Գազի փողերը հե՞տ են գանձել

Գազի փողերը հե՞տ են գանձել

«Գազպրոմ Արմենիա»-ի Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները մեզ իրենց դժգոհությունն էին հայտնել, որ կառավարությունը սոցիալական աջակցության շրջանակներում վճարել է աշխատակիցների մարտ ամսվա գազի վարձի 30 տոկոսը, եթե ընդհանուր գումարը չի գերազանցել 30 հազար դրամը: Բայց «Գազպրոմի» Լոռու մասնաճյուղի աշխատողների աշխատավարձից այդ գումարը հաջորդ ամիս հետ է պահվել: Ասել են՝ «Նիկոլն է ասել, որ պահենք»: Եթե վարչապետն է այդպես հրահանգել, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են ի սկզբանե այդ գումարները փոխանցվել եւ ուր են գնալու ետ վերադարձված գումարները. մնալու են «Գազպրոմի՞ն», նորից վերադառնալու են բյուջե՞, թե՞ բոլորովին այլ տեղ կհանգրվանեն…

Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ «Գազպրոմ Արմենիայի» Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Վարդան Բաղդասարյանից, որը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի եղբայրն է։ Նրա հեռախոսահամարին պատասխանեց օգնականը, որը նախ հետաքրքրվեց, թե ինչ հարցով ենք զանգահարում, որպեսզի որոշի՝ փոխանցե՞լ, թե՞ ոչ։ Հարցը դեռ չէր հնչել, երբ օգնականը, լսելով «կառավարություն», «30 տոկոս» եւ «աշխատակիցներ» բառերը, անջատեց հեռախոսը։ Մենք ստիպված էինք պաշտոնական պարզաբանում ստանալ «Գազպրոմ Արմենիայի» գլխամասից, որտեղից մեզ ասացին, որ աշխատողներն ինքնակամ են հետ վերադարձրել գումարները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում իրականացրել են իրենց պարտականությունները եւ ստացել են աշխատավարձ, ընկերության այն աշխատակիցները, ովքեր օգտվել են փետրվար ամսվա սպառած գազի դիմաց ՀՀ կառավարության ծրագրերով հատկացված փոխհատուցումից, հանդես են եկել նախաձեռնությամբ` կամավորության սկզբունքով այդ գումարները որպես օգնություն փոխանցել գազ սպառող այն բաժանորդներին, որոնք սոցիալապես առավել խոցելի են համարվում»,- ասված է «Գազպրոմի» պատասխանում։ Սակայն մեր ճշտող հարցին, թե ինչպես է ստացվում, որ կամավորության սկզբունքով հետ են տալիս գումարները, սակայն մեզ ասում են, որ իրենց կամքին հակառակ պահումներ են արվել,  չպատասխանեցին։ Ի դեպ, «Գազպրոմի» շարքային աշխատակիցները ցածր աշխատավարձեր են ստանում, եւ նրանք էլ են մտնում խոցելի խավի մեջ։