Նախագահ Սահակյանն ավանդույթ է ստեղծում

Նախագահ Սահակյանն ավանդույթ է ստեղծում

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՀ հերոս Բեկոր-Աշոտ Ղուլյանի հուշարձանին: Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին անգամ է, որ պետության ղեկավարն անձամբ հարգանքի տուրք է մատուցում Արցախյան պատերազմի լեգենդար հերոսի հիշատակին: Հիշում եմ 1996-ի երեւի նոյեմբերյան մի օր, երբ տեղի էր ունենում այդ հուշարձանի բացման արարողությունը եւ պաշտոնական խոսք ասելու իրավունքը տրված էր ինձ՝ բանակային «Մարտիկ» թերթի խմբագրին: Բեկոր-Աշոտ Ղուլյանի կերպարի համեմատ ես, անկասկած, չափազանց ցածր մակարդակի դեմք էին, բայց կազմակերպիչներն այդպես էին որոշել:

Ներկա չէր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունից միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը: Այդ վերաբերմունքը տարիներ շարունակ պահպանվել է: Եւ միայն Բակո Սահակյանի նախագահության շրջանում է Բեկոր-Աշոտ Ղուլյանն արժանացել Արցախի հերոսի կոչման: Լրացել է նրա 60-ամյակը, եւ նախագահն անձամբ է պետական խոնարհումի տուրք մատուցել հերոսի հիշատակին: Նախագահ Սահակյանն, ասյպիսով, ստեղծում է ավանդույթ: Հաջորդ նախագահն արդեն արարողարկագով պարտավորված է լինելու նույնը անել մյուս հերոսների հոբելյաններին:

Արցախում նախագահական ընտրություններ կկայանան եկող գարնանը: Մինչ այդ առիթ կլինի հիշելու ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան հերթական տարելիցը: Արցախի ոչ մի նախագահ առ այսօր պետական արարողակարգով Արթուր Մկրտչյանի շիրմին չի այցելել: Նրա ծննդյան եւ մահվան օրը հուշահամալիր են այցելու խորհրդարանի պատգամավորներ, ՀՅԴ Արցախի կառույցի ԿԿ անդամներ, հարազատներ, ընկերներ: Բակո Սահակյանը կարող է կոտրել նաեւ այդ կարծրատիպը, իշխանությունից հեռանալուց առաջ արարողակարգային այցով հարգել Արթուր Մկրտչյանի հիշատակը: Մեռածներին դա այլեւս ոչինչ չի տա, բայց ապրողներին շատ է հարկավոր: