Չարենցավանում բակերը շուտով կասֆալտապատեն, իսկ փողոցների վրա հեղափոխությունը դեռ չի ազդել

Չարենցավանում բակերը շուտով կասֆալտապատեն, իսկ փողոցների վրա հեղափոխությունը դեռ չի ազդել

Կառավարությունն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս օրերին հպարտությամբ են խոսում այն մասին, որ ամբողջ հանրապետությունով մեկ աննախադեպ ծավալի և որակի ճանապարհաշինական աաշխատանքներ են ընթանում։ Եվ ճիշտ են ասում՝ իսկապես, ճանապարհների նորոգման, այդ թվում՝ հիմնանորոգման աշխատանքների աննախադեպ ծավալ է նկատվում հեղափոխությունից հետո, որակն էլ, ասում են, բավականին բարձր է։ Ընդ որում՝ նորոգում են ոչ միայն միջպետական նշանակության ճանապարհները, այլև ներհամայնքային ու միջհամայնքային նշանակության քարուքանդ ճանապարհները, որոնք տարիներով ասֆալտի երես չեն տեսել։ Բայց այս ամենը, կարծես թե, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի վրա չի ազդում։ Չարենցավանում մի քանի տարի առաջ կառավարության սուբվենցիոն ծրագրով կենտրոնական փողոցներից մեկը նորոգեցին՝ լրիվ նոր ասֆալտ փռեցին և վերջ, դրանից հետո մինչ օրս Չարենցավանում բավարարվում են սոսկ «ավանդական» փոսալցումներով, որը ոչ մի օգուտ չի տալիս։ Թվում էր, թե հեղափոխության շունչը կտարածվի նաև այս քաղաքի վրա, բայց՝ ոչ․ նորից հայտարարվեց մրցույթ` փոսալցումների համար, եկան, անորակ ձևով փոսերը լցրեցին, որոնք մեկ-երկու ամիս անց դարձյալ բացվեցին։ Այսօր այդ փոսալցված փողոցները գրեթե նույն վիճակում են, ինչ փոսալցումից առաջ։ Խոսքը հատկապես Չարենցավանի մուտքից ոստիկանության կողքով դեպի միկրոշրջան տանող ճանապարհի մասին է, որը հանրապետական նշանակության ճանապարհ է համարվում։

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ ճանապարհը թեպետ Չարենցավանի մեջ է գտնվում, բայց Չարենցավան համայնքին չի պատկանում, ուստի փոսալցման մրցույթի ու աշխատանքների հետ համայնքը որևէ կապ չունի։

«Ոստիկանության ճանապարհը՝ քաղաքի մուտքից մինչև Կարենիս համայնք տանող խաչմերուկ, հանրապետական նշանակության ճանապարհ է։ Էդտեղ համայնքը որևէ աշխատանք չի կարող անել, դա անում է Կոտայքի ճանշինը։ Մենք նախկինում էլ, հիմա էլ բազմիցս գրել ենք նախարարությանը, որ երկու կողմերից համատարած ասֆալտապատել են, բայց եկան-հասան Չարենցավանի տարածք, կանգնեցին։ Դա 30-40 տարվա ասֆալտ է, որը պիտի հիմնանորոգվի, որի համար մեծ գումար է անհրաժեշտ»,-ասաց Հակոբ Շահգալդյանը՝ նշելով, որ այդ ճանապարհի հիմնանորոգումը պետք է կառավարության ծրագրով իրականացվի։

Չարենցավանում նաև բակերն են անմխիթար վիճակում, ինչը պարբերաբար հարուցում է բնակիչների բողոքն ու դժգոհությունը։ Բակեր կան, որտեղ այնպիսի փոսեր կան, որ մեքենադ ամենագնաց պետք է լինի, որ տակը չխփի։

Չարենցավանի քաղաքապետն ասաց, որ իրենք մի սուբվենցիոն ծրագիր ունեն, որի մի մասը կառավարությունն է ֆինանսավորում, մի մասը՝ համայնքը, որով պետք է ասֆալտապատեն բակերը։ 

«Մրցույթն արդեն եղել է, հաղթողը կա, առաջին անգամ մրցույթ հայտարարելիս ոչ մի ընկերություն չմասնակցեց, դրա համար մի քիչ ուշացավ, բայց հիմա՝ մի 3-4 օրից արդեն այդ ծրագրով կսկսեն բակային ասֆալտապատման աշխատանքները»,-ասաց պարոն Շահգալդյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ, եթե եղանակային պայմանները թույլ տան, բավականին մեծ ծավալի աշխատանք կիրականացնեն բակերում։

Ի դեպ, դժգոհություն կար նաև քաղաքի լուսավորությունից, որ թեև Չարենցավանն էլեկտրախնայող լամպեր է տեղադրել, բայց էլի ուշ են միացնում լույսերը՝ բնակիչներին որոշ ժամանակ մթության մեջ թողնելով։

Օրինակ՝ երեկոյան լույսերը վառում են 19։15-ին, մինչդեռ ժամը 7-ը չեղած՝ արդեն մութն ընկած է լինում։ Շահգալդյանն ասաց, որ ճիշտ է՝ մի քիչ ուշ են միացնում, փոխարենը՝ լույսերը կես ժամ ավելի երկար են պահում։ «Մենք առաջ գիշերը 11։30-ին էինք անջատում, հիմա անջատում ենք 12-ին։ Բայց մեր քաղաքացիները պիտի հաշվի առնեն, որ մենք էկոնոմիա անելով` պիտի ինչ-որ բանի հասնենք։ Պատկերացրեք՝ ամբողջ համայնքով՝ Չարենցավանը և հարակից գյուղերը լուսավորված են այդ LED լույսերով։ Բայց հիմա է, որ 7-ն անց 15 ենք միացնում լույսերը, ձմեռը կարող է 5-ն անց 30 էլ միացնենք, եթե մութը շուտ ընկնի»,-ասաց Հակոբ Շահգալդյանը։