Վերջապես պետք է դադարեցնել «տակից հարց լուծելու» մշակույթը

Վերջապես պետք է դադարեցնել «տակից հարց լուծելու» մշակույթը

Երևանու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է․

«Յուրաքանչյուր բարեգործ իր բարեգործության դիմաց ստանում է հանրության երախտապարտությունը, և դա լուրջ փոխհատուցում է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ բարեգործությունն ունի իր արժեքը, և եթե այն հանրայնացված չէ, փոխհատուցման այլ միջոցներ են ակնկալվում:
Մենք ողջունում ենք բարեգործությունը և հայրենիքին օգնելու մղումները: Սակայն թափանցիկ պրոցեսը հանրությանը հնարավորություն է տալիս ճանաչել իր բարերարներին, նաև տալիս է հնարավորություն հրաժարվել անցանկալի նվերներից:
Նվիրատվության գործընթացը նախատեսում է երկու սուբյեկտների հարաբերակցություն: Մեկը կատարում է նվիրատվություն, մյուսը կարող է ընդունել կամ չընդունել այդ նվերը: Տվյալ դեպքում սուբյեկտներ են բարեգործն ու հանրությունը,վերջինս էլ հանդես է գալիս իր լիազոր ներկայացուցիչների՝ ավագանիների միջոցով: Հետևաբար քաղաքին նվիրատվություն կատարելու գործընթացին ավագանու մասնակցությունը պարտադիր բնույթ է կրում: Հակառակ դեպքում հանրությունը որպես կողմ դուրս է մնում այդ գործընթացից:

Տարիներ շարունակ Խորհրդային Հայաստանում, և որպես հետևանք՝ արդեն անկախ Հայաստանում արատավոր մշակույթ է ձևավորվել: Մենք յուրաքանչուրս նախընտրել ենք հարցերը լուծել ծանոթի, կաշառքի միջոցով, նույնիսկ դիմել ենք հեղինակությունների՝ մեր փոքր և մեծ հարցերն ավելի օպերատիվ լուծելու համար: Մեկ անգամ անցնելով այս շեմը կամա թե ակամա դառնում ենք այդ խաղի մասնակից, հետագայում այդ անձանց կողմից կատարված հանցանքներին ընդդիմանալ այլևս հնարավոր չէ, որովհետև ինքներս արդեն նրանց գործընթացների մասնակից ենք:

Եկենք հստակ պարզաբանենք, թե որն է մեր կողմից այս հարցի բարձրացման բուն նպատակը: Արդյոք դա ներկայիս իշխանությունների վարկաբեկման նպատակ է հետապնդում, կամ ռևանշիստական ուժերի ջաղացին ջուր լցնելու նպատակ է հետապնդում, կամ որևէ մեկի ուղորդմամբ է, կամ անձնական PR է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սա արատավոր մշակույթի փոփոխությանը միտված գործունեություն է, որը այս իշխանության հիմնական առաքելությունն է:
Վերջապես պետք է դադարեցնել «տակից հարց լուծելու» մշակույթը, «դու՝ ինձ, ես՝ քեզ» մոտեցումը բոլոր հարցերին: Վերջապես պետք է մեր երկիրը դնել օրենքի ռելսերի վրա, ամենայն լրջությամբ ընկալել օրենքի ամեն տողը, ամեն բառը, ամեն տառը, ոչ թե անվերջ ուղիներ փնտրել դրանք այս ու այն կերպ շրջանցելու համար: Պետք է աշխատել պարզ ճակատով և հասուն մարդուն վայել պահվածքով:

Ոչ ոք իրավունք չունի վատնել հեղափոխության հիմնական կարգախոս հանդիսացող՝ «Մենք ենք տերը մեր երկրի» արժեքը: Մեզանից և ոչ ոք իրավունք չունի խլել այդ դժվարությամբ ձեռքբերված համոզմունքը ժողովրդից: