Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրությունները՝ ծածկադմփո՞ց, թե՞ պաշտոնական կեղծիք

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրությունները՝ ծածկադմփո՞ց, թե՞ պաշտոնական կեղծիք

Դեկտեմբեր ամսին միանգամից 2 բուհում տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ, եթե Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրություններն արտաքուստ անցան անաղմուկ ու անշշուկ, ապա Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների շուրջ խժդժությունները սկսվեցին դեռ ընտրություններից առաջ եւ շարունակվում են մինչ օրս։  

Ինչպես հայտնի է, «Բրյուսովի» ռեկտորի ընտրությունից անմիջապես հետո աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու փոխվարչապետ, «Բրյուսովի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանը, որոնց 2-ի հրաժարականներն էլ ուղղակիորեն կապվեցին «Բրյուսովի օպերացիան» ձախողելու հետ, քանի որ իշխանությունն իր թեկնածուին՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին, չկարողացավ ռեկտոր կարգել, եւ հոգաբարձուների խորհուրդը ձայների 12/8 հարաբերակցությամբ ընտրեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանին։ Սակայն ռեկտորի ընտրության օրինականությունը շաբաթներ անց իշխանությունը կասկածի տակ առավ՝ հարուցելով քրեական մի քանի վարույթ։ Այդ ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ Համբարձում Մաթեւոսյանը, անհասկանալի ու անհայտ պատճառով, հրաժարվել է ստորագրել խորհրդի արձանագրությունն ու որոշումը։ «Բրյուսովից» էլ այս ընթացքում շարունակաբար կոչեր էին հնչում՝ հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ։

«Բրյուսովի» գործին զուգահեռ պարզ դարձավ, որ Գեղարվեստի ակադեմիայում ռեկտորի ընտրությունների հետ կապված տեղի է ունեցել ծածկադմփոց։ Այս խնդիրը շահագրգիռ կերպով հանրայնացրին հենց բրյուսովցիները։ Համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր․ «2022թ. դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում գիտական աստիճան չունեցող Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել է ռեկտոր։ Ընտրությունը տեղի է ունեցել Ժաննա Անդրեասյանի՝ նախարար եղած ժամանակ։ 2021թ․ հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան»։ Սա ԿԳՄՍՆ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտի հերթական դրսեւորումն է. մի դեպքում ապօրինաբար ընտրում են ռեկտոր, իսկ Բրյուսովի դեպքում՝ օրինական ընտրված ռեկտորին հետապնդում»։  

Դրան հաջորդեց նաեւ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ։ «Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»,-մասնավորապես նշել էին նախարարությունից։ Ընտրված, բայց դեռեւս չնշանակված ռեկտոր Արամ Իսաբեկյանը դժկամությամբ եւ կտրուկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին․ «Ոչ մի մեկնաբանություն չունեմ եւ ցանկություն էլ չունեմ խոսելու այդ թեմայով․․․»։

Ինչպես տեղեկացանք, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրություններից հետո արդեն նախկին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն արվեստի բուհերի ռեկտորներին հրահանգել է նոր խորհրդի նիստ հրավիրել եւ փոփոխություն կատարել օրենքի մեջ, ըստ որի՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ոչ միայն գիտական աստիճան, այլ նաեւ գիտական կոչում ունեցող ցանկացած մեկը։ Այլ կերպ ասած, փորձել է հետին թվով շտկել իրավական կիքսը եւ արագի մեջ օրինականացնել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրությունները, բայց քանի որ «ստի ոտքը կարճ է», կատարվածը միանգամից քողազերծվել է, եւ թե՛ Կ․ Թռչունյանը, թե՛ Արա Խզմալյանը, ով Գեղարվեստի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտնվել են հարվածի տակ, Կ․ Թռչունյանը՝ ավելի շատ, քանի որ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող փոխնախարարն է, որն օրերս ազատվեց այդ պաշտոնից եւ, ըստ լուրերի, հենց այս հանգամանքներով պայմանավորված։ Մութ ամպեր են կուտակվել նաեւ Արա Խզմալյանի գլխին, քանի որ ինչքան էլ խորհուրդը պարզաբանի, որ «նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր», ակնհայտ է, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, որի արդյունքները պաշտոնապես հաստատվել են խորհրդի կողմից, որի նախագահն էլ հենց ինքն է։