Փաշինյանին օդի պես անհրաժեշտ է, որ ընդդիմությունը գա ԱԺ՝ թեկուզ որպես մասովկա, թեկուզ կծեն, «Նոյի» շշեր շպրտեն

Փաշինյանին օդի պես անհրաժեշտ է, որ ընդդիմությունը գա ԱԺ՝ թեկուզ որպես մասովկա, թեկուզ կծեն, «Նոյի» շշեր շպրտեն

«Հայաստան» դաշինքը 2 օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ  մասնավորապես ասում է, որ չեն մասնակցելու արհեստական օրակարգերով ընթացող Ազգային Ժողովի և նրա հանձնաժողովների նիստերին, միաժամանակ ակտիվ գործունեություն են իրականացնելու ԱԺ_ից դուրս եւ վաղն արդեն նման մի քննարկում են հրավիրել «Անի Գրանդ» հոթելում։

Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգության և ժողովրդավարության» ՀԿ նախագահ, նախկին պատգամվոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ 

-    Տիկին Զոհրաբյան, ի՞նչ եք կարծում բոյկոտը շարունակելով, կհաջողվի՞ «Հայաստան» դաշինքին հասնել այն օրակարգին, որն իր առջև դրել է։

-    Որ շատ անկեղծ ասեմ` ես 4 անգամ կարդացել եմ հայտարարությունը, ընկալունակության հետ կապված բացարձակ խնդիր չունեմ, բայց այդպես էլ վերջնականապես չհասկացա` իրենք Խորհրդարան գնալու են, թե` չէ։ Ամեն դեպքում այն, ինչ ես հասկացել եմ` իրենք գնալու են բացառապես հանրային օրակարգի ամենահնչեղ խնդիրները բարձրացնելու։ Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև այսօր իշխանությունը ամեն ինչ անում է, որ ընդդիմությանը բերի խորհրդարան։ Երեկ, մենք տեսանք նաև Ալեն Սիմոնյանի շանտաժը, որով ընդդիմությանը ուզում է բերի Խորհրդարան։ Նիկոլ Փաշինյանին օդի, կյանքի, կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը` թեկուզ որպես մասովկա, թեկուզ որպես ֆասադ, թեկուզ, որ գան իրենց կծեն, գան և իրենց վրա «Նոյի» շշեր շպրտեն, բայց լինեն Խորհդարանում։ Ինչո՞ւ, որովհետև միջազգային կառույցները հստակ խնդիր են ձևակերպել Փաշինյանի առջև` առաջիկա գործընթացները, որոնց հանրագումարը` «իտոգը» պետք է լինի Հայաստան֊ Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, պետք է ընդունվի լեգիտիմ Խորհրդարանում, որտեղ թեկուզ ձևական, բայց պետք է ներկա լինի ընդդիմությունը, որպեսզի հետագայում որևէ իշխանություն չկարողանա բեկանել և ասել, որ այս պայմանագիրը ընդունվել է միակուսակցական Խորհրդարանում։ Եվ այդ պատճառով, իշխանությունը ցանկացած քայլի գնալու է։  Նույն Վլադիվոստոկում, որտեղ բնականաբար հասցեատերը  հիմնականում ներքաղաքական լսարանն էր. Փաշինյանը խոսում էր բանակի թալանից, խոսում էր, որ 5000֊ից ավել ապօրինի գույքի քրեական գործեր են հարուցված։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր տարբեր պատգամավորներ անցնում են այդ գործերով։ Վստահաբար սա հերթական շանտաժն է ընդդիմությանը` որ, եթե չգաք Խորհրդարան, թեկուզ ձեր օրակարգով ՝ շոուի մասը ապահովելով, ապա այս բոլոր գործերին ընթացք կտրվի։ Կարծում եմ, որ առ այս պահը դեռ ընդդիմությունը խորհրդարանական գործիքակազմի հատվածով, տեղի չի տվել իշխանությանը, որովհետև ես վստահ եմ, որ ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ իշխանությունը իրեն խորհրդարան բերելու է ընդամենը որպես մասովկա` իր հակահայ պայմանագրերը վավերացնելու և անկախ նրանից  ընդդիմությունը դեմ կքվեարկի այդ քննարկումների ժամանակ, ջուրը կտա Նիկոլի գլխին, թե ինչ կանի, կարևորը նրանք լինեն։ Ընդդիմությունը սա շատ լավ հասկանում է  և իր քայլերը կծրագրի ճիշտ։ 

-    Իսկ մանդատները վայր կդնի՞ ընդդիմությունը, նման հանրային պահանջ կա այսօր։

-    Տեսակետ կա, որ պետք է մանդատները դնեն, ես այդ տեսակետը չեմ պաշտպանում, որովհետև մենք գիտենք, թե այդ ցուցակներն ինչ կերպ են կազմվել։ Ով ասես այդ ցուցակներում հայտնված է, որոնց վրա իշխանությունը ցանկացած ազդեցության լծակ կարող է ունենալ, և ի վերջո կարող են լինել իրավիճակներ, երբ որ պետք լինի ընդդիմության ձայնը Խորհրդանում լսվի։ Այսօր այդ իրավիճակը չէ, այսօր ընդդիմությունը չպետք է կուլ տա իշխանության խայծը։ Տե՛սանք նաև, որ Ալեն Սիմոնյանը սպառնում էր նաև, որ կզրկեն մանդատներից։ Չեն կարող նման բան անել, որովհետև յուրաքանչյուր պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ առանձին նիստ պետք է հրավիրվի, իսկ 33֊35 պատգամավորի մասով (անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայների) ես վստահ եմ, որ այդ ցուցակում բնականաբար չի լինելու Թագուհի Թովմասյանը։ Եվ մնում է 33 պատգամավոր։ Չնայած, Ալեն Սիմոնյանը ասում Էր, որ միջազգային կառույցները կհասկանան այլեւս` ոչ, միջազգային կառույցներն իրենց առջև հստակ խնդիր են ձևակերպել, որ ցանկացած գնով պետք է ընդդիմությունը վերադարձվի Խորհրդարան։ Հաջորդ տարբերակը` մանդատներից զրկելը` դա լուրջ ոտնահարում կլինի քաղաքական ընդդիմության իրավունքների, ինչը արտաքին աշխարհի համար  չի լինի ընկալելի։

-    Այնուամենայնիվ, ի՞նչ կորոշի ընդդիմությունը։

-     Հիմա որոշումն ընդիմությանն է` կամ իրենք տեղի են տալիս իշխանության շանտաժներին, կամ` քրեական գործեր, թալան թալան, որից առ այս պահը որևէ բան չի ապացուցվել` բացի հասարակությանը «պոպկորնով» կերակրելը։ Այսօր տեսնում ենք, թե այս թալանի մասշտաբները ուր են հասել։ Կամ իրենք մնում են իրենց դիրքերում, ինչ առ այս պահը մնացել են և չեն ենթարկվում իշխանության շանտաժին, կամ ենթարկվում են իշխանության շանտաժին և ավտոմատ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ 

-    Հակառակ տեսակետն էլ կա՝ ճի՞շտ է արդյոք գործընթացներ ծավալել ԱԺ-ից դուրս։ 

-    Ելույթներով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյան չի հեռանալու, դա միանշանակ է։ Եվ ես այստեղ պետք է համաձայնվեմ Իշխան Սաղաթելյանի վերջին հարցազրույցում ասած մտքի հետ` որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա համաժողովրդական ճնշմամբ, որի հանրագումարը, այո, պետք է լինի արդեն Ազգային Ժողովում իմպիչմենտը։ Բայց այդ համաժողովրդական շարժումը պետք է ձևակերպվի դրսում։ Ազգային Ժողովում ելույթով, թեկուզ ամենասուր ելույթով, թեկուզ «Նոյի» բոլոր շշերը շպրտվեն Նիկոլ Փաշինյանի վրա, Փաշինյանը չի հեռանալու։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը դա շատ լավ հասկանում է, և, այո, գործընթացը պետք է սկսվի դրսում և պետք է գեներացվի դրսում։ Ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ ձևակերպել իր  օրակարգը, որպեսզի հասարակության այն մեծ հատվածը, որը հականիկոլ է, բայց չի արձագանքում ընդդիմության ազդակներին, չի արձագանքում, որովհետև այդ ազդակները ճիշտ ձևակերպված չեն, արձագանքի։ Ես համաձայն եմ իմ լավ ընկեր ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ. եթե դու անընդհատ քո գործիքակազմի մեջ նույն բաղադրատոմսն ես ունենում, արդյունքում դու ստանալու ես նույն բանը։ Ընդդիմությունը պետք է կարողանա իր գործիքակազմը փոխել, որովհետև նույն մեխանիզով, նույն գործիքակազմով, նույն դեմքերով, ելույթներով դու չես կարող տարբեր արդյունք ստանալ։ Ես ուզում եմ հավատալ, որ ընդդիմությունը հետևություններ կանի և նոր դեմքեր կներգրավվեն շարժման մեջ։ Այդտեղ ամբիցիայի խնդիր չպետք է լինի, որովհետև մենք մի ամբիցիա պետք է ունենանք այսօր` ամեն ինչ պետք է անենք Նիկոլ Փաշինյանի և թավշյա այս խոտանի վերացման համար, և դա  պետք է արվի դրսում։ Խորհրդանական եղանակով ինչքան էլ այդ ելույթը լինի` ամենաահասարսուռը, հուժկուն Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու։