Ապաշնորհ ամեն ինչում

Ապաշնորհ ամեն ինչում

Այլեւս մեր հասարակությունն առաջվանը չէ` ո՛չ մահն ու բանտն են վախ առաջացնում, ո՛չ քրեական գործերն են անհանգստացնում, ո՛չ կալանքն ու ազատազրկում ենթադրող հոդվածները` սարսափեցնում: Եվ ոչ էլ արյան ծարավ ունեցող զանգվածին, որը 18-ից հետո բողոքում էր, թե «թավիշը շատ է», նախկինների ձերբակալություններն են գոհացնում: Զանգվածային մահերն ու պատերազմը վախի զգացումը բթացրին, 3 տարում գեթ մեկ դատավճիռ չարձակվեց, եւ ամենածանր հանցագործության դեպքում անգամ բանտում նստելը միքանիամսյա արձակուրդի նմանվեց: Պարզ է, որ ոչ մի հանցագործություն այս իրավապահ համակարգը` նման պրոֆեսիոնալիզմով չի կարողանալու ապացուցել: Իսկ երբ անհեթեթ ու բացառապես քաղաքական մեղադրանքներով սկսեցին մարդկանց ձերբակալել, բանտում հայտնվելը դարձավ պատվաբեր մի բան: Այժմ որեւէ հայտնի անձի ձերբակալություն ընդամենը մի քանի օր զբաղեցնում է տեսարանների կարոտ հանրությանը եւ մոռացության մատնվում:

Հիմա ո՞վ է հիշում այն մասին, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորված է: Եթե իր փաստաբանը չհիշեցնի, անգամ լրատվամիջոցներն են մոռացել այդ մասին: Մի քանի օրից կմոռանան նաեւ Դավիթ Տոնոյանի մասին: Եվ առավել եւս՝ ոչ ոք այս կալանքներն այլեւս չի կապում կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ չի հիանում թալանի դեմ պայքարող իշխանություններով: Բոլորը հասկացել են, որ սա հանրային ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու եւ քաղաքական հակառակորդներին նեղելու միջոց է, որն իր նպատակին չի էլ ծառայում: Եվ առհասարակ` անգամ հետապնդումների, տուգանքների, խստացումների մեջ այս իշխանությունը հետեւողական չէ եւ իր ոչ մի ծրագիր չի կարողանում հասցնել նպատակակետին: Չէ, մի հարցում հաջողեց` Քաջարանի կոմբինատի բաժնեմասը խլելու գործը 3 տարում գլուխ բերեց: