Նոր նախագիծ՝ մեղադրվող նախկին պաշտոնյաներին ՀՀ բերելու համար

Նոր նախագիծ՝ մեղադրվող նախկին պաշտոնյաներին ՀՀ բերելու համար

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերով միջազգային համագործակցությունը:

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» անվանմամբ օրինագծի անհրաժեշտւթյունը նախարարությունը բացատրում է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը չի կարգավորում իրավական օգնության ոլորտը: ՀՀ-ում քրեական գործերով իրավական օգնությունն իրականացվում է ՀՀ միջազգային, առանձին պետությունների հետ կնքած պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4 գլուխներում ամրագրված դրույթներով:

Նշենք, որ ՀՀ-ն միջազգային պայմանագրերից բացի, իրավական օգնության առանձին պայմանագրեր ունի Վրաստանի, ԻԻՀ, Հունաստանի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լատվիայի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, ՉԺՀ և Քուվեյթի հետ:

Միջազգային պայմանագրերը պետություններին ընձեռում են միայն իրավական փոխադարձ օգնություն տրամադրելու հնարավորություն, սակայն իրավական օգնության տրամադրման կարգը, դրա հետ կապված վարույթային գործողությունները չեն կարգավորում՝ դա թողնելով յուրաքանչյուր երկրի ներպետական օրենսդրությանը: Իսկ ՀՀ ներպետական օրենսդրության, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում կան իրավական օգնությանը վերաբերող գլուխներ, սակայն դրանցում նշված կարգավորումները հաճախ թերի են, իրարամերժ, գործնական կիրառության ժամանակ բազում խնդիրներ են ծագում, իսկ առանձին դեպքերում էլ ընդհանրապես կարգավորում չեն նախատեսում:

Նախագծում մի առանձին կարգավորող գլուխ է նախատեսված ՀՀ տարածքում ենթադրյալ հանցանք կատարած կամ հանցագործության համար դատապարտված և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնման կարգի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ ՀՀ-ից դուրս են գտնվում մի քանի նախկին պաշտոնյաներ, որոնց քրեական գործերով մեղադրանք կա առաջադրված՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան: