Ով որ դաշինքի շտաբը կղեկավարի Հրազդանում

Ով որ դաշինքի շտաբը կղեկավարի Հրազդանում

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մարզերում քաղաքական ուժերի նախընտրական եռուզեռ է տիրում, այս փուլում ակտիվ ընթանում են ցուցակների շտկման, շտաբների բացման աշխատանքները: Կոտայքի մարզում ընտրությունները ավելի թեժ կլինեն, եւ քվեի ապահովվումը կուսակցությունների համար ավելի դժվար կդառնա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոտայքում ԲՀԿ-ն ամեն ընտրություններում ունի իր ընտրազանգվածը, ապա պայքար կգնա  «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ:  

Հրազդանում ԲՀԿ-ի ցուցակում ընգրկված է Հրազդանի ավագանու անդամ Արսեն Հարությունյանը: ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» դաշինքը Հրազդանում կղեկավարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի նախկին տնօրենը, ՀՅԴ կուսակցության անդամ՝ Արտաշ Հունանյանը:  

Հարցին. ասում են, որ նախկինների վերադարձ չի լինելու. մարզում ի՞նչպես է գնահատում դաշինքի շանսերը, Հունանյանը պատասխանեց.  « նչ կապ ունի նախկին ու ներկա, այսօր երկրի անվտանգության հարց կա: Հիմա սաղս էլ նախկին ենք, սաղս էլ հին մարդիկ մենք, մեր անցյա՞լը պետք է մոռանալ: ՀՅԴ-ն 135 տարվա պատմություն ունի, ասենք նախկին ա՞:  Շանս ունենք: Մարզի տվյալներով չեմ կարող ասել, բայց Հրազդանում ամեն բան նորմալ կլինի, քարոզարշավ կլինի, մեր ծրագրերը կներկայացնենք, լավ կլինի,  լավատես լինենք»: 

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը Հրազդանում կղեկավարի Հրազդանի նախկին քաղաքապետ՝ Արամ Դանիելյանը: Նա իր շուրջ կհավաքի իր թիմակիցներին, նախկին բաժնի պետերին:

Մեր տեղեկություններով՝ Հրազդանում 300-ից ավելի ՀՀԿ-ականներ կան, ովքեր դուրս չեն եկել ՀՀԿ-ից եւ այժմ ակտիվ լծվել են ընտրական պրոցեսի աշխատանքներին: Բանն այն է, որ 20 տարուց ավելի Հրազդանը ղեկավարած Արամ Դանիելյանը շատ լավ գիտի բնակիչների վրա ազդելու ձեւերը: Նրանք սկսել են նույն ձեռագրով աշխատել: Փորձեցինք Արամ Դանիելյանից մի քանի հարցերի պատասխան ստանալ, սակայն Դանիելյանն ասաց, որ ընտրությունների հետ կապված մեր հարցերին կպատասխանի մեկ շաբաթից:  

Հրազդանում՝ իշխանական ճամբարում դեռ հստակություն չունեն, թե ո՞վ է ղեկավարելու շտաբը:   Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ չի բացառվում, որ «Իմ քայլը» դաշինքի շտաբը ղեկավարի «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։ Ասում են, որ Սասուն Միքայելյանը մտահոգված է, եթե նախորդ ընտրությունների ժամանակ նա ստացել է 31 հազար եւ ավելի քվե, ապա այս ընտրություններում դժվար այդ շեմը հաղթահարի: