Աճեմօղլուն, Նոբելյան մրցանակը և Հայաստանը
Այսօր տնտեսագիտության բնագավառի այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացած եռյակի անդամներից մեկը մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն է։ Աճեմօղլուն աշխարհի ամենահայտնի և ամենացիտվող տնտեսագետներից է ու, անշուշտ, կարող էր այդ մրցանակին շատ վաղուց արժանանալ։ Հիմնախնդիրը, որի ուսումնասիության արդյունքները գնահատել է նոբելյան կոմիտեն, հնչում է այսպես՝ «Ինչպե՞ս են ձևավորվում ինստիտուտները և ինչպե՞ս են դրանք ազդում բարգավաճման վրա»։
Այդ Տարոն Աճեմօղլուն էր, որ 2018-ին իբր խոստացավ ու այդպես էլ Հայաստան չեկավ՝ իբր «տնտեսական հեղափոխություն» անելուն աջակցելու։ Նույնիսկ նրան «բերման ենթարկելուն» չօգնեց բեստսելլեր դարձած նրա (Ջեյմս Ռոբինսոնի համահեղինակությամբ) հայտնի աշխատության՝ «Ինչու՞ են ազգերը ձախողվում» («Why Nations Fail») հայերեն թարգմանությունը։ Այս գրքի հիմնական իմաստն այն է, որ տնտեսական բարեկեցության հասնում են միայն ներառական՝ «ինկլյուզիվ», քաղաքական ինստիտուտներ ունեցող երկրները, որոնց կառավարումը հիմնված է օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա։ Մինչդեռ, «էքստրակտիվ» ինտիտուտներ ունեցող երկրները, որոնք հիմնված են բռնապետական կամ ավտորիտար մշակույթի վրա և որոնց իշխող էլիտաները շահագործում և կողոպտում են հասարակության գերակշիռ մեծամասնությանը, որպես կանոն՝ ձախողվում են։ Այսպիսի երկրները չեն կարող բարգավաճման հասնել՝ պնդել են ապագա նոբելյան մրցանակակիրները։ Ու չեն սխալվել։ Հայաստանը այս տեսակետից տիպիկ օրինակ է։
Այսօր էլ, ինչպես թավշա «հեղափոխությունից» առաջ, Հայաստանը՝ այլևս նոբելյան չափանիշներով, կարելի է դասել ձախողված երկրների շարքին։ Ավելի քան երեք տասնամյակ տևած լիբերալ «բարեփոխումներից» հետո էլ երկիրը շարունակում է լինել սոցիալապես գերբևեռացված, միջին եկամտի ծուղակում արգելափակված, հսկայական պետական պարտքի տակ կքած ու առևտրավաշխառուական կապիտալի դոմինանտությամբ երկիր։ Դրան հավելած՝ անվտանգության համակարգերի, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները։
Պատահական չէ, որ նույն Տարոն Աճեմօղլուն, այն հարցին ի պատասխան, թե ինչու՞, ի վերջո, Հայաստան չեկավ, անկեղծորեն խոստովանել էր՝ «Հայաստան չեկա, որովհետև երբեք չեմ մտածել, թե կարող եմ տնտեսությունը ոտքի կանգնեցնել»։ Մարդն ավելի քան թափանցիկ հասկացրել է՝ ի՞նչ տնտեսական վերելքի մասին է խոսքը, եթե ձեր ինստիտուտները (իմա՝ կառավարման ավտորիտար մշակույթը) իսպառ բացառում են նման հնարավորությունը։
Ինչպես ասում են՝ հավելյալ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ