Ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության երեք ուժերը կարողանան կայանալ

Ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության երեք ուժերը կարողանան կայանալ

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։ Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին՝ ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Նիստի եւ ՀՀԿ-ի առաջիկա պլանների մանրամասների շուրջ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, երբ ձեր հաղորդագրության մեջ ասում եք, որ քննարկել եք արտակարգ դրությունից հետո կուսակցության անելիքները, ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել։

- Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը, որպես այդպիսին, կա, պիտի քայլեր ձեռնարկի իր քաղաքական դիրքերն ամրապնդելու, ապագա ընտրություններին նախապատրաստվելու եւ քաղաքական զարգացումներից անմասն չմնալու ուղղությամբ։ Իսկ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որ գործընթացներից անմասն մնա, մենք շատ ուշադիր եւ հետեւողական ենք բոլոր զարգացումների նկատմամբ, եւ այսօր որեւէ մեկը չի կարող ժխտել, որ քաղաքական դաշտում ամենակայացած ընդդիմադիր ուժը դա ՀՀԿ-ն է։

- Ձեր գործընկեր կուսակցությունները, սակայն, չեն համագործակցում ձեզ հետ՝ ըստ ամենայնի հասկանալով, որ ժողովրդի կողմից մերժված եք, ու եթե ձեզ հետ համագործակցեն, ժողովուրդն իրենց չի ընդունի․ խոսքն ընդդիմադիր դաշտում այսօր նոր միավորման մասին է՝ երեք ուժերի՝ «Հայրենիք», ԲՀԿ եւ ՀՅԴ։

- Հանգիստ հետեւեք զարգացումներին, մենք շատ ուրախ կլինենք, որ առանց մեր օգնության իրենք կարողանան ինչ-որ գործողություն անել, կայանալ, եւ ընդդիմադիր դաշտում բաց տեղեր կան, պետք է որ լրացնեն այդ բացերը։

- Դուք  մտածում եք, որ ձեզնից օգնությո՞ւն են խնդրելու։

- Ես նման բան չեմ ասում, մենք պատրաստ ենք եղել ե՛ւ մեր իշխանության, ե՛ւ ընդդիմության ժամանակ՝ ցանկացած քաղաքական ուժի հետ մենք չենք բացառում կոնսուլտացիաները։

- Բայց մյուսներն են ձեզ հետ բացառում, վերեւում ասացի, թե ինչու։

- Դե, խնդրեմ, ուրեմն թող առանց մեզ կարողանան արդյունքների հասնել, ես հիմա ավելին չեմ խոսի, մենք կհետեւենք զարգացումներին։

- Որ ասում եք, թե այս պահին դուք եք ամենակայացած ուժը եւ չեք կարող աշխատանքներ չտանել, ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, մարդիկ պահանջում են ձեզ բողոքի ցույցե՞ր անել, թե՞ պարզապես կուսակցաշինական աշխատանք եք կատարելու։

- Բնականաբար, կուսակցական շինարարական աշխատանքներով ենք զբաղվելու, վերանայելու ենք մեր մարզային տարածքները, վերահաշվառում կատարելու, գնահատում ենք մեր ռեսուրսները։

- Ե՞վ․․․

- Եվ այդ ամենի արդյունքներից է կախված լինելու, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կունենանք։ Ցանկացած ակտիվ պրոցեսներին մենք չենք կարող անմասն մնալ, որովհետեւ մեզ համար ոչ թե իշխանության գալն է կարեւոր, այլ մեր երկրի ճակատագիրն ու ապագան։ Այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անկախության 30 տարիների ընթացքում, թույլ չենք տալու, որ դրանք փոշիացնեն, մինիմումը գոնե պահպանել։

- Իշխանությունն ասում է, որ մարդիկ իրենցից պահանջում են երկիրը մաքրել նախկիններից ու նախկինների մնացորդներից, Սահմանադրական դատարանի շուրջ կատարվողն էլ այս համատեքստում են դիտարկում․ այս զարգացումների ժամանակ դուք գործնականում պասիվ էիք․․․

- Ի՞նչ պետք է աներ ՀՀԿ-ն, մենք մեր խոսքն ասել էինք, դա պարզապես հակասահմանադրական, անօրինական քայլեր էին, դա մեր երկրին, մեր հեղինակությանը հարվածում է միջազգային հարթակներում, որի արձագանքները դուք կտեսնեք։ Դա բռնությամբ իշխանության զավթում է, եւ իշխանության բոլոր ճյուղերն են, փաստորեն, բռնի ուժով զավթում։ Մենք հետագայում ավելի մանրամասն կխոսենք, թե դա ինչ նպատակներ է հետապնդում, ինչու են այսպես արագ ուզում ե՛ւ ՍԴ-ն զավթել, ե՛ւ դատական իշխանությունը։ Մի ժամանակ տնտեսության զարգացմանն ու ներդրումներին Սերժ Սարգսյանն էր խանգարում, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հետո հայտարարեցին, թե Ազգային ժողովն է մեղավոր, որ ներդրումներ չկան, ԱԺ-ն էլ հրաժարական տվեց, դրանից հետո՝ ՍԴ-ն է մեղավոր, հիմա դա էլ կավարտվի, կտեսնենք, թե ով է մեղավոր։ Թեպետ արդեն երեւում է, որ ժողովուրդն է մեղավոր, ամբողջ մեղքը գցում են ժողովրդի վրա, այն ժողովրդի, որն իրենց անհայտ տեղերից բերեց եւ դարձրեց իշխանություն։ Եկեք չշտապենք ու սպասենք զարգացումներին։

- Մի ճշտող հարց՝ արտակարգ դրությունը կուսակցական աշխատանքներին ինչպե՞ս է խանգարում։

- Մասսայական հավաքներ ու այցելություններ չենք կարողանում անել։ Երբ ավարտվի, նորից կվերսկսենք մարզային այցելություններն ու հավաքները, որն արել ենք մինչեւ մարտ ամիսը, եւ կսպասենք մինչեւ արտակարգ դրության ավարտը, որ վերսկսենք։

- Բայց այս վիճակը կարող է երկար տեւել, ու դուք էլ չեք կարողանալու ոչինչ անել․ ունե՞ք այդ դեպքում հակաքայլեր։

- Դուք ասացիք, որ կարող է երկար տեւել, երկիրը մեղք է լինելու, եթե միայն իշխանությունը երկարաձգելու համար արտակարգ իրավիճակ է երկարացնում, սա անդառնալի հետեւանք է ունենալու ոչ միայն տնտեսության, ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ։ Էլ հարցեր չտաք՝ այսքանը։