Ո՞ւմ հավատանք՝ Վազգեն Առաջինի՞ն, Ավետիք Իսահակյանի՞ն, թե՞ դատախազության պաշտոնյային

Ո՞ւմ հավատանք՝ Վազգեն Առաջինի՞ն, Ավետիք Իսահակյանի՞ն, թե՞ դատախազության պաշտոնյային

Անցած տարի իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։

Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն անցած տարվա ընթացքում հասցրեց համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: 
Ստեղծագործական միություններին պատկանող գույքերի հարցը դատարանն սկսեց առանձին-առանձին քննել, օրինակ՝ ՀԳՄ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը դատարանում քննվել է նոյեմբերի վերջին, Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի հարցը՝ հունվարի 22-ին։ Հատկանշական է, որ Սեւանի հանգստյան տան շենքի հարցը գրավոր ընթացակարգով է քննվում, ինչպեսեւ՝ Նկարիչների միության Աբովյան 17-ի դեպքում, ինչը նշանակում է, որ այդ շենքերի ճակատագիրը որոշվելու է փակ դռների հետեւում։ 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատական պրոցեսները մեկնարկել են եւ հետաձգվել, Ծաղկաձորի ստեղծագործական տան մասով դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 2-ին, Սեւանի ստեղծագործական տան հարցը կքննվի հունիսի սկզբին, իսկ Բաղրամյան 3-ի մասով դեռ նշանակված չէ օր, թե երբ կլինի հաջորդ դատական նիստը։

Միլիտոնյանն ասում է՝ կան փաստեր, արխիվային նյութեր, որ իրենք հընթացս հրամցնում են դատական նիստերի ժամանակ, որոնք փաստում են, որ սեփականության իրավունքն աներկբայորեն պատկանում է Գրողների միությանը։
«Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարանի դահլիճում Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ՀՀ դատախազության պետական շահերի վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանը կարդաց 1952 թվի Երեւանի քաղխորհրդի գործկոմի (այն ժամանակ, չգիտես ինչու, ռուսերեն գրված) որոշումը, որ, իբր, ՀԳՄ Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքը 1952 թվից եղել է «жилой дом», այսինքն՝ բնակելի տուն, չնշելով արխիվային փաստաթղթի գլխագիրը՝ «О передаче особняка N3 по ул. Баграмяна союзу советских писателей Армении»։ Պարզ է, որ խոսքն առանձնատան մասին է։ Կարծում եմ, բացատրել պետք չէ, թե ինչ տարբերություն ունի առանձնատունը բնակելի տնից։ Տիկին Սոնա Հովսեփյանն իր կողմից հավելեց, որ այդ տունը սկզբում ունեցել է բնակիչներ։

Ուսումնասիրելով այդ թվերի մեր գրական մամուլը, համոզվեցինք, որ պաշտոնյայի խոսքը չի համապատասխանում իրականությանը, փաստերը վկայում են՝ «Գրական թերթի» 1951 եւ 1952 թվերի հրապարակումները, հայտարարությունները, այժմ ապրող ավագագույն գրողների վկայությունները, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ինքնակենսագրական գրվածքից մեջբերումը եւ այլ նյութեր, որ Հայաստանի գրողների միությունը Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել դեռեւս 1951 թվականից»։
Ավելին՝ շենքը, համաձայն Ավիկ Իսահակյանի գրության, կառուցվել է հատուկ Հայաստանի գրողների միության համար, որը նա լսել է իր պապ Ավետիք Իսահակյանից։ Այս առիթով Ավ․ Իսահակյանն օրեր առաջ հանդես է եկել բաց նամակով, որտեղ մասնավորապես գրել է․ «Հայաստանի գրողների միության շենքը սկսել են կառուցել 1950 թվականին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 75-ամյակի նախօրեին։ Այդ շրջանում Հայաստանի գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանը դիմել էր ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, խնդրանքով՝ կառուցել առանձին մի շենք Հայաստանի գրողների միության համար։ Հինը, որ գտնվում էր Շահումյան հրապարակում, շատ փոքր եւ անհարմար հարկաբաժին էր: Ընդառաջ գնալով Վարպետի խնդրանքին՝ որոշում կայացվեց շենքը կառուցել Իսահակյանի ապրած տնից ոչ հեռու՝ Բաղրամյան 3 հասցեով։ «Վարպետ ջան,- ասել էր Հարությունյանը,- տնից դուրս կգաք, կանցնեք փողոցը եւ կլինեք Գրողների միության շենքում»»։  

Հաջորդիվ Ավ․ Իսահակյանն իր խոսքն ավելի է մանրամասնում, նշելով, որ Գրողների միության տան կառուցման նպատակը գրողների ստեղծագործական միությանը մի հարմարավետ առանձնատուն հատկացնելն էր, որտեղ պետք է աշխատեին Գրողների միության ստեղծագործական մասնաճյուղերը եւ գրական բոլոր խմբագրությունները։ Շենքում էին գտնվում նաեւ միության նախագահի եւ քարտուղարների աշխատասենյակները։

«Առաջին հարկում նախատեսված էր ընդարձակ դահլիճ՝ գրական հավաքների եւ երեկոների անցկացման համար։ Այստեղ էր գործելու նաեւ Հայաստանի գրական ֆոնդը։ Երբ շինարարությունը մոտենում էր ավարտին, պարզվեց, որ լրացուցիչ գումար է անհրաժեշտ՝ կառուցվող շենքի կտուրը ծածկելու համար, եւ պահանջվող գումարը Ավետիք Իսահակյանն անհատույց հատկացրեց իր տպագրած գրքերից ստացած հոնորարներից։

Այսպիսով՝ սկսած գաղափարից, Հայաստանի գրողների միության շենքի կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Ավետիք Իսահակյանը, որը ղեկավարել է միությունը ցմահ՝ մինչեւ 1957 թ. հոկտեմբերի 17-ը: Շատ լավ եմ հիշում շենքի կառուցման ընթացքը, քանի որ հաճախ էի ուղեկցում պապիկիս շինհրապարակ եւ կիսում նրա հետ ուրախությունը՝ տեսնելով, թե ինչպիսի սիրով եւ եռանդով են հայ շինարարներն աշխատում կառույցի վրա: Սա ոչ միայն շենք է, այլեւ յուրահատուկ հոգեւոր տաճար։ Եվ այժմ այդ կառույցին ուրիշ իմաստ տալը եւ այլ նպատակի ծառայեցնելը սրբապղծություն է»,- ընդգծել է մեծանուն բանաստեղծի թոռը։

ՀԳՄ շենքի մեծ մասը՝ շենքին կից հիմքից չորս հարկ եւ հիմնական կառույցի 4-րդ հարկը, ըստ ՀԳՄ նախագահի, կառուցվել է 1970-ականների սկզբին, որի ֆինանսավորումն ապահովել է ՍՍՀՄ գրական ֆոնդը, որը գոյանում էր ժամանակակից եւ դասական գրողների հոնորարների տոկոսներից։ «Այսինքն, մենք՝ այն ժամանակվա գրողներս եւս մեր տուրքն ունենք այդ գործում»,- ասում է ու նշում, որ անցյալ տարի նշեցին Հայաստանի գրողների միության 90-ամյակը։

«Պատահական չէ, որ մեր միությունն էր Ղարաբաղյան շարժման կենտրոնական դիրքերում, մեր միության շենքում ձեւավորվեց երկրապահ կամավորականների շտաբը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ (ՀԳՄ անդամ), հիշենք նաեւ 1965 թվականին ՀԳՄ անդամների գործուն մասնակցությունը 1915 թվի Հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու, վերարթնացման ցույցերին ու միտինգներին։ Գուցե այս քայլերի պատճառո՞վ են թիրախավորել Հայաստանի գրողների միության եւ Հայաստանի նկարիչների միության անշարժ գույքերը։ Արդեն մի տարի է, ինչ դատաիրավական տիրույթի տարաբնույթ նյութերով գոյանում է հսկա տրցակ, եւ մեր հոգին դուրս է գալիս պատասխաններ ուղարկելով, քննարկումներ ու հանդիպումներ կազմակերպելով արվեստագետների հազարավոր ներկայացուցիչների բորբոքված ու վիրավորված զանգվածի հետ»,- ասում է Միլիտոնյանն ու ընդգծում՝ թե՛ ՀԳՄ-ն, թե՛ Նկարիչների միությունն իրենց համաժողովներով տեղեկացրել են կառավարությանը, որ իրենց կանոնադրության մեջ որոշել են անշարժ գույքերը երբեք չվաճառելու դրույթ ավելացնել, եւ դա արդեն ուժի մեջ է։

Բարեբախտաբար, մյուս միությունները դեռ չեն ստացել նման «սեւ թղթեր», բայց, չգիտես ինչու, նշանառության տակ են հայտնվել ստեղծագործական հենց այս երկու միությունների գույքերը։

Ավելին՝ ինչպես նկատում է Միլիտոնյանը, դեռ 2006 թ․ հայտնի ու անհայտ մեծավորներից առաջարկներ են եղել՝ ՀԳՄ-ի շենքի վրա հարկեր ավելացնել կամ թե՝ Սեւանի ստեղծագործական տունը վաճառել Լոնդոնից հայտնված գործարարի (2012 թ․), սակայն իր եւ մյուսների ջանքերով այդ գործարքները կանխվել են։

«Վերջապես, այսօրվա ՀՀ դատախազությունը, դատափետության ենթարկելով ՀՀ կադաստրի կոմիտեին, նույն չափով ոտնահարում է այն ժամանակվա ՀՀ կառավարությանը։ Մի խոսքով, անտերության թամաշայի (կներեք ոչ հայերեն բառ օգտագործելու համար) ականատեսն ու դատարանում 3-րդ անձի կարգավիճակ ունեցողն ենք, որի աչքի առաջ վիճարկվում է մեր անշարժ գույքերի ու մեր միության ճակատագիրը։ Այս ամենը տեսնելով՝ ո՞ր խիզախ ներդրողն է հայտնվելու սփյուռքից եւ այլ երկրաբնակներից ու մեր շրջապատից։ 25 տարի առաջ ՀՀ կադաստրի կողմից տրված մեր անշարժ գույքերի սեփականության իրավունքը վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում։ Այն դատաիրավական աշխարհի մասին է խոսքը, որ, ՀՀ վարչապետի գնահատմամբ, դեռեւս անկատար է, էլ չեմ ասում ԱՄՆ պետդեպի եւ եվրոպական կառույցների քննադատական դիտարկումներն այդ ուղղությամբ»։