Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա եղել․ինչ է ասել գյումրեցիներին
Այս պահին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցում իրարանցում է․ նախատեսվում է մեծ տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հարյուրամյակին։ Մինչ տոնական համերգի մեկնարկը՝ քաղաքի նախկին Մուսայելյան փողոցը՝ մոտ 1 կիլոմետր երկարությամբ, անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով
Այսօր ողջ օրը Գյումրին ազնավուրյան շնչով էր պարուրված ։ Փողոցային համերգներ, ծաղիկներ՝ Ազնավուրի արձանի մոտ եւ շատ հյուրեր, այդ թվում՝ Գյումրիում Շարլ Ազնավուրի արձանի տեղադրման գործում իր մեծ ներդրումն ունեցած սոչիաբնակ գյումրեցի, բարերար Գագիկ Պետրոսյանը, միջոցառմանը ներկա էր նաև հեղինակ՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը։
Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն անդրադառնալով «Շառլ Ազնավուր 100» միջոցառումներին, խոսեց նաև Ազնավուրի՝ Գյումրիում կատարած ահռելի ներդրման, քաղաքի հետ ունեցած կապի մասին․
«Գյումրին այն եզակի քաղաքն է, որտեղ 2001 թվականին տեղադրվեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա եղել:
Հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանն է, իսկ արձանի տեղադրման գործում իր մեծ ներդրումն ունի սոչիաբնակ մեր համաքաղաքացի, մեծ բարերար Գագիկ Պետրոսյանը: Մենք մեր պաշտոնական շնորհակալությունն իհարկե կհայտնենք մեր համաքաղաքացուն, բայց արդեն երեկոյան՝ «Սև բերդ» ամրոցում: Այս պահին մեզանից շատերը գուցե մտքով տեղափոխվեցին արձանի բացման արարողություն, հիշեցին, թե ինչպես էին նրան դիմավորում քաղաքում Ազնավուրին, գուցե հիշեցին նաև նրա կողմից հնչած խոսքերը. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»: Ոչ միայն այդ օրվա մասով այլ շատ հաճախ ենք նրան հիշում, գոնե մտքում շատ հաճախ երգում Ազնավուրի երգերը, հուզվում, սիրում ու հպարտանում, ժպտում ու ուրախանում նրա երգերի ներքո: Մեր շնորհակալությունը և մեր խոնարհումը քեզ մեծանուն հայորդի՛, մեր մե՛ծ բարեկամ, մե՛ծ շանսոնյե, մե՛ծ հայ, մե՛ծ արվեստագետին»,-ասաց նա։
Ի դեպ, բարերար Գագիկ Պետրոսյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է,եւ Գյումրի այցելելիս հյուրընկալվում է Բալասանյաններին ։
Կարծիքներ