Դատավորներն ամենահարմար թեկնածուներն են քավության նոխազ դառնալու համար

Դատավորներն ամենահարմար թեկնածուներն են քավության նոխազ դառնալու համար

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ զրուցել ենք նաեւ քաղաքական ու իրավական հարցերի շուրջ: Ներկայացնում ենք զրույցի երկրորդ մասը: 

- Ուզում եմ Բարձրագույն դատական խորհրդում տիրող վիճակին անդրադառնանք: Փաստորեն, խորհրդարանը չի կարողանում ընտրել վճռաբեկի դատավորներ: Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը, ի՞նչ իրավական լուծում կա, երբ ԱԺ-ն չի կարողանում վճռաբեկի դատավոր ընտրել: 

- ԲԴԽ-ում իրավիճակն ավելի վատը չէ, քան երկրում ընդհանրապես, իսկ ընդհանրապես՝ մասսայական պսիխոզի իրավիճակ է դիտարկվում։ Մասնավորապես, վճռաբեկ դատարանի դատավորին ԲԴԽ-ի նկատմամբ անվստահության հիմքով չընտրելն ահաբեկիչների կողմից քաղաքացիական բնակչությունից պատանդ վերցնելու նման մի բան է։ Ընդհանրապես, վերջին տարիների զարգացումները եւ այս իրավիճակը՝ մասնավորապես, ի ցույց դրեցին 2015-ի սահմանադրական բարեփոխումների սնանկությունն ու լուծումների ծայրահեղ դիսբալանսը։ Եթե ես փորձեմ ֆորմալ պատասխանել Ձեր հարցին՝ իրավական հանգուցալուծման վերաբերյալ, գուցե պիտի ասեմ, որ անհրաժեշտ է իշխանության մարմինների միջեւ առկա վեճը տեղափոխել Սահմանադրական դատարան։ Բայց ո՞ւր է Սահմանադրական դատարանը… Այնպես որ, լուծումն այս անիծյալ «կոստյումը» չեղարկելն է։ Այս Սահմանադրությունը չարիք դարձավ մեր ժողովրդի գլխին։ 

- Վճռաբեկի դատավորի ընտրության հարցը քննարկելու ժամանակ ԱԺ պատգամավորները հարձակվել էին ԲԴԽ նախագահի վրա՝ նրան հասցեագրելով բոլոր մեղքերը, անգամ ԱԺ նախագահի դեմ մահափորձի: Սրանով պատգամավորներն ի՞նչ հարց էին լուծում, եւ ի՞նչ հարց էր լուծում Վարդազարյանը, երբ հայտարարեց, որ դատավորները պետք է ցույց տան՝ իրենք պատերի տակ վնգստացո՞ղ են, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ:

- Այս թեման շատ է ծեծվել իրականում, եւ սրա շուրջ այսքան կրքեր չէին բորբոքվի, եթե քաղաքական իշխանությունն այս օրհասական ժամին, իր բանուգործը թողած, այն չդարձներ թոփ տասնյակի նյութ: Իսկ իրականում ԲԴԽ նախագահը կատարել է իր ուղղակի պարտականությունը․ կոչ է արել դատավորներին՝ չտրվել ճնշումների, ղեկավարվել բացառապես օրենքով եւ ծառայել միայն հայրենիքին: Եվ հաշվի առնելով այդ օրերին ստեղծված ծայրահեղ լարված մթնոլորտը, դատարանների վրա ներազդելու անհագուրդ ցանկությունը բոլոր կողմերից՝ դա թերեւս ծայրահեղ անհրաժեշտ հայտարարություն էր, զգոնության կոչ: Այս ամիսները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը մեր պետության թերեւս ամենակայացած համակարգերից է, եւ չի կարելի թույլ տալ, որ դատարանների անկախությունը դառնա ներքաղաքական «ռազբորկաների» գործիք: Ցավոք, քաղաքական գործիչների մեծամասնությունը դատարանների դերն ու նրանց անկախությունը կարեւորում է միայն իշխանափոխություններից հետո, երբ դատարաններն «ասպատակող ասպետներից» վերածվում են քաղհալածյալների:

- Ինչո՞ւ չեն համալրվում դատավորների տեղերը, դիմողներ չկան: Սա նոր երեւույթ է Հայաստանի համար:

- Նոր չէ, բայց առավել տարածված է դարձել: Բացատրությունը պարզ է. նախ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով իրավաբանները ազատ շուկայում առավել մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, երկրորդ՝ մեր երկրում դատավորի աշխատանքը հանիրավի գնահատված չէ, վերաբերմունքը պատմուճանի նկատմամբ անհարգալից է: Այստեղ  առաջին դերը, ավանդաբար, քաղաքական իշխանությանն է, քանզի դատավորներն ամենահարմար թեկնածուներն են՝ քավության նոխազ դարձնելու եւ հանրության դժգոհությունը նրանց վրա պարպելու համար:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Աննա Վարդապետյանի մասնակցությամբ սկանդալին, այն  փաստին, որ  վարչապետի օգնականը կոորդինացնում է նախաքննության մարմինը:

- Կարծում եք դա՞ է մեր երկրի ամենամեծ պրոբլեմը։ Դա տասներորդական հարց է։ Վատ եմ վերաբերվում, եթե դա իրապես այդպես է։

- Փաշինյանը մարտի 1-ի ելույթում խոսեց իր դեմ մահափորձի գործից ու մեղադրեց դատավորներին, որ քրեական գործերը կարճվում են: Որպես վճռաբեկ դատարանի նախկին նախագահ՝ դատավորների կողմից ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, ինչ-որ հատուկ գործողություններ:

- Ընդհանրապես, շատ լավ կլինի մարդն ուրիշի մատի փուշը նկատելիս հիշի իր աչքը մտած գերանի մասին: Իսկ գործադիր իշխանությունը թող հիշի, որ դատավորներին քննադատելն ու վիրավորելը իր թիվ մեկ պարտականությունը չէ: Չեմ բացառում, իհարկե, սխալ եւ ապօրինի դատական ակտերը, չեմ բացառում նաեւ կոռումպացված դատավորների առկայությունը դատական իշխանությունում, բայց մի պահ ինքներդ ձեզ նայեք, նոր փորձեք դատել ուրիշներին: Եվ նորից եմ կրկնում՝ եթե ազգի համար այս դժվարագույն ամիսներին մի համակարգ կար, որը համեմատաբար ավելի պատվով եւ անխափան աշխատեց, դա դատական համակարգն էր:

- Վերջին օրերին, կարծես, կրկին սրվել են իշխանությունների եւ մարդու իրավունքների պաշտպանի հարաբերությունները։ Կառավարությունն ուզում է կրճատել օմբուդսմենի ֆինանսավորումը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սա արվում: 

- Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նաեւ Արման Թաթոյանի ջանքերով, բացառիկ կայացած ինստիտուտներից է։ Ոտնձգությունն այս կառույցի նկատմամբ ոտնձգություն է մեր պետական համակարգի եւ դրա միջազգային հեղինակության նկատմամբ։ Սա պիտի քաղաքական իշխանությունը հասկանա։ Չի կարելի սղոցել այն ճյուղը, որին նստած ես։ Կարծում եմ, այս լարվածությունն առաջացել է քաղաքական իշխանության մոտ այն պատճառով, որ շատ հաճախ մարդու իրավունքների պաշտպանի գործողություններն ու հայտարարություններն ականջահաճո չեն իրենց, նաեւ՝ քաղաքական իշխանությանը չի հաջողվում ազդեցություն ունենալ Արման Թաթոյանի գործունեության վրա։ Այսօրվա օմբուդսմենն անկախ մարդ է՝ իր կամային հատկանիշներով, եւ կայացած պրոֆեսիոնալ։ Այնպես որ, Արման Թաթոյանի՝ մասնավորապես, եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ՝ ընդհանրապես, իրավական-ֆինանսական «խայթոցները» վնասելու են առաջին հերթին նման փորձ նախաձեռնողներին։ Ռուսները լավ առած ունեն այս առիթով. «Не буди лихо, пока оно тихо»։