայն հարկեր ու տուրքեր վճարելու «իրավունք» ունի, իսկ արժանապատիվ վարձատրության, սոցիալական ապահովության, նորմալ կենսաթոշակի իրավունք` չունի։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2010 թվականից իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Այն իրականացվում էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Սնունդ էր տրամադրվում տարրական դասարանների եւ դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն աստիճանաբար սկսեց իրականացվել կառավարության կողմից: Իսկ 2023-ից բոլոր մարզերն անցել են ազգային ծրագրին՝ կառավարության ֆինանսավորմանը: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ երեխաներին պետք է տրվի չոր սնունդ, որի դեպքում խոհարարի եւ օգնականի կարիք չկար: Սակայն հետագայում դպրոցների ճաշարանները կահավորվեցին եւ տեխնիկապես համալրվեցին, եւ հնարավորություն եղավ չոր սնունդը փոխարինել տաք սննդով:
«Հրապարակը» խնդրի հետ կապված 2023թ․-ի փետրվարին դեռ հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը եւ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկին: Հարցը համատեղ քննարկելուց հետո ԴՍԵԲ տնօրենի պարտականությունները կատարող Անի Թորոսյանը մեզ պատասխանեց․ «Ներկայում ՀՀ ԿԳՄՍՆ եւ ԴՍԵԲ հիմնարկը համատեղ աշխատանքներ են տանում նշված աշխատակիցների աշխատավարձի վճարման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, եւ հուսով ենք, որ 2023-ի սեպտեմբերից դպրոցների խոհանոցային աշխատակիցների աշխատավարձը կփոփոխվի»: Այսօր 2024 թվականի դեկտեմբերն է եւ հարցը չի լուծվել:
Փաստացի «Ակադեմիական քաղաք» ամպագոռգոռ ծրագրերի ստեղծողները չեն կարողանում նույնիսկ խոհարարների աշխատավարձի հարցը լուծել։
Կարծիքներ