«Նստող չկա, վաղն էլ քշեմ, էլ դուրս չեմ գա». մոնիտորինգային շաբաթ երթուղայինների վարորդների համար

«Նստող չկա, վաղն էլ քշեմ, էլ դուրս չեմ գա». մոնիտորինգային շաբաթ երթուղայինների վարորդների համար

Հազար ու մի միջոցառումներից, որոնք կառավարությունն իրականացնում է համավարակի հետևանքները փոխհատուցելու համար, դուրս է մնացել քաղաքային տրանսպորտը: Այսօր գազելներն ու ավտոբուսները դատարկ են երթևեկում, պահպանելով կանգնած ուղևոր չունենալու սկզբունքը: Հասկանալի է, սակայն, որ երթուղայինների վարորդներին համարյա ոչինչ չի մնում: 

Որոշ գծատերեր հանել են երթուղիները սպասարկող վարորդների համար պարտադիր օրական վճարումները, այսպես կոչված «պլան» հասկացությունը: Թիվ 41 երթուղու վարորդներից մեկը պատմեց, որ տրանսպորտը բացվելու օրվանից իրենք «պլան» չեն տալիս: «Քշի, ինչքան ուզում ես: Մենք էլ ենք զարմանում: Ինչքա՞ն ժամանակ սենց կլնի, չգիտենք», - ասում է նա: 

Սակայն ոչ բոլոր գծերում է այս վիճակը: Կան գծատերեր, որոնք շարունակում են վարորդներից օրական 10-13 հազար դրամ վերցնել: Նրանք էլ դժգոհում են, որ «ավտոները» դատարկ քշելով, շուտով չեն կարողանալու գիծ դուրս գալ: Քաղաքի ամենաանհասանելի կետերից մեկը՝ «ՏԵՑ-ի կրուգ» կոչվող թաղամասը սպասարկող վարորդ Կ-ն մեր խնդրանքով հաշվեց իր ծախսն ու եկամուտը:  

«7000 գազի եմ տվել, գումարած 400 դրամ՝ ալկոգելին, 3 դիմակ, ձեռնոց, եղա՞վ  հազար, գումարած13000 պալնի փող: Բայց նստողը քիչ ա: Երթի երկարությունը 4-րդ գյուղի «Մարիաննա» կաթի գործարանի մոտից մինչև միսկոմբինատի փողոց 28 կիլոմետր ա: Նստող չկա, եթե սենց լինի, վաղն էլ քշեմ, էլ դուս չեմ գա»: 

Թե վարորդները, թե ուղևորները հասկանում են, որ այս կերպ քաղաքային  տրանսպորտը երկար չի ձգելու: Տրանսպորտային կազմակերպություններին սուբսիդավորելու հարցը բաց է մնացել: Առանձնահատուկ միջոցառում ինչպես, ասենք, ռեստորանների, կամ վարսավիրանոցների աշխատողների համար, տրանսպորտային կազմակերպությունների աշխատողների համար չկա: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակին» հայտնեց, որ հարկադիր պարապուրդի մատնված վարորդները կառավարության սոցիալական ծրագրերից օգտվում են ընդհանուր հիմունքներով: «Դրանք ընդհանուր ծրագրեր են, որոնք վերաբերում են նաև տրանսպորտային ընկերությունների աշխատողներին: Բացի դա, քաղաքային ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների վարորդները հարկադիր պարապուրդի շրջանում վարձատրվել են իրենց աշխատավարձի երկու երրորդի չափով: Կան վարորդներ,  որոնք անկախ նրանից, ստացել են, թե ոչ իրենց աշխատավարձի 2/3 չափը, միաժամանակ կառավարությունից են միանվագ գումար ստացել», - ասաց նա: 

Հարցին, թե որքա՞ն է տրանսպորտը դատարկ երթևեկելու, հասկանալի է, չէ՞, որ ձեռնարկությունները այսպես երկար չեն կարողանա աշխատել, խոսնակը պատասխանեց. «Այս շաբաթը մոնիտորինգային շաբաթ է, կնայենք, կուսումնասիրենք, խնդիրները վեր կհանենք ու առաջարկներ կներկայացնենք կառավարություն»: Հնարավո՞ր է, որ տրանսպորտը նորից կանգնի, նկատի ունենալով վարակի տարածման բարձր տեմպը: «Չեմ կարող ասել: Այդ հարցը քաղաքապետարանի իրավասությունից վեր է», - պատասխանեց Հակոբ Կարապետյանը: Նա ասաց նաև, որ անհատական պաշտպանության միջոցներ և նյութեր տրամադրվում են միայն քաղաքային ենթակայության ընկերություններին: Մասնավոր ձեռնարկություններն իրենք պետք է ձեռք բերեն դիմակ ու ալկոգել: Վարո՞րդը, թե՞ ձեռնարկության տնօրենը հարցը գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում է լուծվում:  

Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում, ըստ քաղաքապետարանի տվյալների, առկա է 561 ավտոբուս, փաստացի շահագործվում է 39 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 400 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 17 կազմակերպություններ։