Թեթև ապտակը 5 մատի հե՞տքն է, բռունցքի հարվա՞ծը, թե՞ շոյանքը

Թեթև ապտակը 5 մատի հե՞տքն է, բռունցքի հարվա՞ծը, թե՞ շոյանքը

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի՝ նախօրեին Լive ռեժիմում արված որակումներն ու դիտարկումները շոկի ենթարկեցին ոչ միայն մանկավարժներին ու կրթության ոլորտի մասնագետներին։ Բանն այն է, որ Արմինե Դավթյանը սեմինար-հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է հայելային արտացոլման մեթոդի մասին, եւ թե ինչպես է այն աշխատում հատկապես վարքի խնդիրներ ունեցող երեխաների դեպքում.

«Փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը... ես չեմ ասում՝ տեղի-անտեղի երեխային խփում եմ, քավ լիցի, նման բան չկա... ծայրահեղ դեպքերում, եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ: Եղել ա, որ կծել է, ես էլ իրեն եմ կծել... երեխան ինձ խփեց, ես էլ իրան կամաց թուշիկին խփեցի... կասեն՝ վայ, բռնություն գործադրեց..., բայց երեխան հանգստացավ, ու ես դա արեցի ծնողի ներկայությամբ...»,- տեսանյութում նմանօրինակ դատողություններ է անում Ա․ Դավթյանը, եւ դա մեծ արձագանք է գտել թե՛ տարբեր անհատների, թե՛ մասնագիտական խմբերում` որակվելով որպես բռնության քարոզ։ Ավելին՝ Ֆեյսբուքում օգտատերերից մեկի այն գրառմանը, թե «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», Ա․ Դավթյանը պատասխանել է․ «Բացի իսկական մանկավարժից»։  

ԿԳՄՍ նախարարությունն այս միջադեպի առիթով նույնպես հանդես եկավ հայտարարությամբ․ ««Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է խնդրահարույց գրառում եւ հրապարակել է տեսանյութ, որը քննարկումների առիթ է դարձել: Իրավիճակը պարզաբանելու նպատակով նախարարությունը սահմանված կարգով բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից եւ դրա քննարկումից բխող միջոցներ: Հանրության ներկայացուցիչները նույնպես կներգրավվեն այդ քննարկմանը»:

Արմինե Դավթյանից պարզաբանում խնդրեցինք իր հնչեցրած տեսակետների եւ մեթոդների շուրջ, որին ի պատասխան՝ նա նկատեց, որ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ տեսանյութից մի հատված տեղադրվեց աուտիզմի ֆեյսբուքյան խմբում, մինչդեռ, Դավթյանի պնդմամբ, իր խոսքն ուրիշ կոնտեքստում է եղել, ո՛չ աուտիզմի․ «Նման ապատեղեկատվությունը արդյունքում ստեղծեց ցայտնոտային իրավիճակ համացանցում, այնտեղ ծնողները խառնվեցին իրար, մասնագետներ սկսեցին ինձ դաստիարակել, ինչ-որ բան սովորեցնել, մինչդեռ իմ ասածն ընդհանրապես կապ չուներ կոնտեքստի հետ»։

Ի՞նչ ապատեղեկատվության մասին է խոսքը, տեսանյութում ամեն ինչ լսելի է։ «Բռնության մասին խոսք չի եղել, հակառակը՝ իմ կոնտեքստը նա էր, որ մանկավարժի այս կամ այն աշխատանքը կարող է կողքից այլ ձեւով մեկնաբանվել, եւ ես հենց դրա օրինակն եմ բերում, որ երբ ես փորձում եմ երեխային գրկել ու նստել հայելու առջեւ, եւ հիստերիայի մեջ ընկած երեխան փորձում է պաշտպանվել, իրեն գետնով տալ, ես էլ փորձում եմ նրան պահել, որ իրեն չվնասի, դա կողքից կարող է դիտվել որպես բռնություն, բայց իմ նպատակը երեխային գրկել, նստացնել ու հանգստացնելն է»։  

Ինչ վերաբերում է այն գրառմանը, որ «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», նա հակադարձել է՝ «բացի իսկական մանկավարժից»․ Դավթյանը նշեց, որ նկատի է ունեցել ոչ թե խփելը, այլ մեթոդի կիրառումը․ «Խփելը զուգահեռ ինֆորմացիա է գնացել, ինքը գրել է, ես զուգահեռ վերին հատվածին պատասխանել եմ, ստացվել է՝ իմ ու իր գրածն իրար հետ սքրին շոթ են արել եւ տարածել իմ դեմ։ Ես խոսել եմ, որ միայն իսկական մանկավարժը կարող է այդ մեթոդը կիրառել, ոչ թե խփել»։ Եթերի ընթացքում ասում է՝ այդ արտապատկերման մեթոդի համաձայն՝ եղել է, որ ինքն էլ է խփել, կծել։ Ա․ Դավթյանն ասաց․ «Ես «խփել», «ծեծել» բառը չեմ օգտագործել, ես միայն «ապտակ» բառն եմ օգտագործել, այն էլ՝ թեթեւ ապտակ, երբ երեխան ինձ ուժեղ ապտակել է, ես մի թեթեւ ապտակով՝ ուղիղ իր աչքերին նայելով, արտապատկերել եմ իրեն՝ ծնողը կողքիս կանգնած»։

ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ հոգեբան Սոֆյա Հովսեփյանը նկատում է՝ թե՛ թեթեւ ապտակի եւ թե՛ կծելու պահը չի կարող մոնտաժվել կամ ավելացվել Ա․ Դավթյանի խոսքում, ինչ վերաբերում է հայելային մեթոդին, ապա․ «Նախ հայելային արտացոլման մեթոդն իր մեջ ամենեւին դա չի ներառում, հայելային արտացոլում՝ նշանակում է, որ երեխան հայելային կերպով կրկնի դիմացինի վարքը։ Եթե մենք այդ մոտեցումը ցուցաբերենք, նշանակում է, որ մեծահասակը խփում է, փոքրահասակը վարքի կրկնողության է գնում։ Ինքն արտացոլման մասին է խոսում, որպեսզի երեխան նույնկերպ տեսնի ինքն իր վարքագիծը եւ չկրկնի։ Մինչդեռ խնդիրը նրանում է՝ որ երբ երեխային փորձում ես վարքային կրկնողության տանել այդ ոլորտներում, դա նշանակում է, որ դու տանում ես երեխային գործողությունների ամրապնդման։ Այսինքն՝ եթե երեխան ունի աուտիզմ, իրեն չի կարելի բռնի կերպով գրկել-փաթաթվելով փորձել հանգստացնել։ Արդեն քո բռնել-փաթաթվելը երեխային սահմանափակել է եւ իր ապահով միջավայրից դուրս բերել, ինչը նշանակում է, որ այդ երեխան կարող է գերհուզականություն դրսեւորել, ու վախ առաջանա իր մոտ։ Երբ երեխան չի ուզում գալ դեպի քեզ, իսկ դու ստիպողաբար իրեն քաշես, պինդ բռնես, գրկես ու նստացնես աշխատելու, արդեն վատ է, դա այդպես չի արվում։ Պետք է կարողանաս ժամանակի ընթացքում՝ երգի, պարի միջոցով, որոշակի հեռավորության վրա ինչ-որ գործողություններ անել, որոնք իրեն հաճելի են, ստեղծելով ապահով միջավայր իր համար եւ կամաց-կամաց տանես դեպի քեզ։ Սկզբում կարող է նույնիսկ պարանի միջոցով կոնտակտ հաստատես իր հետ։ Եվ իր այն արդարացումները, որ ի՞նչ անես, եթե երեխան չի ուզում մոտդ գա, պետք է քաշես-բերես ու մոտդ նստացնես, սխալ է»։

Հովսեփյանն իր խոսքում նկատում է․ այն ծնողը, ում երեխայի նկատմամբ Դավթյանի կողմից կենտրոնում ապտակ էր կիրառվել, այս աղմուկից հետո չցանկացավ այլեւս խոսել․

«Այս տեսանյութի խնդրահարույց լինելն ինձ համար կայանում է նաեւ նրանում, որ եթե ինքը՝ որպես մասնագետ, գծել է իր համար մի մեթոդ եւ դրանով աշխատում է, դա իր գործն է, բայց երբ այդ մասնագետն իրեն վերապահում է նաեւ այլ մասնագետների այդ մեթոդով վերապատրաստել եւ այդ մեթոդն ինքը համարում է թեթեւ ապտակ, այն դեպքում, որ «թեթեւը» չափելի բառ չէ։ Մեկի համար թեթեւը կարող է 5 մատի հետքը լինի, մյուսի համար՝ բռունցքի հարվածը, էն մյուսի համար՝ շոյանքը։ Այսինքն՝ «թեթեւ ապտակ» ասվածն անչափելի եզրույթ է։ Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, հատկապես՝ վերապատրաստման դեպքում։ Դրանից հետո, երբ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը գրում է, որ երեխային չի կարելի խփել, ինքը գրում է, որ իսկական մանկավարժին կարելի է, եւ իրեն խրախուսողները, իր խոսքը հավանողները գուցե հենց իր կենտրոնի աշխատող մասնագետներն են, եթե այո, ապա նախարարությունը պետք է իրենցից էլ բացատրություն պահանջի»։

Մասնագետների վերապատրաստման հետ կապված՝ կան խնդիրներ, որոնք մինչ այս տեսանյութի հայտնվելը դարձյալ եղել են իր ուշադրության կենտրոնում՝ որպես ԱԺ պատգամավորի։ Դրանք բոլորը պատրաստվում է առաջիկայում նախարարությունում քննարկել․ «Սա միայն քննարկման թեմա չէ, որովհետեւ սրանք նաեւ անընդունելի գործողություններ են, որոնց պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերվի։ Միայն քննարկումը կամ բացատրությունը երաշխքի չէ այդ մասնագետների կիրառականությունն ապահովելուն, որոնց ինքը վերապատրաստել է։ Իսկ ինքը, չգիտեմ՝ այդ մեթոդներո՞վ է, թե ոչ, վերապատրաստել է մի ամբողջ Շիրակի մարզի բազմամասնագիտական թիմ եւ ավելին՝ գնահատում է անցկացրել»։